«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#228, 2008-12-09 | #229, 2008-12-10 | #230, 2008-12-11


ՊՐԱՀԱՅԻՑ ՄԱԴՐԻԴ

Ի՞նչ փաստաթուղթ է այսօր դրված բանակցությունների սեղանին

Որո՞նք են մադրիդյան 4 հիմնական սկզբունքները

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

Նոյեմբերի առաջին կեսին հերթական այցով Բաքու, Երեւան եւ Ստեփանակերտ ժամանեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահներ Մեթյու Բրայզան (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) եւ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա): Ադրբեջանում հոկտեմբերի 15-ին կայացած նախագահական ընտրություններից եւ Մոսկվայում նոյեմբերի 2-ին Դմիտրի Մեդվեդեւի եւ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի միջեւ ստորագրված հռչակագրից հետո սա միջնորդների առաջին այցն էր տարածաշրջան: Նրանք բանակցել են նախագահներ Իլհամ Ալիեւի, Բակո Սահակյանի եւ Սերժ Սարգսյանի հետ: Ինչպես եւ նախորդ այցերի ընթացքում, միջնորդները փորձել են մերձեցնել կողմերի միջեւ առկա տարաձայնությունները սկզբունքային մի քանի հարցերում:

Լեռնային Ղարաբաղում 1994-ի մայիսյան հրադադարից հետո միազգային միջնորդները խորհրդակցությունների եւ բանակցությունների ընթացքում հակամարտության կողմերին ներկայացրել են գրավոր մի քանի առաջարկներ, որոնք մերժվել են կողմերից մեկի կամ մյուսի կողմից: 2005 թվականից ի վեր ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները (Միացյալ Նահանգներ, Ռուսաստան եւ Ֆրանսիա) որդեգրել են աշխատանքի նոր եղանակ: Նրանք նախ փորձում են հայկական (Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ) եւ ադրբեջանական կողմերի միջեւ համաձայնեցնել կարգավորման սկզբունքային կետերը եւ նոր միայն դրանից հետո ներկայացնել համապարփակ համաձայնագրի նախագիծը:

Նախկինում միջնորդները աշխատում էին բազմաէջանոց փաստաթղթերի վրա, դրանք ներկայացնում Երեւանին, Ստեփանակերտին եւ Բաքվին, վերջիններս մի քանի օր կամ շաբաթ ուսումնասիրում էին առաջարկը եւ գրավոր իրենց տեսակետը արտահայտում եռանախագահողներին: 1997 թ. հուլիսին ներկայացված առաջարկը, որի մեթոդաբանությունը փաթեթային էր (այսինքնՙ միաժամանակ լուծում էին առաջարկում ե՛ւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, ե՛ւ հակամարտության հետեւանքների` տարածքներ, փախստականներ, կոմունիկացիա եւ այլն, վերացմանը), Ստեփանակերտի շուրթերով մերժեց հայկական կողմը:

Նույն տարվա դեկտեմբերին միջնորդները ներկայացրին նոր առաջարկ, որի մեթոդաբանությունը փուլային էր (երբ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը թողնվում էր բաց, անորոշ ապագային, իսկ պատերազմի հետեւանքները վերացվում էին): Այս առաջարկը, որը որպես բանակցությունների հիմք եւ լուրջ վերապահումներով ընդունելի էր համարում օրվա նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, առիթ եւ պատճառ դարձավ նրա հրաժարականի:

Մեկ տարի անց` 1998 թ. նոյեմբերին, Մինսկի խումբը ներկայացրեց «Ընդհանուր պետություն» առաջարկը, որը վերապահումներով ընդունեցին Երեւանն ու Ստեփանակերտը, իսկ Բաքուն մերժեց: Ադրբեջանը մերժեց նաեւ Փարիզ-քիվեսթյան առաջարկները 2001 թվականի գարնանը:

Անցնելով նախ սկզբունքների շուրջը հակամարտության կողմերի միջեւ համաձայնություն ապահովելու գործելաոճին` 2005 թ. օգոստոսին միջնորդները նախագահներ Ռոբերտ Քոչարյանին եւ Իլհամ Ալիեւին Կազանում ներկայացրին հակամարտության կարգավորման սկզբունքների վերաբերյալ մեկ էջանոց փաստաթուղթ: Մինչ այդ երկու երկրների արտգործնախարարները եւ եռանախագահները, միասին կամ առանձին, ունեցել էին մի շարք բանակցություններ, որոնք ստացել էին պրահյան գործընթաց անունը: Եթե նախկինում ներկայացվող առաջարկ-փաստաթղթերի վրա հիմնականում միջնորդներն էին աշխատում, ապա պրահյան գործընթացի շրջանակներում ավելի շատ եւ հիմնական աշխատանքը կատարում էին արտգործնախարարները:

Բանակցությունների այս մեթոդաբանությունը էֆեկտիվ եւ արդարացված է, քանի որ կողմերի համար այլեւս դժվար կլինի նախկինի նման հեշտությամբ մերժել փաստաթուղթը, քանի որ դրա վրա աշխատում են հենց իրենք` երկու արտգործնախարարները եւ երկու նախագահները: Այսինքն, Երեւանն ու Բաքուն (Ստեփանակերտը միայն տեղեկացվում է բանակցությունների ընթացքից) փորձում են համաձայնության գալ կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ, ապա այդ սկզբունքների հենքով կազմվում է հակամարտության կարգավորման համապարփակ առաջարկությունը կամ նախագիծը:

Բանակցությունները, ինչպես եւ նախկինում, խորհրդապահական են, սակայն 2005-ից ի վեր միջնորդների, հակամարտության կողմերի, միջազգային տարբեր կազմակերպությունների հայտարարությունները, մտահոգությունները, առարկությունները, երբեմն նաեւ տեղեկատվության դիտավորյալ արտահոսքը, հնարավորություն են տալիս ներկայացնելու այն սկզբունքները, որոնք այսօր բանակցությունների սեղանին են եւ կրում են մադրիդյան անունը: Այս անունը ունի զուտ աշխարհագրական նշանակություն. ուղիղ մեկ տարի առաջ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը եւ Բեռնար Քուշները եւ Միացյալ Նահանգների արտգործնախարարի տեղակալ Նիկոլաս Բըրնսը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին գրավոր ներկայացրին կարգավորման սկզբունքների երեք էջանոց փաստաթուղթ, որը այսօր էլ սեղանի վրա է:

2005 թ. Կազանի եւ 2007 թ. Մադրիդի փաստաթղթերի միջեւ հիմնական տարբերությունն այն է, որ անընդհատ նոր տարրեր եւ սկզբունքներ են ավելացել, փաստաթուղթը հարստացել էՙ մեկ էջանոց թուղթը դարձել է երեք էջանոց, սակայն չորս սկզբունքային, հիմնական եւ առանցքային կետերը պահպանվել են, թեեւ Մադրիդում միջնորդները ներկայացրել են իրենց տարբերակները այն սկզբունքային հարցերում, որոնք շարունակում են վիճելի մնալ Երեւանի եւ Բաքվի միջեւ:

Ներկայացնենք չորս հիմնական սկզբունքները

 Առաջին.Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշվում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումով` ռեֆերենդումով կամ պլեբեսցիտով: Հանրաքվեն կամ պլեբեսցիտը անց է կացվում (եթե ընդհանրապես անց է կացվում) նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի ժողովրդագրական այն պատկերով, որը առկա էր մինչեւ պատերազմի սկիզբը` 1991 թվականը: Կողմերի համար գրեթե ակնհայտ է, որ այդ հանրաքվեի կամ պլեբեսցիտի անցկացման հավանականությունը շատ փոքր է եւ, ըստ էության, դա ավելի շատ կողմերի համար երես փրկելու միջոց է: Բայց հայկական կողմի, առաջին հերթին Երեւանի համար կարեւոր է, որ Բաքուն ընդունի եւ ստորագրի (ինչը չի անում առ այսօր), որ ապագայում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կարող է որոշվել հանրաքվեով: Ահա հենց այս կետն է, որը շարունակվում է մնալ «կռվի» առարկա բանակցային սեղանին:

 Երկրորդ.Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ (մինչեւ անհավանական թվացող հանրաքվեի անցկացումը), որը ընդունում է Բաքուն: Միջանկյալ այդ կարգավիճակով ամրագրվում է այսօրվա ստատուս քվոն, բացառությամբ հինգ շրջանների` Կուբաթլու, Ջեբրայիլ, Զանգելան, Ֆիզուլի եւ Աղդամ:

 Երրորդ.ղարաբաղյան ուժերի վերահսկողության տակ գտնվող շրջանների վերադարձը կատարվում է 5+1+1 (Կուբաթլու, Ջեբրայիլ, Զանգելան, Ֆիզուլի եւ Աղդամ+ Քելբաջար+Լաչին) սկզբունքով: Հինգ շրջանների հարցը պարզ է, այսինքն` տարածքների վերադարձի հարցում գործում է փուլային մեթոդաբանությունը: Երկրորդ փուլում որոշվում է Քելբաջարի հարցը, որը կապվում է հանրաքվեի հետ: Ավելի պարզ` Քելբաջարը վերադարձվում է այն ժամանակ, երբ անց է կացվում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հանրաքվեն: Այս սկզբունքը եւս անընդունելի է Բաքվի համար, քանի որ Ադրբեջանում էլ կասկածում են, թե երբեւէ կանցկացվի հանրաքվե: Լաչինի շրջանի ապագան եւս ամենավիճահարույց հարցերից է: Հստակ է, որ ղարաբաղյան ուժերը Լաչինի շրջանի հյուսիսային եւ հարավային մասերից դուրս են բերվում, իսկ Լաչինի շրջանի կենտրոնական հատվածը մնում է Լեռնային Ղարաբաղի սահմաններում նույն կարգավիճակում, ինչպես Լեռնային Ղարաբաղը` իբրեւ Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը կապող ցամաքային միջանցք:

 Չորրորդ.այս սկզբունքը վերաբերում է անվտանգության երաշխիքներին:

Մադրիդյան կոչվող փաստաթուղթը ենթադրում է փուլային լուծման մեթոդաբանություն, քանի որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, ըստ էության, բաց է թողնվում: Սակայն ի տարբերություն 1997 թ. փուլային առաջարկության, այս փուլայինը կարող է լինել կանխատեսելի փուլային:

Թաթուլ Հակոբյանը Մ. Նահանգներում լույս տեսնող հայկական «Արմենիան ռիփորթեր» անգլիատառ շաբաթաթերթի լրագրողներից է: Վերջերս լույս է տեսել ղարաբաղյան խնդրի մասին պատմող նրա «Կանաչ ու սեւ. արցախյան օրագիր» հիմնարար աշխատությունը: Հոդվածը լույս է տեսել Նյու Յորքում լույս տեսնող անգլերեն The Armenian Reporter շաբաթաթերթի նոյեմբերի 22-ի համարում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4