«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#228, 2008-12-09 | #229, 2008-12-10 | #230, 2008-12-11


ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԾԵՐԵՐԸ ՉԵԽԱԿԱՆ ՀՈԳԱԾՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ

Ցուցահանդես եւ ներկայացում Պրահայում

Դեկտեմբերի 9-ին Պրահայի քաղաքային գրադարանի մասնաճյուղերից մեկում «Արխա» հասարակական բարեսիրական կազմակերպության նախաձեռնությամբ բացվեց Գյումրիի անապահով ծերունիներին նվիրված ցուցահանդես: Ճանապարհորդ-լուսանկարիչՅան Կոլինսկիններկայացրեց Հայաստան կատարած իր 8 այցերի տպավորությունները, տարբեր տարիներին արված լուսանկարներ եւ, ցավոք, եզրակացնելով, որ աղետի գոտու մարդկանց ապրելակերպի մեջ անցած 20 տարիներին գրեթե ոչինչ չի փոխվել: Դեռեւս հարյուրավոր ընտանիքներ ապրում են տնակներում: Իսկ «Արխա»-ի Գյումրիի անապահով ծերունիներին նվիրված ծրագրի ղեկավար Յան Վիշկովսկին ներկայացրեց 30 ծերունիների խնամքի համար կատարվող 4-ամյա աշխատանքները, չեխ կամավորների այցերը նրանց տներ: Նրանք օգնում են ուտելիք ու դեղորայք գնել, մաքրել տները կամ այլ անհրաժեշտ օգնություն ցույց տալ: «Տնային խնամք» ծրագիրը իրականացնում է նաեւ «Հայկական Կարիտասը», որի Գյումրիի ծրագրի ղեկավարՖլորա Սարգսյանընույնպես մասնակցում էր հանդիպմանը: Տիկին Ֆլորայի ասելով, «Տնային խնամք» ծրագիրն այսօր իրականացվում է Գյումրի, Վանաձոր եւ Գավառ քաղաքների 300 միայնակ ծերունիների շրջանում: Այս ծրագրերին օգնում են նաեւ գերմանական եւ ավստրիական Կարիտաս կազմակերպությունները, ինչպես նաեւ CORDAID-ը: Կազմակերպությունը իրականացնում է նաեւ «Տաք ձմեռ» ծրագիրը, որի շրջանակներում միայն անցած տարի վճարվել են Գյումրիի, Վանաձորի եւ Տաշիրի 500 միայնակ ծերերի եւ հաշմանդամ շահառուների գազի, էլեկտրաէներգիայի եւ փայտի ձմեռային ամիսների ծախսերը:

Իսկ չեխական ծրագրի ղեկավարՅան Վիշկովսկուասելով, չեխերեն-անգլերեն լեզուներով պատրաստված գունավոր պաստառներով ցուցահանդեսը կշրջի ողջ Չեխիայով եւ ամեն ամիս կցուցադրվի մի քաղաքում: Ընդ որում, ցուցահանդեսի նյութը վերաբերում է ոչ միայն միայնակ ծերերի ծրագրին, այլեւ ընդհանուր տեղեկություններ է տալիս Հայաստանի մասին, ներկայացնում պատմաճարտարապետական հայտնի հուշարձանները, եւ նույնիսկ տեղեկություն հաղորդում Հայոց ցեղասպանության մասին: Ծրագրի ղեկավարը հույս հայտնեց, որ ապագայում, բացի չեխ հովանավորներից, ծրագրին կմիանան նաեւ Չեխիայում ապրող եւ աշխատող հայ գործարարները:

Ավելացնենք նաեւ, որ դեկտեմբերի 10-ին Պրահայի «Վիոլլա» թատրոնում կրկին ներկայացվեց սենատոր, հրապարակախոս եւ գրող Յարոմիր Շտետինայի «Հրաշքների դարը» համանուն պատմվածքի բեմականացումը, որն առաջին անգամ ներկայացվել էր անցած տարի: Ներկայացումը նվիրված է երկրաշարժից հետո Գյումրիում ապրող ընտանիքի ողբերգական պատմությանը:

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4