«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#228, 2008-12-09 | #229, 2008-12-10 | #230, 2008-12-11


ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԵՐԸ ԹՈՒՐՔ ԵՐԳԻՉՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ

Թուրքական «Քարդեշ Թյուրքյուլեր» երգչախումբը Հայաստանում է: Ուրբաթ եւ շաբաթ օրերին նրանք պատրաստվում են ելույթներ ունենալ Երեւանում եւ Վանաձորում: Թարգմանաբար «Եղբայրական երգեր» անունը կրող խումբը երգեր է կատարում Թուրքիայում ապրող այլ ազգերի լեզուներով: Նրանք երգում են հայերեն եւ թուրքերեն, քրդերեն ու ադրբեջաներեն: Հայաստանյան համերգների ընթացքում թուրքական եւ քրդական երգարվեստի կողքին կհնչեն հայկական երգերՙ ժողովրդականից մինչեւ Սայաթ-Նովա:

«Մեր խմբում հայեր չկան: «Քարդեշ Թյուրքյուլեր»-ը ստեղծվել է Բոսֆորի համալսարանի ուսանողների ջանքերով դեռ 1992-1993 թվականներին: Այդ տարիներին մենք կատարում էինք հայկական եւ ադրբեջանական, թուրքական ու քրդական երգեր: Այդ տարիներին պատերազմում էին Հայաստանն ու Ադրբեջանը, իսկ թուրքերի եւ քրդերի միջեւ բախումներ էին տեղի ունենում: Մենք կարծում ենք, որ մշակույթի միջոցով կարելի է համագործակցության եզրեր գտնել», ասաց խմբի ներկայացուցիչՈւլքեր Ունջուսոյը:

Հետագայում խմբի երգացանկում ընդգրկվում են երգեր Կովկասում ապրող այլ ազգերի երգարվեստից: Ուլքեր Ունջուսոյը պատմեց, որ հայկական եւ քրդական երգեր կատարելու համար խմբի անդամներն ակնհայտ հետապնդումների չեն ենթարկվում, սակայն նրանց երգարվեստի մուտքը հեռուստատեսություն Թուրքիայում արգելված է: «Մեր երգերի տեսահոլովակները եթերում չեն հնչում: Եթե անգամ մեզ հեռուստատեսություն են հրավիրում, ապա պահանջում են կատարել միմիայն թուրքական երգեր: Միշտ հրաժարվում ենք, որովհետեւ մեր նպատակը ազգերի միջեւ բարեկամություն քարոզելն է», ասաց Ուլքեր Ունջուսոյը:

«Քարդեշ Թյուրքյուլեր» խմբի հետ Հայաստանում է նաեւ Ստամբուլի «Սայաթ-Նովա» հայկական երգչախումբը: «Սայաթ-Նովան» համագործակցում է թուրքական երգչախմբի հետ: Հայկական երգչախումբը ստեղծվել է 37 տարի առաջ Ստամբուլումՙ հայկական եկեղեցուն կից: «Շարականներից բացի մենք սկսեցինք նաեւ ժողովրդական երգեր կատարել: Մեզ քաջալերում էին, այդ իսկ պատճառով որոշեցինք երգել բացառապես ժողովրդական երգեր», ասաց «Սայաթ-Նովա» երգչախմբի վարիչ Գայուշ Չալքմյան-Գավրիլովը:

Հայաստանում համերգներով հանդես գալը երգչախմբերի նախաձեռնությունն էր: Նրանց աջակցել է Հայաստանի մշակույթի նախարարությունը:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4