«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#229, 2008-12-10 | #230, 2008-12-11 | #231, 2008-12-12


ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՐԶԱՊԵՍ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ Է ԼՈՒԾԵԼՈՒ ՀԱՐՑԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ»

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հակասական հայտարարությունները, Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահի կարծիքով, մեկ բացատրություն ունեն. «Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին հայտարարություններ անելը Ադրբեջանին հնարավորինս ամերիկյան կառքին կցելն է: Ղարաբաղը նվիրել Ադրբեջանին ԱՄՆ-ն չի պատրաստվում: Պարզ է, որ այդ դեպքում Ադրբեջանը կդառնա պարզապես անկառավարելի»: Միաժամանակ Խոսրով Հարությունյանը համոզված է, որ արցախյան խնդրի լուծումը նույնքան հեռու է իրականություն դառնալուց, որքան էր տասը տարի առաջ: «Վրաց-օսական հակամարտությունը ցույց տվեց, թե ողբերգական ինչ հետեւանքների կարող է հանգեցնել կոնֆլիկտի ռազմական լուծումը: Ղարաբաղյան խնդիրն այս առումով բացառիկ կարեւորություն է ստանում: Հարցի խաղաղ լուծումը տարածաշրջանում խոշոր պետություններիՙ սեփական ազդեցությունների ոլորտը ընդլայնելու առիթ է», ասաց Խոսրով Հարությունյանը:

Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահը նկատեց, որ իրենք մշտապես կողմ են եղել հայ-թուրքական հարաբերությունների կայունացմանը եւ սահմանների բացմանը: Նոր զարգացումներին կուսակցությունում լավատեսությամբ են հետեւում: «Թուրքիան չի էլ թաքցնում տարածաշրջանային տերություն դառնալու իր ցանկությունները: Հայ թուրքական հարաբերությունների կայունացումը Թուրքիայի նոր ձգտումների համատեքստում առանցքային նշանակություն ունի: Սահմանների փակ լինելն այլեւս դադարել է երկու պետությունների խնդիրը լինելուցՙ ձեռք բերելով տարածաշրջանային նշանակություն: Թուրքիային անհնար կլինի ընկալել որպես տարածաշրջանում խաղաղության ջատագովի, երբ ունի փակ սահմաններ: Թուրքիան պարզապես դատապարտված է լուծելու հարցերը Հայաստանի հետ: Մեր երկիրն այս պարագայում կարող է միայն նպաստել զարգացումների նման ընթացքին», նշեց Խոսրով Հարությունյանը:

Թուրքական մամուլին հետեւելիս Խոսրով Հարությունյանը նկատել է, որ նվազում են թուրք պաշտոնյաների այն հայտարարությունները, թե սահմանները փակ կմնան մինչեւ Ղարաբաղից դուրս չբերվեն հայկական զորքերը: «Սահմանի բացմամբ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն անմիջապես կկորցնեն իրենց իմաստը: Ակնհայտ է, որ տարածաշրջանի խաղաղ զարգացման մասին խոսելն անիմաստ է, եթե շարունակեն Հայաստանին մեկուսացնել», ասաց բանախոսը: Նրա փոխանցմամբ, այս պարագայում կարեւոր է, որ Հայաստանն արտաքին քաղաքականության ոլորտում լինի նախաձեռնող եւ ակտիվ:

Հայաստանի համար ճգնաժամային ժամանակահատվածում վարչապետի պաշտոնը զբաղեցրած Խոսրով Հարությունյանը համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքներին դիմակայելու համար կառավարությանը խորհուրդ է տալիս դիմել վճռական քայլերի: «Լեռնամետալուրգիայում արդեն իսկ ակնհայտ են ճգնաժամի հետեւանքները: Հայաստանի տնտեսության ՀՆԱ-ում լեռնամետալուրգիան կառուցվածքաստեղծ նշանակություն ունի: Կարծում եմ, անհրաժեշտ է զարգացնել տնտեսության այնպիսի ճյուղերը, որոնք գիտատար են, աշխատատար եւ տրանսպորտային մեծ ծախսեր չեն պահանջում: Ճգնաժամի հետեւանքները դեռ նկատելի կլինեն արտահանման ոլորտում եւ նկատելիորեն կազդեն բնակչության գնողունակության վրա, քանի որ հնարավոր է տրանսֆերների նվազում», նշեց բանախոսը:

Վերջերս մամուլում լուրեր էին տարածվել, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարի ընթացքում պատրաստվում են «բհկացնել» Խոսրով Հարությունյանին: Ի պատասխան այս լուրերի բանախոսը նշեց. «Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը բաց է համագործակցության համար, սակայն «բհկացնել» հնարավոր չէ»: Համագործակցության առաջարկ կուսակցությունը ԲՀԿ-ից չի ստացել:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4