2009-ին ՓՄՁ-ներին պետական աջակցությունը կկազմի 273 մլն դրամ
2009-ին փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը (ՓՄՁ) պետական աջակցությունը կկազմի 573 մլն դրամՙ 2008-ի 450 մլն դրամի փոխարեն: Կառավարության ընդունած ՓՄՁ աջակցության պետական ծրագրի մասին երեկ մանրամասներ հաղորդեց էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը: Ըստ փոխնախարարի, վարչապետը եւս այս ծրագիրը կարեւորում է, քանի որ 2009-ի հնարավոր մարտահրավերների դիմագրավելուն ուղղված հերթական խոշոր քայլերից մեկն է:
Նախատեսվում է ընդլայնել ՓՄՁ աջակցության կենտրոնների ցանցը մարզերում: Մասնավորապեսՙ Արագածոտնի մարզի Թալին քաղաքում կբացվի նոր կենտրոն, որի համար հատկացվել է 68 մլն դրամ, իսկ այս տարի Վանաձորում եւ Կապանում նման կենտրոնների բացման համար հատկացվել է 55 մլն դրամ:
Վարկերի սուբսիդավորումը կշարունակվի, քանի որ, ինչպես նշեց Արա Պետրոսյանը, հաճախ ձեռնարկությունները տարբեր ծրագրերով վարկեր ստանալու դիմում են ներկայացնում, սակայն տոկոսադրույքների չափը զսպող գործոն է: Պետությունը կաջակցիՙ վճարելով տոկոսադրույքի որոշ մասը:
Սկսնակ գործարարներին ձեռներեցության աջակցության համար եկող տարի կհատկացվի շուրջ 70 մլն դրամՙ այս տարվա 60 մլն-ի դիմաց: Արա Պետրոսյանի հավաստմամբ, պետության աջակցությունն այս մասով շատ կարեւոր է, քանի որ ծրագրերի 97 տոկոսն իրականացվում է հանրապետության մարզերում, հատկապես` հեռավոր, բարձրլեռնային եւ սահմանամերձ բնակավայրերում: Ուշադրության կենտրոնում կլինեն նաեւ սուբյեկտներում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման հարցերը: Այս բաղադրիչի համար նախատեսված է 5 մլն դրամ:
ՓՄՁ զարգացման աջակցության կենտրոնը 80 տոկոսով ֆինանսավորելու է ՓՄՁ-ների հաշվապահական հաշվառման ծառայությունները, քանի որ շատ ժամանակ սկսնակ ձեռներեցները դժվարանում են անձնական հաշվապահ պահել: Ծրագրով աջակցություն է նախատեսվում նաեւ փոքր ձեռնարկությունների արտադրանքը շուկայում առաջ մղելու հարցում, օգնելով նրանց մասնակցելու խոշոր միջազգային ցուցահանդեսներին: Էկոնոմիկայի փոխնախարարը հույս հայտնեց, որ պետական ֆինանսավորման այս ծրագրերին կմիանան եւ ներդրումներ կկատարեն նաեւ միջազգային ֆինանսական կազմակերպությունները:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ