Հոգեբան Հրաչյա Ամիրյանը կազմել ու հրատարակել է առակների 6 ժողովածու: Յուրաքանչյուր ժողովածուն կազմված է մի սկզբունքովՙ ընդդեմ արժեքների ստեղծված վակուումիՙ որպես անձի ինքնակերտմանը նպաստող նյութ: Ներկայացնում ենք զրույցը հրատարակված ժողովածուները կազմողի հետ:
- Ի՞նչը առակների ժողովածու կազմել-հրատարակելու հիմք հանդիսացավ:
- Ինչ-որ մեկն ասել է, որ կա երկու տեսակի կրթություն. մեկը սովորեցնում է ինչպես վաստակել, մյուսըՙ ինչպես ապրել: Մեր կրթական հաստատություններում ուսուցանվում են ամենատարբեր առարկաներ, բայց չեն տրվում անչափ կարեւոր գիտելիքներ ու կարողություններՙ սեփական «ես»-ի, հասարակության մասին: Մասնագետները համոզված են, որ կրթությունը պետք է ներառի 4 հավասարազոր բլոկՙ բնություն, ձեռակերտ աշխարհ, անհատըՙ ինքը եւ հասարակություն: Վերջին երկու բլոկները աշխարհի կրթական համակարգերում գրեթե բացակայում են: Մինչդեռ աշխարհայացքային նշանակության բազմաթիվ հարցեր կան, որոնք որոշակի տարիքից սկսած ծառանում են մարդու առջեւ:
Այսօրվա իրականությունում մի տեսակ արժեքային վակուում կա: Հիրավի բարձրաճաշակ, դաստիարակչական մեծ ներուժ ունեցող արվեստի գործերը, մշակութային արժեքները չեն պրոպագանդվում: Վտանգավոր է, անգամՙ կործանարար, երբ հասարակությանը չեն քարոզվում, մատուցվում բարձր մարդասիրական արժեքներ, որոնք կարող են ուղենիշ լինել աշխարհայացքի ձեւավորման հարցում:
Եվ ահա հոգեբանափիլիսոփայական առակների շարքը մտահղացված ու կազմված է որպես լրացուցիչ օգնությունՙ ինքնակերտման ճանապարհին սեփական աշխարհայցքը մշակելու գործում:
- Սակայն ընթերցանության անկման մեր ժամանակաշրջանում արդյո՞ք ժողովածուները գտնում են իրենց ընթերցողին:
- Հասարակությունը միատարր չէ: Այս նյութը հուզում է նրանց, ովքեր քիչ թե շատ փորձում են մտորել իրենց կյանքի ներկա իրողությունների շուրջ: Առաջին հատորյակի լույս ընծայումից հետո այնքան շատ արձագանքներ ստացաՙ բազմաքանակ եւ ոգեւորիչ, որ որոշեցի շարունակել: Արդյունքում 6 հատորյակ հրատարակվեցՙ առաջինըՙ 2001-ին, 2008-ինՙ 6-րդը: Ծրագրում եմ բոլոր 6-ը հրատարակել մեկ ամբողջական հատորի տեսքով, որի մեջ, բացի 6 հատորների բովանդակությունից, կզետեղվեն նաեւ նոր առակներ: Տպաքանակը 500-1000 օրինակ է: Մեծ չէ, բայց եւ կրկնակի տպագրման անհրաժեշտություն կա: Ընթերցողների արձագանքների, իմ դիտարկումների համաձայն, կարող եմ պնդել, որ մոտ 2000 օրինակ կունենար իր ընթերցողը: Ի դեպ, ե՛ւ հրատարակումը, ե՛ւ վերահրատարակումը իրականացնում եմ սեփական միջոցներով:
- Ներկայացված առակները ժամանակագրական կամ ծագումային բաժանմա՞ն են ենթարկված նաեւ:
- Բոլոր 6 հատորներում ներկայացված են տարբեր դարաշրջաններում, տարբեր երկրներում ստեղծված առակներ, ուսուցողական պատմություններ: Բոլորն էլ առաջին անգամ են հայերեն լույս տեսնում: Մասնավորապես տեղ են գտել սուֆիստական, բուդդիստական, ժամանակակից հեղինակների առակները: Բոլորը թարգմանություններ են, կան սակավաթիվ հեղինակային գործեր: Դրանք մեխանիկական ինչ-որ ժողովածուներ չեն, այլ կենսահաստատ փիլիսոփայությամբ կառուցված առակներ են ներառում: Ժողովածուները ոչ մի կրոնական կամ հակակրոնական ուղղվածություն չունեն: Ընդամենը այն մի գործիք է սեփական «ես»-ը կերտելու համար:
- Ինչո՞ւ հենց առակներ:
- Ճշմարիտ կենսափիլիսոփայությունը, վեհ, մարդասիրական, առողջ կենսափիլիսոփայությունը պարտադրվել չի կարող դրսից, այն պետք է ապրել: Առակներն ընդամենը հուշում են եւ տեղ թողնում մտորումների համար: Առակներն ընթերցողին ինչ-որ ցնցող կարեւորության բացահայտումների հիմք են տալիսՙ նրան դարձնելով համահեղինակ: Եվ եթե մարդն ինքն է բացահայտում ինչ-որ ճշմարտություն, դա վերածվում է ոգու ուժի:
Գաղտնիք չէ, որ հոգսաշատ ժամանակներում ենք ապրում, եւ այսօր ավելի շատ պահանջարկ կունենան պրակտիկ նշանակության գրքերը: Իսկ առակների մտահայեցողական, փիլիսոփայական մոտեցումը հենց պրակտիկ է: Շատ է օգնում առօրյա կյանքում կիրառելու առումով: Առակներն օգնում են գիտակցել այն, ինչ գիտենք, բայց չենք կիրառում, քանի որ գիտենք ենթագիտակցորեն: Ի դեպ, հենց ընթերցողների արձագանքներն են վկայում, որ շատ բաներ իրենց համար ուղղակի բացահայտումներ են:
- Ո՞ր դեպքում առակը կարող է անարձագանք, անօգուտ դառնալ:
- Առակը միշտ տալիս է ճիշտ այնքան, որքան մարդը պատրաստ է վերցնելու: Եթե նրա ներսում աղբյուր կա, ապա առակը կներթափանցի, կհասնի աղբյուրին ու շատ բան կտա: Եթե ներսում աղբյուր չկա, առակը պարզապես կկորչի: Առակները զարմանալի կառուցվածք ունենՙ տարբերվում են իրենց ասելիքի եւ ընկալման բարդության աստիճանով: Բազմասելիք, բազմաշերտ ասելիքով առակներ կան, որոնք վերընթերցում են պահանջում: Արժեքներ եւ աշխարհայացք ձեւավորելը շատ նուրբ գործ է, եւ շատ մեծ վտանգ կա, որ դրսից թելադրվող- քարոզվող արժեքները կարող են հանգեցնել ստանդարտացման, համահարթեցման: Օրինակՙ խորհրդային ժամանակաշրջանում: Առակները կենսահաստատ աշխարհայացքի ձեւավորմանն են նպաստում, քանի որ պարտադրական ոչինչ չունեն:
Ամուր եւ ազնվաբարո արժեհամակարգը առողջ եւ հաջողակ հասարակության առանցքն է, որը մեզանում այսօր, մեղմ ասած, երերուն է:
Զրուցեցՙ ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ