Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում ձմռան առաջին օրերին հավաքվել էին աշխարհի 28 երկրների 80 երիտասարդներ: Նրանց նպատակը մեկն էր` գտնել երկրագնի տարբեր անկյուններում ապրող եւ տաբեր մշակույթներ կրող երիտասարդների համագործակցության հնարավորությունները եւ ուղիները:
«Միջմշակութային երկխոսությունն ու դրա կրոնական դրսեւորումները» ֆորումը կազմակերպվել էր Եվրոխորհրդի աջակցությամբ: Անցկացման վայր Կազանն էլ պատահաբար չէր ընտրվել: Այս քաղաքում արդեն հարյուրամյակներ շարունակ կողք կողքի ապրում եւ ստեղծագործում են տարբեր կրոնների եւ ազգերի ներկայացուցիչներ: Ֆորումի մասնակիցներն էլ տարբեր կրոնների եւ մշակույթների ներկայացուցիչներ էին:
«2009 թվականը Ռուսաստանում նախագահի հրամանագրով հռչակված է երիտասարդության տարի: Թաթարստանի Հանրապետությունում եւ մասնավորապես այդ հանրապետության մայրաքաղաք Կազանում ապրում են 115 ազգությունների երիտասարդներ: Կազանը ուսանողական քաղաք է` 280 հազար ուսանողներով: Համոզված եմ, որ երկխոսության եւ անգամ բարեկամության կարելի է հասնել տարբեր կրոնների ներկայացուցիչների միջեւ: Այդ քայլը հարկավոր է սկսել երիտասարդներից», վստահեցրեց Թաթարստանի երիտասարդության հարցերի նախարար Մարատ Բարիեւը:
Զեյնան մուսուլման է, ապրում է Բելգիայում, ընդգրկված է երիտասարդական աշխատանքներում: Իր քրիստոնյա, հրեա ընկերների հետ գիրք է պատրաստել, ուր պատմում են կրոնական անհանդուրժողականությունը վերացնելու երիտասարդական մոտեցումների մասին: «Համոզված եմ, որ ներկա դարում անհանդուրժողականությունը եւ խտրականությունը չպետք է տեղ գտնեն: Մենք ընկերներով ակտիվ ենք եւ կարծում ենք, որ սեփական նախաձեռնությունների միջոցով կարելի է արդյունքների հասնել», ասաց Զեյնան:
Ֆորումի մասնակիցներն աշխատել են 5 տարբեր խմբերում` քննարկելով կրթության, խոսքի ազատության, նախապաշարմունքների, խտրականության եւ միգրացիայի խնդիրները եւ դրանց լուծման հնարավոր ուղիները երիտասարդների դիտակետով: «Կազանում մզկիթները, եկեղեցիներն ու սինագոգը կողք կողքի կառուցված են ոչ որպես ճարտարապետական նմուշներ: Նրանք գործում են, աշխատում եւ ստեղծագործում: Կրոնը կարող է մարդուն ոգեշնչել գեղեցիկն արարելու համար, սխալ մեկնաբանման դեպքում կարող է նաեւ հակառակը պատահել: Եվրոխորհրդի աջակցությամբ կազմակերպվող երիտասարդական ծրագրերի նպատակը մեկն է` համախմբել եւ համագործակցության հնարավորություն տալ երիտասարդների աշխարհի տարբեր անկյուններից», ասաց Եվրոխորհրդի երիտասարդության եւ սպորտի հարցերի ղեկավար Ռալֆ Ռենե Վայնգերտները:
5 տարբեր խմբերում աշխատող երիտասարդները ֆորումի երեք օրերի ընթացքում հասցրեցին հանդես գալ բազմաթիվ առաջարկներով: «Երկխոսությունը սկսվում է այն ժամանակ, երբ միասին ենք աշխատում: Հարկավոր է միասին ծրագրեր մշակել եւ զբաղվել դրանց իրագործմամբ», ասաց Ալինան, որը ներկայացնում էր Ռուսաստանը:
«Եվրոպան մշակութային եւ կրոնական բազմազանության վառ օրինակ է: Տարբեր մշակույթների կրողները դարեր շարունակ ապրում են կողք կողքի, սակայն կոնֆլիկտներ միշտ էլ պատահում են: Ռուսաստանում 3700 երիտասարդների շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքները ցույց տվեցին, որ 63 տոկոսը կոնֆլիկտներ են ունեցել կրոնական հողի վրա, 64 տոկոսը կողմ է արտահայտվել դրա դեմ պայքարին, իսկ 50 տոկոսը դրական է արտահայտվել դպրոցներում կրոնների պատմության առարկայի ներդրմանը: Միջմշակութային երկխոսության հարցը շարունակում է արդիական մնալ», ասաց ՌԴ տարածքային զարգացման նախարարության ազգամիջյան դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդր Ժուրավսկին: Ռալֆ Ռենե Վայնգերտները նշեց, որ Եվրոմիության 27 երկրների 27000 երիտասարդների խնդրել են տալ միջմշակութային երկխոսության իրենց բնորոշումը: Նրանցից 50 տոկոսը դժվարացել է որեւէ բնորոշում տալ: 50 տոկոսը միջմշակութային երկխոսությունը նույնացրել է հանդուրժողականության եւ համագործակցության հետ:
Ֆորումի մասնակիցներից յուրաքանչյուրն ուներ միջմշակութային երկխոսության իր բնորոշումը: Դեւիսը, որ Կազան էր եկել Չեխիայից, նշեց. «Բաց սահմանները, հավասար հնարավորությունները եւ խտրականության դրսեւորումների բացառումը հնարավորություն կտան խորացնելու երիտասարդների համագործակցությունն անկախ նրանից, թե երկրագնդի որ հատվածում ես գտնվում կամ ինչ կրոն ես դավանում»:
Միջմշակութային երկխոսության զարգացման նպատակով երիտասարդներն իրենց առաջարկություններն ամփոփեցին մեկ փաստաթղթում, որն էլ ընդունեց Եվրոխորհուրդը: «Գործողությունների կազանական պլան-2020» փաստաթղթում տեղ են գտել առաջարկություններ ու ծրագրեր, որոնք իրականացնելու են երիտասարդները երիտասարդների համար:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ, ԿԱԶԱՆ-ԵՐԵՎԱՆ