«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#230, 2008-12-11 | #231, 2008-12-12 | #232, 2008-12-13


ԵՐԿԲԵՎԵՌ ԱՇԽԱՐՀԻՑ ՀԵՏՈ ԲԱԽՎՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵ՞ՐԸ

1993 թվականին ամերիկացի քաղաքագետ Սամյուել Հանթինգտոնը տեղի հանդեսներից մեկում հրապարակեց մի հոդված «Քաղաքակրթությունների բախո՞ւմ» վերնագրով: Հեղինակի վկայությամբ, այն հսկայական արձագանքներ առաջացրեց ոչ միայն Ամերիկայում, այլեւ բոլոր մայր ցամաքներում:

Թերեւս այլ կերպ չէր էլ կարող լինել: Ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում ու առաջին հերթին Արեւմուտքում մոդայիկ է տխրահռչակ քաղաքական «նրբանկատության» դրսեւորումը, երբ նույնիսկ բացահայտ քաղաքաբարոյական շատ անհարիրությունների մասին («Փարիզի աստվածամոր մզկիթը») գերադասվում է լռել կամ խուսանավել: Իսկ այստեղ աներկբա հայտարարվում է, որ ծնունդ առնող գլոբալ քաղաքականության կենտրոնական ու առավել վտանգավոր արտահայտությունը կդառնա տարբեր քաղաքակրթությունների բախումը:

Հաշվի առնելով մեկնաբանությունների հզոր ալիքը եւ աժիոտաժը, Հանթինգտոնը խնդիր դրեց լայն հետազոտությունների միջոցով ավելի լիակատար, ավելի խոր ու փաստացի առումով ավելի հավաստիորեն տալ հիշյալ հարցադրման պատասխանը: Եվ լույս տեսավ մեր ժամանակների ամենահանրահայտ աշխարհաքաղաքական տրակտատներից մեկըՙ «Քաղաքակրթությունների բախումը», այս անգամ արդեն առանց հարցականի: Աշխատությունն իրոք ապշեցնում է փաստերի, իրադարձությունների, վարկածների շռայլությամբ ու դրանց խորազնին վերլուծությամբ: Վերջերս գիրքը լույս տեսավ նաեւ ռուսերեն:

Հանթինգտոնը մոլորակում տարբերակում է ինը քաղաքակրթությունՙ արեւմտյան, լատինամերիկյան, աֆրիկյան, իսլամական, չինական, հնդուիստական, ուղղափառ, բուդդայական, ճապոնական: Նա բերում է «քաղաքակրթություն» հասկացության տարբեր բնորոշումներ, սակայն ինքը դրա հիմքում առանձնացնում է երկու գործոնՙ մշակույթ եւ կրոն: Քաղաքակրթությունը, հավաստում է Հանթինգտոնը, մարդկության բարձրագույն մշակութային հանրությունն է եւ մշակութային ինքնության ամենալայն մակարդակը, որ մարդուն տարբերում է մյուս կենսաբանական տեսակներից: Այնուհետեւՙ կրոնը քաղաքակրթությունների կենտրոնական, որոշիչ բնութագիրն է: Ամեն մի քաղաքակրթություն իրեն տեսնում է որպես աշխարհի կենտրոն եւ գրում է իր պատմությունը որպես մարդկության պատմության կենտրոնական սյուժե: Եվ եթե նոր աշխարհում լոկալ քաղաքականությունը էթնիկական (կամ ռասայական) պատկանելություն ունի, ապա գլոբալ քաղաքականությունը առնչված է քաղաքակրթություններին. գերտերությունների հակամարտությանը փոխարինել է քաղաքակրթությունների բախումը:

Առհասարակ սառը պատերազմի ավարտը, հաճախ է հիշատակում Հանթինգտոնը, ներդաշնակության պատրանք ստեղծեց, սակայն շուտով պարզ դարձավ, որ չնայած աշխարհը փոխվեց, բայց ավելի խաղաղ չդարձավ: Բեռլինի պատի անկումից հետո, արձանագրում է նա, «ցեղասպանություն» բառը շատ ավելի հաճախ հնչեց, քան սառը պատերազմի հինգ տարվա ընթացքում: Սովորական դարձան բազմաթիվ էթնիկական կոնֆլիկտները, էթնիկական «զտումները», նեոֆաշիստական ու նեոկոմունիստական շարժումների վերածնումը, կրոնական ֆունդամենտալիզմի վերելքը եւ այլն, եւ այլն: Երկբեւեռ աշխարհից հետո պետություններն իրենց շահերն ավելի ու ավելի շատ որոշում են հաշվի առնելով քաղաքակրթական առանձնահատկությունները. նրանք համագործակցում եւ դաշինք են կնքում այն պետությունների հետ, որոնք ունեն ընդհանուր կամ նման մշակույթ, եւ ավելի շատ հակամարտում են այլ մշակույթ ունեցող երկրների հետ: 1993 թվականից հետո բռնկված 48 կոնֆլիկտների գրեթե կեսը, նշվում է գրքում, բռնկվել են տարբեր քաղաքակրթություններ ունեցող ուժերի միջեւ:

Հանթինգտոնը տալիս է հիմնական քաղաքակրթությունների հանգամանալի բնութագրերը, նրանց պատմությունը, յուրահատկությունները, ներկայիս զարգացման կողմնորոշիչները, հավանական բախումների հիմքերը, սցենարները: Նա հանգում է այն եզրակացության, որ ներկայումս նկատվող զարգացման-հզորացման առավել զգալի տեմպերը բաժին են ընկնում ասիական քաղաքակրթություններին, եւ Չինաստանն աստիճանաբար ուրվագծվում է որպես մի հասարակություն, որն ամենայն հավանականությամբ մարտահրավեր կնետի Արեւմուտքինՙ գլոբալ տիրապետության համար մղվող պայքարում: Հանթինգտոնը չի բացառում, որ Արեւմուտքի (ընդհանուր թշնամու) նկատմամբ ունեցած ալերգիայի հիման վրա նրա դեմ կարող են միավորվել ասիական ու մուսուլմանական քաղաքակրթությունները:

Կարծում եմ, նկատի ունենալով Հայաստանի աշխարհագրական դիրքը, մեր պատմության անցյալն ու ներկան, հայերիս համար, թերեւս, առավել հրատապ լինեն քրիստոնեական եւ մուսուլմանական քաղաքակրթությունների եւ դրանց առնչությունների վերաբերյալ մտորումները: Իսլամական աշխարհը չի կարող չնկատել, որ մարդկային կենսագործունեության կարեւորագույն ոլորտներումՙ էկոնոմիկա, տեխնիկա, տեխնոլոգիա, գիտություն, ռազմական գործ, արվեստ, սպորտ եւ այլն, ինքը զիջում է Արեւմուտքինՙ քրիստոնեական մշակույթին: Եվ եթե Արեւմուտքը իր նվաճումները գերազանցապես կապում է դեմոկրատիայի հետ, ապա մուսուլմանական երկրների մեծ մասում դեմոկրատիա հաստատելու փորձերի ձախողումը էապես թաքնված է իսլամական մշակույթի մեջ: Անշուշտ, իսլամական երկրները նախանձով էին նայում արեւմտյան հասարակությունների տնտեսական բարգավաճմանը, տեխնոլոգիական կատարելագործմանը, ռազմական հզորությանը եւ գաղութատիրության անկումից հետո որոշ ժամանակահատված փորձում էին նմանակել արեւմտյան արժեքներն ու ինստիտուտները: Սակայն քեմալիստական այդ միտումները սկսում են հօդս ցնդել նույնիսկ այնպիսի աշխարհիկ պետություններում, ինչպիսիք են Թուրքիան եւ Թունիսը: Իսլամական մարտահրավերն արտահայտվում է ողջ մուսուլմանական աշխարհում զարգացող համապարփակ մշակութային, սոցիալական եւ քաղաքական իսլամական վերածնունդով, եւ այդ գործընթացն ուղեկցվում է արեւմտյան քաղաքակրթության մերժումով: Ընդսմին, եթե ասիական ինքնահաստատումը հենվում է տնտեսական աճի վրա, ապա մուսուլմանների ինքնավստահության հիմքը սոցիալական համախմբումն է եւ բնակչության աճը:

Իսլամական վերածնունդը, գրում է Հանթինգտոնը, մուսուլմաններին նոր լիցք հաղորդեց իրենց յուրօրինակ բնավորության եւ սեփական քաղաքակրթության արժեքների հաստատման մեջ, այն բանում, որ իրենց բարոյական արժեքները գերազանցում են արեւմտյանին: Ավելին, նրանք քրիստոնեության մեջ սպառնալիք են տեսնում իրենց հասարակության եւ հավատքի համար, արեւմտյան մշակույթը դիտում են որպես մատերիալիստական, սպառողական, արատավոր, անկումային եւ անբարոյական: Հետեւաբար, պետք է հարկադրվել մուսուլմանների կյանքի վրա նրա ունեցած վնասակար ազդեցությանը: Քրիստոնեական կրոնը նրանք ոչ միայն համարում են «գրքային», այլեւ ըստ էության կրոն էլ չեն համարում: Արեւմտյան սեկուլյարիզմըՙ աշխարհականացումը, անհավատությունը, այլ խոսքով ասածՙ բարոյազրկությունը ընկալվում է որպես մեծագույն չարիք:

Մյուս կողմից, մուսուլմանական հակաարեւմտյան տրամադրությունների ուժեղացումը միաժամանակ հարուցում է Արեւմուտքի մտահոգությունը իսլամական սպառնալիքի, մուսուլմանական ծայրահեղականության կապակցությամբ: Իսլամը դիտվում է որպես միջուկային զենքի, ահաբեկչության տարածման, Եվրոպայում անցանկալի ներգաղթի աղբյուր, որպես ընդհանուր առմամբ գլոբալ հակառակորդ:

Այսինքն, Հանթինգտոնի հետեւությամբ, Արեւմուտքի հիմնական մտահոգությունը բնավ էլ իսլամական ֆունդամենտալիզմը չէ, այլ բուն իսլամըՙ մի այլ քաղաքակրթություն, որին պատկանող ժողովուրդները համոզված են իրենց մշակութային գերազանցության մեջ եւ որոնց, դրա հետ մեկտեղ, բզկտում է իրենց հզորության անկատարության միտքը: Իսլամի համար խնդիրը ամերիկյան ԿՀՎ-ն չէ եւ ոչ էլ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը, ընդգծում է Հանթինգտոնը, այլ Արեւմուտքըՙ մի այլ քաղաքակրթություն, որի ժողովուրդները համոզված են իրենց մշակույթի համաշխարհային, ունիվերսալ բնույթի մեջ, եւ որոնք հավատում են, որ ուրիշներին գերազանցող (թեկուզեւ նահանջ ապրող) իրենց հզորությունը պարտավորեցնում է իրենց մշակույթը տարածել աշխարհով մեկ: Ահա այն վառելիքի գլխավոր բաղադրիչները, հայտարարում է ամերիկացի քաղաքագետը, որը բորբոքում է իսլամի եւ Արեւմուտքի կոնֆլիկտի կրակը:

Ի դեպ, իր գրքում Հանթինգտոնը հաճախ է հիշատակում Հայաստանն ու նրան առնչված որոշ իրադարձություններ: Մասնավորապես հայ-ադրբեջանական իրարամերժ հարաբերությունները եւս նա դիտում է քրիստոնեա-մուսուլմանական անհարիրությունների համատեքստում:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4