«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#230, 2008-12-11 | #231, 2008-12-12 | #232, 2008-12-13


ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՎԵՐԱՀՍԿԵԼՈՒ Է «7-Ի ԳՈՐԾԸ»

Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի երեկվա ասուլիսն այլ բառով, քան նախազգուշական, չես անվանի: Նա փաստորեն զերծ մնալով որեւէ լուրջ գնահատականից` մարտի 1-ի գործերով մեղադրական եւ պաշտպանական կողմերին զգուշացնում էր, թե այսուհետեւ ավելի լուրջ է զբաղվելու այս գործերի ընթացքին հետեւելով. «Մեր նախնական մոնիտորինգը ցույց տվեց, որ մեղադրական կողմի ապացուցողական փաստարկները համոզիչ չեն, դատարաններն էլ որպես կանոն պաշտպանում են մեղադրական կողմին». այնուամենայնիվ` սա գնահատական է, եւ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի գնահատականն է մարտի 1-ի դատական գործընթացներին եւ «7-ի գործով» նախաքննությանը: ՄԻ պաշտպանը նախՙ ներկայացրեց իր դիրքորոշումն այս պահին եւ հետագա դատական գործընթացների հետ կապված: Ըստ դրանց` մեղադրական կողմի ապացուցողական բազան համոզիչ չէ, դատարանները միշտ պաշտպանում են մեղադրական կողմի մոտեցումները, մինչդեռ ՄԻՊ-ի ներքին համոզմունքը համընկնում է պաշտպանության մոտեցումներին, քանի որ բնական է, որ դատախազության եւ հատուկ քննչական ծառայության գործունեությունը պետք է հավասարակշռի ՄԻՊ-ը:

Արդեն դատարան ուղարկված «7-ի գործը», ըստ նրա, կարող է փորձաքար դառնալ երկրի հետագա զարգացման համար, բայց Ա. Հարությունյանն ի պաշտոնե չի կարող սուբյեկտիվ լինել եւ հանդես չգալ պրոֆեսիոնալիզմի դիրքերից, այդ պատճառով նա որոշել է կանխավ գնահատականներ չտալ դատարանի գործունեությանը` չխախտելով դատարանի անկախությունը, քանի որ դատական գործընթացին զուգահեռ կարծիքները կարող են դիտարկվել որպես ոտնձգություն դատարանի անկախության դեմ եւ այլընտրանքային գործընթաց իրականացնելու փորձ: Բայց եւ ՄԻՊ-ը կամ նրա ներկայացուցիչները մշտապես ներկա են լինելու «7-ի գործով» դատավարությանը, այլ խոսքով` մոնիտորինգի տակ են պահելու դատավարությունը, պաշտպանական եւ մեղադրական կողմերի փաստարկների բախման եւ դատավորի կեցվածքի հիման վրա հանդես են գալու հայտարարությամբ, ինչն, ի դեպ, կոչով հրավիրեց անել նաեւ մամուլին եւ իրավապաշտպան կառույցներին, քանի որ վերջիններս պրոֆեսիոնալ գործունեությամբ, այլ ոչ թե շոուներով, լուրջ արդյունք կարող են ունենալ մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից:

Լրագրողների հարցերը, սակայն, հրավիրում էին ՄԻՊ-ին գնահատականներ հնչեցնել այս կամ այն դրվագով կամ թեկուզ այն պահով, որ 42 հատորանոց գործին դատական կողմը 9-10 օրում է ծանոթանում, կամ` որ խախտվում է ամբաստանյալների` գործին լիարժեք ծանոթանալու իրավունքը: ՄԻՊ-ն իր առաջին կիսագնահատականից հետո հետեւողականորեն խուսափեց գնահատականներից. «Մեղադրող կողմի մեղադրանքներից լուրջ համոզիչ ապացույցներ դեռ չեմ տեսել, նաեւ մեր հարցերին լուրջ պատասխան չեմ տեսել, բայց կարող է նաեւ սխալվում եմ, ողջ պրոցեսը ուսումնասիրեմ` հետո հիմնավորված ասեմ»:

Իսկ որ Համմարբերգն ասել էր, թե «7-ի գործը» դատարան ուղարկելու չէ` կրկին հղում արեց դատական պրոցեսին. «Ես ընդամենը փաստաբանների հետ եմ հանդիպել, նրանք իրենց փաստարկներն ունեն, մեղադրական կողմը` իրենց փաստարկները, այդ իսկ պատճառով էլ միայն փաստարկների բախման մեջ է հնարավոր օբյեկտիվ լինել»: Իսկ մեր երկրում ժողովրդավարության կառուցման խնդիրը միայն Համմարբերգի խնդիրը չէ. «Դա մեր եւ ձեր խնդիրն է, պետք չէ այդքան ոգեւորվել, որ նա եկավ, կքննադատի կամ չի քննադատի, նրա քննադատելով եթե ինչ-որ բան էլ ուղղվի, դրանով մենք ժողովրդավարական չենք դառնա, պետք է ինքներս այդ գիտակցության գանք»:

Նա նկատեց, որ մինչեւ այժմ եղած դատական գործընթացներում իրենք ավելի շատ զբաղված էին նրանով, թե ո՞ր լրագրողին դուրս հանեցին, ո՞վ էր մեղավոր, ժամանակ չունեցան ավելի լուրջ զբաղվելու մեղադրական փաստարկներով:

Ի դեպ, իր խոսքում ՄԻՊ-ն ասել էր, թե ողջունում է ինչպես ներման, այնպես էլ համաներման ինստիտուտները` տվյալ դեպքում նախապատվությունը տալով համաներմանը. «Եթե մարդը զղջում է եւ ներման դիմում գրում, այդ ներումը ցանկալի է, որ շնորհվի, բայց եթե դա ինչ-որ պարտադրողական միջոցով է, չի կարող նպաստել հասարակության կոնսոլիդացիային», ասաց Ա. Հարությունյանը:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ.Գ.- Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձավ նաեւ Երեւանի քաղաքապետի ընտրության նոր կարգին, որի վերաբերյալ օրինագիծը երկրորդ ընթերցման ճանապարհին է: Ընդհանուր առմամբ ողջունելով այդ փոփոխությունը, քանի որ նոր օրենքով Երեւանը ինքնակառավարման օղակ է դառնում, իսկ կուսակցական եղանակով ընտրությունն էլ թույլ է տալիս ընտրողին նախապես իմանալ` ո՞վ է դառնալու քաղաքապետը, միաժամանակ այդ ընտրություններին մասնակցած կուսակցությունների տոկոսի գումարումը 40 տոկոս հավաքած կուսակցության ձայներին (բոնուսային են ասում), այդ պահով ասաց, որ տեխնոլոգիաներից ամենավատն է ընտրված այդ հարցում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4