«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#230, 2008-12-11 | #231, 2008-12-12 | #232, 2008-12-13


ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԻՐԻԱՆ ՄԵԾ ՇՈՒԿԱ Է

Հայկական ապրանքների ցուցահանդեսն ու գործարար համաժողովը Հալեպումՙ հաջողված

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Այս տարվա դեկտեմբերի 2-9 Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի (ՀԱԱՊ) պատվիրակությունը գտնվում էր Սիրիայի Հալեպ քաղաքումՙ մասնակցելու հայկական ապրանքների ցուցահանդեսին եւ հայ-սիրիական գործարար համաժողովին: Հայաստանը ներկայացրել էր քիմիական արդյունաբերության, սարքաշինության, սննդարդյունաբերության, դեղագործության, բժշկության, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ այլ ոլորտների արտադրանքն ու ծառայությունները: Ցուցահանդեսի եւ գործարար համաժողովի արդյունքների մասին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ պատմեցին ՀԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը, փոխնախագահ Արամ Վարդանյանը եւ Սիրիա մեկնած գործարարները:

 Մարտին Սարգսյանըհայտնեց, որ հայկական ապրանքների ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն էր առաջացրել եւ դրա մասնակիցների թիվը ցուցահանդեսի 4 օրերի ընթացքում գերազանցեց 20 հազարը: Ներկայացված ապրանքների ավելի քան 90 տոկոսն այդ ընթացքում սպառվեց: Հայ գործարարներն էլ բազմաթիվ պայմանավորվածություններ ձեռք բերեցին Սիրիայի իրենց գործընկերների հետ:

30 սիրիացի բժիշկների կվերապատրաստի Երեւանումՙ ատամների տրանսպլանտացիայի բնագավառում «Մարան» ընկերությունը մինչեւ Նոր տարի Սիրիա կարտահանի իր գինիները: Հայ գործարար կանանց միությունը Սիրիայի գործարար կանանց միության հետ պայմանավորվածություն ձեռք բերեց զբոսաշրջային այցելությունների վերաբերյալ, «Էլեկտրասարք» ընկերությունը բանակցությունների մեջ է իր արտադրանքն այդ երկիր արտահանելու համար: Հայաստանի հրատարակիչների միությունը եւ «Գիրք» հիմնադրամը եկող տարի հայ գրքի շնորհանդես կկազմակերպեն Հալեպում, «Բարվա» ընկերությունը բանակցություններ է վարում արեւային տաքացուցիչներ եւ անձրեւաբեր տեխնոլոգիաներ Սիրիայում տեղակայելու վերաբերյալ, «Վանաձոր-քիմպրոմը» պայմանավորվել է կարբիդի փորձնական առաքում կատարել: «Հայէլեկտրամեքենան» բանակցում է Սիրիայի եւ Իրաքի ընկերությունների հետ այդ երկրներ գեներատորներ արտահանելու նպատակով, «Արտֆուդի», «Աշտարակ-կաթի», «Աթենքի», «Ջերմուկ գրուպի» ապրանքնատեսակները մեծ պահանջարկ ունեցան, որոշվել է տեղում բացել մշտական ցուցահանդես-սրահ, որտեղ կվաճառվեն Հայաստանից արտահանված այդ ընկերությունների սննդամթերքը: Հալեպի ԱԱՊ-ի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց սիրիական ապրանքների ցուցահանդես կազմակերպելու Երեւանում եկող տարվա հունիսին:

Անդրադառնալով Սիրիայում արեւային տաքացուցիչներ տեղակայելու վերաբերյալ մեր տված հարցին, ՀԱԱՊ փոխնախագահ, հայ-սիրիական տնտեսական կապերի հանձնաժողովի համանախագահԱրամ Վարդանյանըշեշտեց, որ Սիրիան արեւային երկիր է, տարեկան արեւային օրերի քանակն այստեղ հասնում է 300-ի: Մասնավորապես հսկայական պահանջարկ կա արտեզյան հորերի վրա արեւային էլեկտրակայաններ տեղադրելու, եկող տարվա ընթացքում մի քանի այդպիսի էլեկտրակայաններ հայկական կողմը կկառուցի: Նախատեսվում է նաեւ Հայ առաքելական եկեղեցու միջոցներով հայ ընտանիքների համար կառուցվող շենքի տանիքում, 1000 քմ վրա, փորձնական տեղակայել արեւային էլեկտրակայան, որով կապահովվեն շենքի տաք ջրամատակարարումն ու վերելակների աշխատանքը:

Մի խոսքով, Սիրիա այցելած հայ գործարարների համար այդ երկիրը շատ մեծ շուկա է, որի միջոցով հնարավոր կլինի մուտք գործել ավելի մեծՙ 250 մլն կազմող արաբական շուկա: Շատ ապրանքներ եւ ծառայություններ այստեղ բավականին, երբեմն առնվազն կրկնակի էժան են այլ երկրների համեմատ, իսկ ՏՏ ոլորտում մեր ընկերությունները կարող են գերիշխող դիրք ունենալ: Սիրիայի ժողովուրդը, իշխանության ներկայացուցիչներն ու հոգեւոր առաջնորդը, մամուլի ասուլիսի մասնակիցների հավաստիացմամբ, բարյացակամ էին տրամադրված հայերի եւ Հայաստանի նկատմամբ: Հայ գործարարներին մեծ աջակցություն էր ցուցաբերել տեղի հայ համայնքը:

«Որքա՞ն է ներկայումս երկու երկրների ապրանքաշրջանառությունը» հարցինՄարտին Սարգսյանըպատասխանեց, որ կազմում է մոտ 3 մլն դոլար, որից 2,2 մլն դոլարի ապրանք ներմուծվում է Հայաստան, մնացածը Հայաստանից արտահանվում Սիրիա: ՀԱԱՊ նախագահի հավաստմամբ, լուրջ հնարավորություններ կան ավելացնելու երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն ընդհանրապես եւ մասնավորապեսՙ Հայաստանից արտահանումը Սիրիա:

 «Ազգի»հարցին, թե տրանսպորտային խնդիրը չի՞ խոչընդոտում հայ-սիրիական տնտեսական կապերի աշխուժացմանը եւ ի՞նչ ճանապարհներով են տեղափոխվելու ապրանքները, ՀԱԱՊ նախագահը պատասխանեց, որ հայկական ապրանքները Հայաստանից Վրաստանով եւ Թուրքիայով ցուցահանդեսի համար Սիրիա են փոխադրել սիրիական ավտոմեքենաները: Դրանք սովորաբար Հայաստան ապրանքներ բերելուց հետո դատարկ են վերադառնում իրենց երկիր, հետեւաբար, եթե բեռնավորված լինեն հայկական ապրանքներով, փոխշահավետ կլինի երկու կողմերի համար էլ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4