«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#230, 2008-12-11 | #231, 2008-12-12 | #232, 2008-12-13


ԲՈՒՀԱԿԱՆ ԴԻՊԼՈՄՈՎ ԱՐՀԵՍՏԱՎՈՐՆԵՐ ԵՎ ՎԱՃԱՌՈՂՈՒՀԻՆԵՐ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐԸ

Բարձրագույն կրթությամբ վաճառողների, ոսկերիչների, ծեփագործների եւ այլ արհեստավորների առկայությունը մեր երկրում վկայում է, որ դեռեւս խորապես չեն գիտակցվում միջնակարգ մասնագիտական կրթության առավելություններն ու չի դրսեւորվում զուտ դիպլոմի համար մի քանի տարի որեւէ բուհում անտեղի ժամանակ եւ գումար վատնելուց հրաժարվելու ձգտումը: Այսպես, մի կողմից տարեցտարի ավելանում է հմուտ արհեստավորների պահանջարկը, մյուս կողմիցՙ նվազում է միջնակարգ մասնագիտական հաստատություններում սովորելու ցանկություն ունեցողների թիվը, արդյունքում եւ այսօր արդեն ունենք բարձրագույն կրթությամբ արհեստավորների ոչ ստվար բանակ: Այս անմիտ վիճակից դուրս գալու ելքը մասնագետները տեսնում են մասնագիտական կրթության ոլորտում պետական կրթական հստակ չափորոշիչներ սահմանելու մեջ, ինչը թույլ կտա մասնագետներ պատրաստել աշխատաշուկայի պահանջների թելադրանքով:

«Ցավոք, Հայաստանում մինչ օրս գոյություն չեն ունեցել այդպիսի չափորոշիչներ, չի ստեղծվել պետականորեն հաստատված զբաղմունքների դասակարգիչ, չեն մշակվել մասնագիտական բնութագրեր, այսինքնՙ հստակ պատկերացում չունենք, թե ինչ մասնագետների պահանջարկ կա մեր երկրում, իսկ դա նշանակում է, որ ուսումնական տարբեր հաստատություններում պատրաստվում են պոտենցիալ գործազուրկներ: Մյուս կողմից աշխատաշուկան թելադրում է որոշակի պահանջներ, որոնք անուշադրության են մատնված: Հենց այդ նկատառումով այժմ ստեղծում եւ մշակում ենք կրթական չափորոշիչների նախագծերՙ այդ աշխատանքում ներգրավելով նաեւ գործատուներին: Արդեն իսկ դիմել ենք գործատուների միությանը, առեւտրաարդյունաբերական պալատին, որպեսզի նրանց մասնագետների օգնությամբ ճշգրիտ տեղեկություններ ունենանք այսօրվա աշխատաշուկայի մասին: Իսկ տեսական վերլուծություն ստանալու նպատակով համագործակցում ենք բուհական մասնագետների հետ, մեզ հետ աշխատում են նաեւ միջին եւ նախնական մասնագիտական ուսումնական հաստատությունների դասախոսներն ու արտադրական վարպետները», ասում է ԿԳ նախարարության կրթության ազգային ինստիտուտի մասնագիտական կրթության եւ ուսուցման զարգացման կենտրոնի տնօրենՍամվել Պիպոյանը:

Ոլորտն արդիականացնելու համար կենտրոնը ֆինանսական խնդիրներ չունի, քանի որ անցած տարի Եվրոմիության հետ կնքած պայմանագրի համաձայն, այս տարեսկզբից պարբերաբար փոխանցվում է կատարված աշխատանքների վրա ծախսված գումարը: Այս տարի մշակվել են կրթական չափորոշիչներ 27 մասնագիտությունների համար, դրանց մեջ մտնում է նախնական մասնագիտական բլոկըՙ ոսկերիչ, գորգագործ, մետաղների մշակում, խառատ, եռակցող, դերձակ, գինեգործ, ծեփագործ, ատաղձագործ, ֆերմեր եւ այլն, ու միջին մասնագիտականըՙ հաշվապահություն, հաշվողական մեքենաներ, հասարակական եւ գյուղացիական սննդի կազմակերպում եւ այլն:

«Փորձել ենք ներառել բոլոր այն մասնագիտությունները, որոնք այս կամ այն չափով տարածված կամ կարեւորված են շուկայում: Բարեփոխումներ իրականացնելու համար ունենք թե ՛ դյուրին, թե՛ դժվարին պայմաններ: Մի կողմից լավ է, որ պետությունը գումար է ներդրել կրթական չափորոշիչներ ստեղծելու համար, մյուս կողմիցՙ բարդ է, թե մարդկային ի՞նչ ռեսուրսներով պիտի մշակվեն դրանք: Հենց այստեղ է, որ լուրջ խնդիրներ ունենք, որովհետեւ ստեղծում ենք մի փաստաթուղթ, որը հնարավորություն կտա այս կամ այն ուսումնական հաստատությունում պատվիրելու անհրաժեշտ մասնագետներ: Այսինքնՙ կրթական ծրագիրը կիրականացվի մշակված չափորոշիչների հիման վրա: Մեր գործատուներն ու բուհերի ներկայացուցիչներն ընդհանրապես տեղյակ չէին այդպիսի չափորոշիչների գոյության մասին եւ հենց մեր կենտրոնում ձեւավորվեց աշխատանքային 2 խումբՙ յուրաքանչյուրում 25 հոգի: Անցկացվեցին վերապատրաստման դասընթացներ, ուսուցանվեցին կրթական չափորոշիչների բաղադրիչները, որից հետո մասնակիցները փորձեցին ինքնուրույն մշակել այդպիսի չափորոշիչներ: Քանի որ մեր կենտրոնի աշխատողների թիվը բավարար չէ անհրաժեշտ փորձաքննություններ անցկացնելու համար, նախագծերը կուղարկվեն փորձառու մասնագետներինՙ այսպես կոչված «սեւ ընդդիմախոսներին», որոնց կարծիքների հիման վրա կկազմվեն փորձագիտական եզրակացություններ ու կներկայացվեն նախարարությունՙ վերջնական հաստատման»:

Պիպոյանը նշում է, որ կրթական չափորոշիչները պետք է մշտապես լինեն զարգացման մեջ, եւ նախարարությունում հաստատվելուց հետո անգամ չի կարելի դրանք համարել վերջնական, մանավանդ որ զարգացած երկրներում ամեն մի չափորոշիչ 3-5 տարվա ընթացքում անպայման վերանայվում է: Դրանք ստեղծվում են մարդկանց կարողությունները զարգացնելու համար, հետեւապես չեն կարող քարացած լինել: Միջազգային փորձին հետեւելով իրենք ձգտում են հասնել այն բանին, որպեսզի մեզանում ճիշտ կազմակերպվի աշխատանքային գործունեությունը. «Ես հանդիպել եմ բարձրագույն կրթություն ունեցող բազմաթիվ ոսկերիչների, որոնք այդ արհեստը սովորել են լոկ աշխատանք չունենալու պատճառով: Այսօր մեր երկրում պահանջարկ կա շինարարի, խառատի, հրուշակագործի, վաճառողի, եւ այդ մասնագիտություններն ուսուցանվում են նախնական մասնագիտական կրթության ծրագրով, բայց չգիտես ինչու ոչ ոք չի գալիս սովորելու: Աղջիկները ցանկանում են վաճառողուհի աշխատել բարձրագույն կրթություն ստանալուց հետո միայն: Սա, անշուշտ, հոգեբանական բարդույթ է, բայց ի վերջո պետք է հասկանալ, որ բարձրագույն կրթություն ստացած մարդուն չի կարելի կանգնեցնել վաճառասեղանի հետեւում: Հայաստանցի մի ինժեներ ցանկացել է Շվեյցարիայում բեռնակիր աշխատել, բայց չեն ընդունել բարձրագույն կրթություն ունենալու պատճառով, քանի որ այդ դեպքում նրան պետք է ավելի շատ վճարեին: Դա նշանակում է, որ այդ երկրում հարգանք կա բարձրագույն կրթության հանդեպ, դիպլոմն արժեք ունի:

Իհարկե, մեր հասարակության մեջ արմատացած մտածելակերպը մի քանի տարում հնարավոր չէ փոխել, բայց վստահ եմ, որ մոտ ապագայում միջին եւ մասնագիտական կրթությունը չափազանց կարեւոր տեղ կունենա մեր երկրում: Գործատուն ի վերջո, հաշվի կառնի ոչ թե բուհի դիպլոմը, այլ աշխատողի մասնագիտական հմտությունները», ասում է Պիպոյանը:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4