Հովհաննես Հարությունյանի 60-ամյակի առիթով մեր թերթի նոյեմբերի 28-ի համարում «Չեխ Հովիկը հիշողությունների մեր մտապատկերում» հրապարակման առիթով Ալեքսանդր Թոփչյանը Փարիզից խմբագրությանը նամակ է ուղարկել, որում հայերիս բնույթին վերաբերող իր մի քանի դիտարկումներից բացի երկու ճշտում է կատարում:
Ալ. Թոփչյանը նախ ընդգծումով ճշգրտում է գրքի խորագիրը` «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները»: Ցավոք, մեր հոդվածում պատահաբար է վրիպել Շվեյկի անունը, պատահաբար եմ ասում, որովհետեւ այս հանրահայտ գործը մեր բանավոր խոսքում անգամ տարածված էր ոչ այնքան ամբողջական խորագրով, որքան կրճատ` «Շվեյկի արկածները»: Չեխ գրող Յարոսլավ Հաշեկի այս վեպը հայերեն հրատարակվել է երեք անգամ (Թոփչյանը նշում է երկուսը)` 1936, 1973 եւ 1978 թվականներին` առաջին հրատարակությունը վերնագրված է «Քաջ զինվոր Շվեյկի արկածները համաշխարհային պատերազմի ժամանակ», մյուս երկուսըՙ «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները համաշխարհային պատերազմի ժամանակ»:
Գրականագետի հաջորդ ճշգրտումը վերաբերում է 1936 թ. հայերեն առաջին թարգմանությանը` այն առումով, որ վեպը, իբր, թարգմանվել է ոչ թե ռուսերենից, ինչպես մեր հոդվածում է գրված, այլ բնագրից, չեխերենից: Մեր ձեռքի տակ եղած 1936-ի թարգմանության 2-րդ հատորը սկսվում է վեպի 7-րդ մասից: Թարգմանությունը կատարել է Վահան Տեր-Առաքելյանը, տպագրվել է ՀԽՍՀ Պետհրատի Մոսկվայի տպարանում: Հաջորդ թարգմանության առաջին հրատարակությունը 1973-ին է եղել («Հայաստան» հրատ.), վերահրատարակությունը` 1978-ին («Սովետական գրող» հրատ.): Թարգմանությունը ռուսերենից կատարել է Սուրեն Վահունին: 1973 թվականի գրքի վերջում հրատարակչության կողմից գրության մեջ կարդում ենք. «Չեխ մեծանուն գրող Յա. Հաշեկի «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները համաշխարհային պատերազմի ժամանակ» վեպը հայերեն լեզվով առաջին անգամ լույս է տեսել 1936 թվին, հանգուցյալ Վ. Տեր-Առաքելյանիռուսերենիցկատարած թարգմանությամբ» (ընդգծումն իմն է-Մ.Բ.): Ապա եւ հրատարակչությունը հիմնավորում է ռուսերենից կատարված երկրորդ թարգմանության անհրաժեշտությունը. «Համաշխարհային հռչակ վայելող այդ երգիծական վեպի հետ հայ ընթերցողին ծանոթացնելու գործում միանգամայն դրական դեր կատարելով հանդերձ, հիշյալ թարգմանությունը, կատարված լինելով գրեթե քառասուն տարի առաջ, բնականաբար չէր կարող խուսափել տեքստային եւ ոճական այն բազմաթիվ անհամապատասխանություններից, որոնք տարիներ անց, բնագրի ճշտված հրատարակությունից հետո, շտկվել են ռուսական նոր թարգմանության մեջ»: Ավելացվում է նաեւ, որ այդ «թարգմանությունը կատարված է ռուսերեն նոր թարգմանությունից, ըստ որում թարգմանիչը եւ խմբագիրը հնարավորություն են ունեցել թարգմանության առանձին տեղերը ճշգրտելու բնագրով»:
Մեր հետաքրքրությունները խորացան, եւ խորհրդահայ հրատարակչական իրականությանը բավականին լավատեղյակ ավագ գրողներից որոշ մանրամասներ իմացանք վերոհիշյալ` Սուրեն Վահունու կատարած թարգմանության եւ դրա շուրջը Պետհրատում, Գլավլիտում եղած խոսակցությունների, քննարկումների մասին, բայց քանի որ գրավոր վկայություն չունենք, դրանք չենք հրապարակում: Փոխարենը առաջին թարգմանության հեղինակ, շատերիս անհայտ Վահան Տեր-Առաքելյանի կենսագրությունը արժեքավոր էջեր վերհանեց: Վահան Տեր-Առաքելյանը բացի Յա. Հաշեկի վերոնշյալ վեպի թարգմանությունից, հեղինակն է նաեւ Լ. Տոլստոյի «Աննա Կարենինա» վեպի, Ֆուրմանովի «Խռովություն» վիպակի հայերեն թարգմանությունների: Գրել է պատմվածքներ, բանաստեղծություններ, առակներ, արժեքավոր հուշեր Կոմիտասի մասին` «Անհիշաչար մարդը» եւ «Կոմիտաս»:
Նա երգիչ էր, եղել է Կոմիտասի հինգ հայտնի աշակերտներից մեկը: Սովորել է Գեւորգյան ճեմարանում, ապա դասավանդել այնտեղ: Մասնակցել է Կոմիտասի երգչախմբի համերգներին Թիֆլիսում, Երեւանում, Բաքվում: Սովորել է նաեւ Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում եւ համալսարանում, երգել է Մարիինյան թատրոնում: Վ. Տ. Առաքելյանը մասնակցել է 1-ին աշխարհամարտին, մասնակցել է նաեւ Սարդարապատի ճակատամարտին: 1937-ին անհիմն բռնադատվել եւ աքսորվել է Ուխտա, որտեղ 1941-ին կնքել է մահկանացուն: Թաղված է Ուխտայում, հետմահու` 1957-ին, արդարացվել է. Երեւանի քաղաքային գերեզմանատանը դրված է պայմանական գերեզման: Այս մասին տեղեկանում ենք «Ով ով է հայեր» կենսագրական հանրագիտարանից (հատոր 2-րդ, 572 էջ, Երեւան, 2007):
Ալ. Թոփչյանի նամակից մեջբերենք մի հատված: Նա գրում է. «Հովհ. Հարությունյանին ես լավ գիտեի: Նախ, մենք ապրում էինք միեւնույն շենքում` Վաղարշյանի 15, հետո, հաճախակի հանդիպում «Գարունի» խմբագրությունում: Իմ խորհրդով նա սկսեց չեխերեն սովորել, եւ այդ լեզվի նրա առաջին դասագիրքը ես նվիրեցի, լավ հիշում եմ` 1958-ին Մոսկվայում լույս տեսած այդ ձեռնարկը»:
Իհարկե, Ալ. Թոփչյանը եղել է այն գրականագետներից, որ համակրել է 1960-ականների գեղագիտական այլախոհության շարժման երիտասարդ գրողներին, որոնք ժամանակին չէին ընդունվում, հրատարակչական պատերից դուրս էին մնում, չէին տպագրվում, գեղագիտական նոր մտածողության սակավ տարածողներից էր եւ աջակցել ու ներկայացրել է այդ հեղինակներին: Եվ շատ լավ է, որ Հովհաննես Հարությունյանին չեխերեն սովորելու խորհուրդ է տվել: Ներքոբերյալ տողերը նրա ասածին բնավ հակադրելու համար չենք մեջբերում: Չեխ բանաստեղծ-լրագրող Պետր Կովարժիկը Պրահայում լույս տեսնող «Օրեր» ամսագրում ասում է. «Նա, իհարկե, թարգմանել էր Հաշեկի պատմվածքներից մի քանիսը, բայց ցանկանում էր կրկին թարգմանել չեխերեն բնագրից Շվեյկի մասին հայտնի վեպը, ինչը, կարծեմ, չհասցրեց: Թեեւ համոզված եմ, որ շատ լավ կթարգմաներ, քանի որ չեխ ազգին լավ էր զգում եւ ճանաչում: Մի անգամ հարցրի, թե ինչո՞ւ ես ընտրել չեխերեն լեզուն, ասաց, որ համալսարանում սովորելիս դասախոսը ասել է, որ ռուսերենից զատ մի այլ սլավոնական լեզու ընտրեն, եւ ինքը ընտրել է չեխերենը` նկատի ունենալով 1968 թվականի իրադարձությունները, ինչից հետո սկսեց համակրել չեխ ժողովրդին» («Օրեր», 2002):
Զարմանք հարուցեց հատկապես այն, որ մեր հոդվածում Հովհաննես Հարությունյանի թարգմանության որակի, լեզվամտածողության հանդեպ վերաբերմունքի, թեկուզ հավուր պատշաճի ընդունված ձեւակերպումների (ինչպես` հարստացնել հայ թարգմանական արվեստը կամ ասենք, նորություններ ներմուծել եւ այլն) բացակայությունն անգամ Ալ. Թոփչյանին գերադասություն է թվացել` ընդամենը ա՞յն, որ Չեխ Հովիկը ցանկություն էր հայտնել Հաշեկի վեպի հայերեն նոր թարգմանությո՞ւն կատարել` իր համոզումով` բնագրային տեքստի ավելի հարազատությամբ:
Գրականագետը այսպիսի կարծիք է հայտնում. «Տարօրինա՜կ ժողովուրդ ենք... Երբեմն ոմանց մտահղացած, բայց չիրագործված բարի ցանկություններն ավելի ենք գնահատում, քան ուրիշների` փայլով, տաղանդով, առնվազն որակով կատարված գործերը: Հիշում եմ, տարիներ առաջ մի հեռուստահաղորդում նայեցի, որտեղ հեղինակն անամոք ցավով ու տիեզերական վշտով խոսում էր այն մասին, որ Կոմիտասը ցանկություն է ունեցել «Անուշ» օպերա գրել եւ ինչ-ինչ պատճառներով այդ մտահղացումը մնացել է անկատար: Անպարփակ այդ հեռուստաեղերերգությունը գուցե տեղին լիներ, եթե մենք չունենայինք Արմեն Տիգրանյանի համանուն եւ հանճարեղ օպերան, ինչի մասին, լա՛վ հիշում եմ, մոտ մեկ ժամանոց հաղորդման մեջ ո՛չ մի բառ չասվեց:
Չեղածի այս տարօրինակ գերադասությունը եղածի հանդեպ միշտ ներկա է եղել հայկական իրականության բոլոր ասպարեզներում եւ, հավանաբար, դեռ երկար պիտի ուղեկցի մեզ: Այս երեւույթի, թերեւս, ներելի դրսեւորման պատճառը շատ հաճախ ոչ լավատեղյակ լինելն է»:
Որքանով է սա առնչվում թարգմանչի 60-ամյակի առիթով հիշատակի այդ գրությանը, չգիտեմ, պարզապես ասեմ, որ ո՛չ տիեզերական վշտով, ո՛չ անամոք ցավով չեմ տառապում, բայց եւ չեմ դժգոհում երեւույթները, հատկապես վաստակ ունեցող մարդկանց գործերը գնահատելու զգացողությունից: Թերեւս մեծությունների հանդեպ ունեցած ակնածանքը, արժեքների գնահատման բնածին վերաբերմունքն է եղել լեյտմոտիվը լրագրությամբ զբաղված իմ այս տասը տարիներին: Համենայն դեպս, ամեն առիթ փորձել եմ օգտագործել` արժանին հատուցելու արժանավորներին, ում կյանքը հանդիպեցրել է, կարողություններիս սահմաններում:
Անշուշտ լավ է, որ Ալեքսանդր Թոփչյանը հեռվից այսպես հետեւողական է մեր մամուլի հրապարակումներին, օգտակար կլինի նաեւ իր դիտարկումները մեր մտավորական կյանքի մյուս ասպարեզներում կատարվող «ազգային շարժումներին», ուշադրության արժանի այլ բաներ (արտառոց, վնասաբեր) նույնպես կատարվում են մեր երկրում:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Խմբ. կողմից-Նյութերի առատության պատճառով մեր աշխատակցի վերեւի հոդվածը հրապարակվում է մի փոքր ուշ: Մինչ այս, հենց երեկ, ի զարմանս մեզ, «Գրական թերթը» շտապել է հրապարակել այն նույն նամակը, որը գրող եւ գրականագետ Ալ. Թոփչյանը սկզբնապես ուղարկել էր մեզ: Ուստի զանց ենք առնում այդ նամակի հրապարակումը` բավարարվելով մեջբերումներով: Թեեւ չենք կարող թաքցնել մեր տարակուսանքըՙ հրապարակագրության ասպարեզում հմուտ եւ մեր հեղինակներից հանդիսացող Ալ. Թոփչյանը քաջ պիտի իմանար մամուլի էթիկայի կանոններըՙ մեզ ուղղված իր նամակը այլ թերթի ուղարկելուց առաջ: Մյուս կողմից, հետաքրքրական է, «Գրական թերթը» արդյոք կհրատարակի՞ մեր աշխատակցի ճշգրտումները Ալ. Թոփչյանի սխալ պնդումների վերաբերյալ: