Նորաբաց կայքում տեղադրված է անհրաժեշտ ողջ ինֆորմացիան ոչ միայն Համաշխարհային հայկական կոնգրեսի, այլեւ այդ կառույցի հետ համագործակցության հնարավորությունների մասին:
www.armcongress.am կայքում տեղադրված տեղեկատվության միջոցով հնարավոր է ծանոթանալ կազմակերպության կառուցվածքին, պատմությանը, գործունեության ուղղություններին: Կայքում ներկայացված տեղեկատվությունը պատմում է կազմակերպության իրականացրած եւ իրականացվելիք ծրագրերի մասին:
Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը կայքում տեղադրված ուղերձում կարեւորում է համագործակցությունը շահագրգիռ կառույցների եւ անձանց հետ: «Մենք պատրաստ ենք սփյուռքի կառույցների հետ մշակել ու իրագործել համատեղ ծրագրեր, որոնք ավելի ներկայանալի կդարձնեն հայ ազգային նկարագիրը քաղաքակիրթ աշխարհում», նշված է ուղերձում:
Կայքը ստեղծողները նպատակ ունեն այն վերածել բանավեճերի եւ քննարկումների հարթակի: Ընթերցողներն իրենք կարող են առաջարկել բանավեճի թեմաներ: Կայքը բաց է հայ երիտասարդության առջեւ: Կայքում կներկայացվեն Կոնգրեսի երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի ծրագրերն ու միջոցառումները:
Ա. Բ.