ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
«Կոռուպցիան եզակի երեւույթ չէ` բնորոշ միայն Հայաստանին, առկա է բոլոր երկրներում: Հասարակական կազմակերպությունների, անկախ ԶԼՄ-ների եւ կառավարության համագործակցությամբ է հնարավոր միայն պայքարել կոռուպցիայի դեմ ու հասնել զգալի արդյունքի: Օրենքը կարող է ամրագրվել, կառավարությունը կարող է այդ օրենքը կիրառել, բայց վերջնական գործը յուրաքանչյուրինս է: Ամեն անգամ, երբ հանդուրժում ենք` իմանալով, որ սխալ է, աչք ու ականջ ենք փակում կոռուպցիայի դեպքերի դեմ, ինքներս ենք հարված հասցնում ազատությանը, արդարությանը», երեկ «Լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների եւ պետական կառավարման մարմինների դերը կոռուպցիայի դեմ պայքարում» երկամյա ծրագրի շրջանակներում կազմակերպված ծրագրի արդյունքների ամփոփմանը նվիրված համաժողովում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպանՄարի Յովանովիչը:
Ծրագիրն իրականացրել է «Եվրասիա համագործակցության հիմնադրամ (ԵՀՀ)» հայաստանյան գրասենյակը ՄԱԿ-ի ժողովրդավարության ֆոնդի եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ, Հայաստանի ութ մարզերում` տրամադրելով ավելի քան 400 հազար դոլար: Ծրագրի նպատակն է եղել զարգացնել լրատվամիջոցների եւ լրագրողների դերը կոռուպցիայի դեմ պայքարում, խթանել պետական կառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների համագործակցությունը:
Մ. Յովանովիչը նախ բերեց ԱՄՆ-ում կոռուպցիայի հետ կապված մի քանի դեպքերի օրինակներ, որոնք, բացահայտվել են: Ըստ նրա, շատ դեպքերում պարզվում է կոռուպցիայի մեջ մեղադրվող բարձրաստիճան պաշտոնյաների, ամերիկյան խոշոր կուսակցությունների անունները:
Վերջինիս խոսքերով, այսօր Հայաստանում, չնայած կառավարության եւ քաղհասարակության ջանքերին, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքները տեսանելի չեն: «Հայաստանը շարունակում է տառապել այն ընկալումից, որ այստեղ շատ բարձր կոռուպցիայի մակարդակ է, այստեղ վարչարարությունը, կոռուպցիան շատ մեծ չափերի են, ինչը կարող է խաթարել տնտեսական աճը` խթանելով միգրացիան: Կոռուպցիան Հայաստանի շահերին չի համապատասխանում», նշում է ԱՄՆ դեսպանն ու հավելում, որ շատ հայեր դեռեւս սպասում են` կառավարությունը իսկապե՞ս պատրաստ է ձերբակալել ու մեղադրանք ներկայացնել բարձրաստիճան պաշտոնյաներին կամ հզոր կապեր ունեցող գործարարներին:
«Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է սկսել բարձր մակարդակից եւ ավարտել ցածրով», գտնում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի նախագահԱմալյա Կոստանյանը: Նա հերքեց մեկ այլ բանախոսի` ՀՀ քաղծառայության խորհրդի նախագահՄանվել Բադալյանիպնդումը, թե կոռուպցիան պետք է փնտրել ոչ թե բարձր, այլ ստորին օղակներում: Ըստ նրա, կոռուպցիա Հայաստանում կա ե՛ւ ստորին, ե՛ւ վերին օղակներում, ե՛ւ անհրաժեշտ է անդրադառնալ «վերին օղակներում առկա շատ եւ շատ վտանգավոր քաղաքական կոռուպցիային»: «Ստորին օղակի պաշտոնյաների ձերբակալությունները համոզիչ չեն, որովհետեւ նրանք «այն մարդիկ չեն, որ ամենամեղավորն են», նշեց նա:
Մանվել Բադալյանն էլ իր հերթին նշում է, որ խնդիրը արդիական է, մշտապես հուզում է պետությանն ու հասարակությանը: «Կոչերով ու լոզունգներով հնարավոր չէ վերացնել կամ նվազեցնել կոռուպցիան, որը ռեալ վտանգ է, այլ հարկավոր է կոնկրետ գործողությունների դիմել», ընդգծեց Բադալյանը ու նշեց, որ ինքն էլ է համամիտ դեսպանի հետ, որ համատեղ աշխատանքի արդյունքում կարող են հասնել ինչ-որ դրական քայլերի, բայց Հայաստանում «պետական ինստիտուտների, հասարակական կազմակերպությունների միջեւ կապ չկա»:
Ա. Կոստանյանի գնահատմամբ, մարդու իրավունքների եւ մամուլի ազատության, արդար դատավարության ոլորտներում Հայաստանը սարսափելի հետընթաց է ապրում: Չի կարող մի երկրում արդյունավետ պայքար մղվել հարկային մարմնում կամ այլ ոլորտում, եթե արդարադատությունն ու խոսքի ազատությունը ապահովված չեն: «Հարձակվում են լրագրողների վրա կամ վախեցնում քաղաքացիական ակտիվիստներին` մի կողմից հրավիրում են պայքարել կոռուպցիայի դեմ, մյուս կողմից` ծեծում, վախեցնում»: Ըստ նրա, Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը համակարգված չէ:
Հիշեցնենք, որ ներկաներից շատերին համոզիչ չթվաց վերոնշյալ 400 դոլարի դրամաշնորհներից ոմանց նպատակահարմարությունը: