Կարմիր բլուրը զմռսվում է աղբաշերտով
Վտանգված է Կարմիր բլուր հնավայրի գոյությունը: Հնավայրը 25 տարի շարունակ ջանադրաբար ծածկում են շինարարական աղբով: Մինչդեռ հնավայրում սկսած 1971 թվականից պեղումներ չեն իրականացվել, իսկ 1930-ականներին Բորիս Պիատրովսկու ղեկավարությամբ իրականացվածն էլ ամբողջական չի եղել: «Երբ Պիատրովսկին Կարմիր բլուրում պեղումներ էր իրականացնում, հեռատեսորեն ձեռք չտվեց ե՛ւ միջնաբերդի, ե՛ւ քաղաքային հատվածի 80 տոկոսին, ասելով, որ ժամանակ անց տեխնիկայի ու գիտության զարգացումը հնարավորություն կտա ե՛ւ բուն պեղումները, ե՛ւ գտածոների ուսումնասիրությունը առավել արդյունավետ կատարելու: Ասեմ նաեւ, որ Կարմիր բլուրըՙ ուրարտական Թեյշեբաինին եզակի նյութեր կարող է տրամադրել, քանի որ Վանի թագավորության ժամանակահատվածում չթալանված բնակավայրերից է. սկյութները շրջապատել ու հրկիզել են այն, եւ վերին շերտը փլուզվելովՙ ըստ էության պահպանել է քաղաքակրթական ողջ շերտը: Բացի այդ, Էրեբունու հիմնադրումից հետո ստեղծված Թեյշեբաինի են տեղափոխվել Էրեբունու շատ գանձեր եւ բարձրակարգ պատրաստման կենցաղի իրեր», երեկ «Ուրբաթ» ակումբում մտահոգություն հայտնելով, տեղեկացրեց «Էրեբունի» թանգարանի տնօրենԱշոտ Փիլիպոսյանը:
Ներկայում նույն այդ տարածքում իր սահմաններն է ընդլայնում գերեզմանատունը, որտեղ 1990-ականներին հուղարկավորության համար տարածք էին ստանում զենքի, իսկ մինչեւ անցյալ տարի, հավանաբար, փողի ուժով: Սակայն հնավայրի վտանգման վերջին եղանակը չէ սա: Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը հաստատել է Արգավանդից ձիարշավարան տանող կառուցվելիք մի ճանապարհի նախագիծ, որն անցնում է հենց հնավայրիՙ Կարմիր բլուրի քաղաքային թաղամասով: «Կարմիր բլուրին հարակից մինչուրարտական ժամանակահատվածի բնակավայր հասնող աղբաշերտից ազատվելու ոչ լիարժեք, սակայն իրատեսական եղանակը համարում եմ աղբը տեխնիկայով հարակից ձոր հրելով տեղափոխելը, ինչը հնարավորություն կտա հնավայրը փրկել-պահպանելու, աղբն էլ, անհրաժեշտ միջոցների առկայության դեպքում, ձորակից տեղափոխելու: Ճանապարհի շինարարությունը եթե այլընտրանք չունի, ապա ելք կարելի է դիտարկել հնավայրով անցնող հատվածը հենասյուների վրա կառուցելըՙ նախապես հենասյուներին տրամադրվելիք հատվածներում պեղումներ իրականացնելուց հետո», սրանք Աշոտ Փիլիպոսյանի առաջարկած լուծումներն են, որոնք, սակայն, իր իսկ կարծիքով լիարժեք չեն կարող լինել, քանի որ վերջնականապես հաստատված չեն հնավայրի սահմանները: 1985 թվականին Հուշարձանների պահպանության կոմիտեի փոխնախագահը հաստատել է սահմանները, սակայն դա գործի կեսն է, հարկավոր էր նաեւ քաղսովետի, այսօր արդեն Երեւանի քաղաքապետարանի հաստատումը, որը մինչեւ օրս չի արվել: Չնայած, ինչպես հավաստեց Աշոտ Փիլիպոսյանը, 2005 թվականից մշակույթի նախարարությունն ամեն տարի դիմում է հարցին լուծում տալու համար:
Թանգարանի տնօրենն իրավամբ անհրաժեշտ է համարում բարձր ատյանների գործուն ուշադրությունը վերոնշյալ խնդիրների լուծման համար. «100-170ՙ Կարմիր բլուրի, 50ՙ Էրեբունու եւ 6 հեկտար Շենգավիթի տարածքները պետական սեփականություն դարձնելու համար գումարն ահռելի է, բայց եւ այդ գումարի բացակայությունն է անհասկանալի, քանի որ, ըստ էության, իրականում պետության մի գրպանից պիտի դուրս գա ու մտնի մյուս գրպանը: Սա կլիներ խնդրի վերջնական ու հիմնավոր լուծում: Չնայած պաշտպանական գոտու հաստատումն էլ իրավական հիմք կստեղծեր տարածքների անվտանգության ապահովման համար»:
Ավետիսներ
Էրեբունիում գտնվող Խալդ աստծո տաճարի հուլիսի 30-ին պտտահողմից տապալված հենասյուները տեղադրվում են:
Սանկտ Պետերբուրգում որմնանկարներ վերականգնողի մասնագիտացում են ստանալու Էրեբունի թանգարանի երկու մասնագետ: Որմնանկարների վերականգնման հարցում աջակցության ակնկալիք կա նաեւ իտալացի մասնագետներից:
Թանգարանում արդեն գործում են վերականգնողական եւ հնամարդաբանական լաբորատորիաներ:
Ուրարտագետ Նիկոլայ Հարությունյանի ղեկավարությամբ ընթացող սեպագրության դասընթացները հաջողությամբ են պսակվումՙ ուսանողները միանգամայն ինքնուրույն կարդում են Արգիշտի I-ի 4 հարյուր տողանոց սեպագիր տարեգրությունը:
Թանգարանն այս տարի 16 հազար այցելու է ունեցել, որից 10 հազարըՙ օտարերկրյա: Տարեսկզբին ծրագրված պեղումներն էլ իրականացվել են հունիս (Փենսիլվանիայի համալսարանի մասնագետների), հուլիս (Սանկտ Պետերբուրգի) եւ հոկտեմբեր (Լեոնի) ամիսներին: Հայ, ռուս, ֆրանսամերիկյան արշավախմբերի պեղումների արդյունքում ոչ միայն սենյակներ են բացվել, այլեւ պարզվել է, որ Խալդ աստծո տաճարը վերանորոգվել է ավելի վաղՙ մ.թ.ա. 6-րդ դարում (պնդումը պրոֆեսոր Դեվիդ Ստրոնախինն է), մինչ այդ մ.թ.ա. 5-րդ դարն էր համարվում վերանորոգման թվագրությունը:
Եկող տարվա մայիսի 18-ին Շենգավիթի պատմահնագիտական տարածքում էլ կբացվի թանգարանը, որը դադարել էր գործել տանիքի փլուզման պատճառով:
Առաջիկա 2-3 տարում ունենալու ենք ուրարտական ժամանակաշրջանի Եվրոպայի թանգարաններում գտնվող նմուշների 2 կատալոգ: Արդեն կա պայմանավորվածություն էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիատրովսկու հետ: Վերջինս դիմել է ՀՀ մշակույթի նախարարինՙ որոշակի աջակցություն ստանալու համար: Ռուսական կողմը հոգալու է հրատարակության ծախսերի մի մասը: Տպաքանակի կեսը տրամադրվելու է հայկական կողմին:
Ի դեպ, երեկ էրմիտաժում մեկնարկեց «Արարատի ստորոտում» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են թանգարանում պահվող ուրարտական ժամանակաշրջանի ցուցանմուշներըՙ պեղված Կարմիր բլուրից եւ Էրեբունուց:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ