Նոյեմբերի 18-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով լիբանանահայ Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն շնորհելու դիմումը մերժելը «Հայ կամավորների համախմբում» ազգային-քաղաքական նախաձեռնության անդամները համարում են «ճչացող ապօրինություն, անարդարություն, բացահայտ կամայականություն հայ մարդու, առավել եւս ազգային նվիրյալի հանդեպ»: Մասնավորապես, Գորիսի նախկին քաղաքապետՍամվել Հարությունյանընշեց, որ 1990-ից Ժ. Սեֆիլյանը տեղափոխվել է Հայաստան, ակտիվորեն մասնակցել Արցախի ինքնապաշտպանությանը, զբաղեցրել մի շարք պատասխանատու պաշտոններ, եղել է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, արժանացել պետական պարգեւների, սակայն նրա քաղաքացիություն ստանալու մի քանի դիմումները մերժվել են:
«Հայ կամավորների համախմբում» ազգային-քաղաքական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի կեցության կարգավիճակի ժամկետը լրանում է 4 ամսից, նա մտադիր է դիմել Հայաստանի իշխանություններին մի քանի տարով կեցության կարգավիճակի գործողության ժամկետը երկարացնելու համար: Այս մասին երեկ «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նշեցին նախաձեռնության համակարգող խորհրդի անդամները:
Ասուլիսի մասնակիցները նշեցին, որ, մասնավորապես, քաղաքացիություն շնորհելու դիմումը մերժվել է առանց որեւէ հիմնավորման. ըստ նախաձեռնության համակարգող խորհրդի անդամՀայկ Նահապետյանի, մերժման որոշումն ընդունվել է համաձայն «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13-րդ կետի. «ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումը մերժվում է, եթե տվյալ անձն իր գործունեությամբ վնասում է պետական եւ հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանը եւ բարքերին, այլոց իրավունքներին եւ ազատություններին, պատվին եւ բարի համբավին: Հայաստանի քաղաքացիություն ստանալու դիմումի մերժումը կարող է չհիմնավորվել»: «Այլոց իրավունքների եւ ազատությունների, միգուցե իրենց իրավունքներն ու ազատություններն են ապօրինությունների, այն բարձիթողի վիճակի պատճառը, որ գոյություն ունի Հայաստանի Հանրապետությունում, միգուցե դրան է իսկապես սպառնում Ժիրայր Սեֆիլյանը իր բարոյական սկզբունքներով, իր կենսակերպով, իր կյանքով», նշեց Հ. Նահապետյանը:
Ասուլիսի մասնակիցները օրինակներ մեջբերեցին օրերս Հայաստանում անցկացված, հայրենադարձության խնդիրներին նվիրված գիտաժողովում հայրենադարձությունը կարեւորող ՀՀ նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, սփյուռքի նախարարի ելույթներից, իսկ լիբանանահայ պատմաբանԳեւորգ Յազըճյանըհիշատակեց սփյուռքի նախարարի ելույթից հատված, որում նա ներողություն էր խնդրում 1946-48 թթ. հայրենադարձներից նրանց բաժին հասած անարդարությունների, խտրական վերաբերմունքի համար: «Իսկ ով եւ երբ է խնդրելու ներողություն Ժիրայր Սեֆիլյանից եւ նրա միջոցով սփյուռքից` անհարգալից վերաբերմունքի համար», հարց տվեց նա:
Ասուլիսի մասնակիցներն ընդգծեցին, որ հայրենադարձության ցանկալի մակարդակի բացակայության, ինչպես նաեւ արտագաղթի պատճառն անարդարություններն են, այլ ոչ թե սոցիալ-տնտեսական վիճակը:
Ն. Մ.