Բանավիճում են ԲՀԿ եւ ՀՀՇ ներկայացուցիչները
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ
«Տնտեսությունն անկում է ապրում, իշխանություններն էլ որեւէ քայլ չեն ձեռնարկում»: «Ստեղծված իրավիճակը ֆինանսական ճգնաժամի հետեւանքներից է, իշխանություններն էլ ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ»: «Հայելի» ակումբի հյուրեր` Կենտրոնական բանկի նախկին նախագահ, ՀՀՇ ներկայացուցիչԲագրատ Ասատրյանըեւ Ազգային ժողովի պատգամավոր, ԲՀԿ անդամՎարդան Բոստանջյանըհակադիր կարծիքների կրողներ էին: Մեկ հարցում նրանք համամիտ էին, համաշխարհային ֆինանսական ճգնաժամին դիմակայելու համար կտրուկ քայլերի անհրաժեշտություն կա:
«2008 թվականը վատ սկսվեց: Ընտրություններն, այնուհետեւ տեղի ունեցած իրադարձությունները բացասաբար անդրադարձան տնտեսության վրա դեռ տարեսկզբին: Առաջին 6 ամիսներին նվազել են տնտեսական աճի տեմպերը, նկատվում էին բարձր սղաճ, արտաքին ներդրումների արտահոսք: Տարին սկսվեց պահուստների նվազմամբ, ինչը բացառիկ դեպք է: 1995 թվականից ի վեր միայն պահուստների աճ էր արձանագրվել: Տնտեսության մեջ խնդիրներն ակնհայտ էին դեռ տնտեսական ճգնաժամից առաջ», ասաց ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Լրագրողներին նա ներկայացրեց վիճակագրական 3 տվյալ: 2008 թվականի հոկտեմբերին նույն տարվա սեպտեմբերի համեմատությամբ նկատվել է համախառն ներքին արդյունքի անկում 8,3 տոկոսով, արտահանման ծավալները նվազել են 15,6 տոկոսով, իսկ շինարարությանը` 41 տոկոսով: «Այս տվյալները պետք է մտահոգեին իշխանություններին եւ մտածելու տեղիք տային: 2008 թվականը մենք կփակենք ավելի վատ տվյալներով, քան առաջին 6 ամիսներին էր», ասաց Բագրատ Ասատրյանը:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վարդան Բոստանջյանը Բագրատ Ասատրյանի հոռետեսությունը բնական է համարում` բնորոշելով որպես իշխանության եւ ընդդիմության պայքար: «Հոկտեմբեր ամսվա վիճակագրական թվերը ներկայացնում են ֆինանսական ճգնաժամի առաջին հարվածի արդյունքները: Բոլորս էլ հասկանում ենք, որ ճգնաժամի հաղթահարումը դժվար է լինելու, իսկ ծանր ժամանակները դեռ առջեւում են: Հակաճգնաժամային միջոցառումներն արդեն սկսվել են: Սակայն 2009 թվականի բյուջեում ունենք ավելի քիչ միջոցներ, քան անհրաժեշտ են ճգնաժամին դիմակայելու համար», նշեց Վարդան Բոստանջյանը:
«2009 թվականի բյուջեն կարելի էր հաջողված համարել, եթե 2009 փոխարինվեր 2007-ով, իսկ Հայաստանի փոխարեն այլ անվանում գրվեր: Հետաքրքրական մտքեր կան, սակայն բյուջեն արդիական չէ: Բյուջեում ոչ մի տող չկա ճգնաժամի մասին: Այս տարի գրանցվել են 3,5 մլրդ դոլարի ներմուծում եւ շուրջ 940 մլն դոլարի արտահանում: Սրանք մտահոգիչ թվեր են, սակայն մտահոգության որեւէ նշան իշխանությունների կողմից չեմ տեսնում», հակադարձում է Բագրատ Ասատրյանը:
Արտահանման եւ ներմուծման բացասական սալդոն մտահոգում է իշխանություններին, վստահեցրեց Վարդան Բոստանջյանը: «2008 թվականի բյուջեի համեմատությամբ 2009-ի բյուջեում ավելի մեծ մուտքեր են նախատեսվում` շուրջ կես միլիարդ դոլար: Գործադիրն ու օրենսդիրն այժմ քննարկում են հարկային եւ մաքսային վարչարարությունը փոփոխելու հնարավորությունը: Սա թույլ կտա բարձրացնել մուտքերը եւ ուղղել ճգնաժամին դիմակայելուն», նշեց Վարդան Բոստանջյանը:
«Ուշացած քայլեր են», օրենսդիրի եւ գործադիրի աշխատանքը բնորոշեց Բագրատ Ասատրյանը: «Բյուջեն արդեն հաստատվել է», նկատեց նա:
Որ ֆինանսական ճգնաժամի հետեւանքներն ամբողջությամբ նոր պետք է արտահայտվեն, երկու բանախոսներն էլ համամիտ էին: Նրանց կանխատեսմամբ, ճգնաժամը կազդի գյուղատնտեսության, շինարարության վրա, կնվազեն տրանսֆերները, կաճի գործազրկությունը` համալրվելով սեզոնային աշխատանքի մեկնողներով: «Տրանսֆերները կկրճատվեն, սակայն մեր երկիրն այնքան ռեսուրսներ չունի, որպեսզի կարողանա փոխհատուցել այդ կրճատումները: Դեռեւս պարզ չէ, թե ինչով կզբաղվեն գարնանը սեզոնային աշխատանքի մեկնողները: Վիճակն այսօր ծանր է նաեւ Ռուսաստանում», ասաց Վարդան Բոստանջյանը: «Մնում է միայն գլուխն առնել ձեռքերի մեջ», եզրափակեց Բագրատ Ասատրյանը: