«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2008-12-13 | #233, 2008-12-16 | #234, 2008-12-17


ԹԵՆԳԻԶ ՄԻԿՈՅԱՆՑԻ «ՀԻՆ ԵՐԵՎԱՆԸ»

«Գաբոնե» պատկերասրահը վերջերս երկրորդ անգամ արդեն հյուրընկալում է վրաստանաբնակ հայ գեղանկարիչ Թենգիզ Միկոյանցին: Այս անգամ ցուցասրահում Հին Երեւանն է` գունային վառ արտահայտությամբ, կոնտրաստներով ու համադրություններով:

Հին քաղաքները ժամանակակից մարդու մեջ հետաքրքրություններից բացի ենթագիտակցական նոստալջիկ զգացումներ են արթնացնում: Թերեւս աշխարհի արագ փոփոխությունների մեջ փլուզվող ու կորչող` շատերիս հարազատ կամ գոնե այդպես թվացող նյութական ու բարոյական արժեքների ցավն է, որ առաջընթացի արդեն խելահեղ վազքի մեջ արթնացնում է մարդու պահպանողական միտքը (դրական առումով), անգամ` բնազդային մակարդակներում: Երբ հանկարծ հետ ենք նայում ու տեսնում, որ անվերադարձ կորցրել ենք մեր եւ մեր բնակավայրերի դիմագիծը: Մենք հիմա այլեւս չենք փնտրում հին Երեւանը, նրա ճարտարապետական` ինչ-որ չափով ամբողջական միջավայրը, որովհետեւ մեր քաղաքը կորցրել է դա: Առանձին շինություններ պահպանվել են, իհարկե, որոնց` քաղաքի կենտրոնում գտնվելու հանգամանքը ի վնաս այդ կառույցների է հիմա, որովհետեւ նրանց վրա տարաբնույթ կցակառույցներ են բարձրանում, թերեւս դրանցից մեկ-երկուսը հետաքրքրական համադրություն են ստեղծում` ճարտարապետական հին ու նոր մտածողության:

Թենգիզ Միկոյանցը ծնվել, ուսում է ստացել եւ ապրում է Վրաստանում, հայերեն գրեթե չի խոսում, հայկական միջավայր չունի. ապրում է վրացական շրջապատում: Հայկական ծագումը, սակայն, զգացնել է տալիս, ահա «Հին Երեւան» նկարաշարը-դրա դրսեւորումը: Կոնդը, Աստաֆյան փողոցը, շուկայի հրապարակը, կանանց վարժարանը, Գրանդ հոթելը, Թադեւոսյանի տունը, Սբ Սարգիսը, գինու գործարանը, Զանգուն, որոնք Թենգիզ Միկոյանցի կտավներում ապշեցնող վառ գունառատությամբ են ողողուն` կարմիրի ու դեղինի հակադրություններով հագեցած, ցուցասրահն ասես հրդեհելով: Մինչդեռ չգիտես ինչու հին քաղաքների միջավայրը պատկերանում է մեզ ավելի գունաթափ, գորշի կամ մոխրագույնի մթնոլորտում: Նկարիչը Երեւանի հին միջավայրն է փորձել ամբողջացնել` ճարտարապետությունը, փողոցային կյանքը (լապտերներ, ինքնաշարժեր), մարդկային շարժը:

Այս նկարները Թենգիզի վերջին մեկ տարվա աշխատանքներն են. հին Երեւանի պատկերը նկարիչը վերականգնել է արխիվային նյութերի, պահպանված լուսանկարների միջոցով. «Չկա այսօր հին Երեւանը, քաղաքը շատ է փոխվել. կիսառուսական, կիսաժամանակակից նկարագիր ունի: 1974-ին, երբ առաջին անգամ Երեւան եկա, քաղաքն արդեն փոխված էր: Մեկ տարի արխիվներն եմ ուսումնասիրել: Ինչպես վավերագրական ֆիլմ` կադրից կադր այս պատկերները վերականգնում են հին քաղաքի միջավայրը»: «Հին Երեւանի համար գույները շատ չե՞ն վառ», հարցնում եմ: Ինքը, թե` հայկական է:

«Ինչ ուզում է նկարի Թենգիզը, Երեւանը, Վենետիկը, թե Փարիզը, միեւնույն է` Թիֆլիսն է նկարում, ենթագիտակցաբար Թիֆլիսի ճարտարապետությունն է տեսնում, որովհետեւ դրանով է ինքը սնվել: Գույների համադրության, փոխներդաշնակության մեջ երաժշտություն եմ զգում: Իսկ ամենակարեւորըՙ ինքը ժամանակ առ ժամանակ փոփոխություն է մտցնում իր արվեստի մեջ, նոր շունչ է բերում», այդպես է կարծում ծագումով վրացահայ գեղանկարիչ Մայիս Մխիթարյանը:

Իմ մյուս զրուցակիցը Արամ Սարգսյանն է` «Արամե» պատկերասրահի տնօրենը: Նա անդրադարձավ մասնավոր պատկերասրահներին, դրանց սակավությանը` հինգ-վեց, այն էլ միայն Երեւանում, ինչը հասարակության մեջ կերպարվեստի հանդեպ վերաբերմունքի բացակայությամբ պայմանավորեց: «Մշակութային լուրջ միջոցառում եմ համարում գեղանկարչի անհատական ցուցահանդեսը: Իհարկե, օժտված նկարիչ է Թենգիզ Միկոյանցը, եւ շատ ուրախալի է նրա ներկայությունը «Գաբոնե» պատկերասրահում:

Ցավոք, ԶԼՄ-ների ակտիվություն չկա, եւ շատ լավ է, որ«Ազգը»մշակութային իրադարձությունները մանրամասնորեն լուսաբանում է: Երբեմն առիթ լինում է մասնակցելու որեւէ ռեստորանի բացմանը, եւ բազմաթիվ լրատվամիջոցների ներկայությունը զարմացնում է ինձ, այն դեպքում, երբ հայ գեղանկարչի անհատական ցուցահանդեսն ավելի մեծ կարեւորություն ունի, քան նման հերթական, շարքային հաստատությունները»:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4