«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2008-12-13 | #233, 2008-12-16 | #234, 2008-12-17


ՄԻ ԽՈՒՄԲ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐ ՆԱՄԱԿ ԵՆ ՀՂԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Մի խումբ գիտնականներ նամակ են հղել հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանին, սկզբում գոհունակություն հայտնելով աշխարհի առաջատար բուհերում սովորող Հայաստանի քաղաքացի եւ սփյուռքահայ ուսանողներին աջակցելու ծրագիրը հավանության արժանացնելու համար, որից հետո շարադրել են իրենց մտահոգության բուն խնդիրը:

Հարցն այն է, որ առ այսօր կառավարությունը որոշում չի ընդունել «ծրագիրը պետական հոգածության առարկա» դարձնելու, ինչն էլ խորապես անհանգստացրել է գիտնականներին ու ստիպել հարցը քննարկելու խնդրանքով դիմել վարչապետին: «Սա մտածված եւ մշակված փաստաթուղթ է: Եվ մենք ցավով ենք արձանագրում, որ այն առ այսօր հաստատված չէ: Սա է մեր մտահոգության առարկան, առավել եւս, եթե հաշվի առնենք, որ «Լույս» հիմնադրամը մրցույթ է հայտարարել կրթական ծրագրի գործադիր տնօրենի պաշտոնի համար: Հայցում ենք ձեր անձնական միջամտությունը, որպեսզի մեր քննարկումների հիմնական թեզը` կառավարական հայեցակարգի ընդունումն իրականություն դառնա հնարավորինս արագ եւ իրերը վերադառնան տրամաբանական ավարտ», ասվում է նամակում: Նամակին կից ստորագրությունների թերթիկի վրա նշված են 23 գիտնականների անուններ, որոնց մեջ են ակադեմիկոս Է. Չուբարյանը, ԳԱԱ թղթակից անդամներ Ռ. Կոստանյանը, Ա. Կիրակոսյանը, Լ. Աբրահամյանը, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Գ. Մելիքյանը եւ ուրիշներ:

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4