2008-ը հարուստ էր իրադարձություններով` ղարաբաղյան համատեքստում
Հայաստանում, Ադրբեջանում, Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների անցկացումը, նաեւ վրաց-ռուսական բախման օգոստոսյան իրադարձությունները թեեւ կարող էին դադարի վիճակի բերել ղարաբաղյան հարցով բանակցությունների ընթացքը, բայց դադարներից աշխատեցին խուսափել:
Այսպիսին էր Ղարաբաղից ժամանած անկախ փորձագետ Մասիս Մայիլյանի զեկուցման սկիզբը, որ ներկայացվեց Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի եւ Կովկասի ինստիտուտի նախաձեռնությամբ երեկ տեղի ունեցած «Ղարաբաղյան հիմնահարցի ընկալումը հասարակության կողմից եւ 2008-ը բանակցային գործընթացի արդյունքները» թեմայով քննարկմանը:
Անդրադառնալով ղարաբաղյան հիմնահարցի լուծմանն ուղղված բանակցային գործընթացի հիմնական արդյունքներին 2008 թ. ընթացքում` Մայիլյանը ընդհանրացրեց, որ այս տարի լուրջ էր ռազմական բախումը մարտի 4-ին ԼՂՀ հյուսիս-արեւելքում, երբ եղան զոհեր ու վիրավորներ, նաեւ Ադրբեջանը այլ ատյաններում հարցի քննարկման նպատակաուղղվածությամբ ՄԱԿ-ում մարտի 14-ին անցկացրեց «գրավյալ տարածքների» մասին բանաձեւ:
Տարին հարուստ էր ղարաբաղյան հարցի համար նախադեպային կարգի իրադարձություններով եւս: Ըստ Մայիլյանի, նախ փետրվարին Կոսովոյի անկախացումն էր, ապա օգոստոսին Ռուսաստանի կողմից հարավային Օսիայի եւ Աբխազիայի ճանաչումը: Ընդ որում, օգոստոսյան իրադարձությունները կտրուկ նվազեցրին Ադրբեջանի ռազմատենչ հռետորիկան, խթանեցին Թուրքիայի` տարածաշրջանում իր դերն ակտիվացնելուն ուղղված գործողություններն ու հայտարարությունները, որպես, օրինակ, կայունության պլատֆորմի ստեղծման գաղափարի:
Կարեւորելով նոյեմբերի 2-ին ստորագրված Սարգսյան-Ալիեւ հռչակագիրը` Մայիլյանը նշեց, որ այդ հռչակագրի դրականը մի քիչ խաթարվեց դրան հետեւած Իլհամ Ալիեւի Հռոմում բարձրաձայնական ռազմականությամբ: Ամեն դեպքում, արդեն դեկտեմբերին Հելսինկիում ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խումբը եւս մեկ անգամ կարեւորեց ու ընդգծեց հարցի միայն խաղաղ կարգավորման ընդունելի լինելը` մադրիդյան սկզբունքներին որոշ առումով լրացնող տեխնիկական փաստաթղթի հանձնմամբ:
Իսկ ընդհանուր առմամբ, Մայիլյանի մատուցմամբ, այս տարի դիրքորոշումների մոտեցում, կարելի է ասել, չի եղել, ու դրական է, որ միջնորդները գտնում են, որ ղեկավարների հանդիպումներից վստահության մթնոլորտ է ձեւավորվում:
Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն, իր հերթին, ներկայացրեց Հայաստանի քաղաքական դաշտի ու հասարակության կողմից հիմնախնդրի ընկալումն ու բանակցային գործընթացի արձագանքները:
Նախՙ տարբերակելով ղարաբաղյան հակամարտությունն ու բանակցային գործընթացը որպես կապված, բայց տարբեր երեւույթներ` Իսկանդարյանը առանձնացրեց, որ ԼՂ հակամարտության առումով կարեւոր էին մարտյան բախումներն ու օգոստոսյան իրադարձությունները, իսկ բանակցային գործընթացում` մոսկովյան հռչակագիրը, որում, ըստ քաղաքագետի, փաստացի գրված է, որ կոնֆլիկտը հիմա լուծել հնարավոր չէ: Ավելին, ըստ Իսկանդարյանի, մոսկովյան հռչակագիրն ավելի շուտ հետվրացական սինդրոմին է վերաբերում, քան հենց Լեռնային Ղարաբաղին:
Ինչ վերաբերում է հենց օգոստոսյան իրադարձություններին, ապա, Իսկանդարյանի գնահատմամբ, 5-օրյա պատերազմի հետեւանքով նախ թուլացավ Վրաստանի իմիջը, տարածաշրջանում Ռուսաստանից Հայաստանի հեռացումը մի քիչ ավելի ազատություն տվեց հայ-թուրքական հարաբերություններին: Թուլացավ նաեւ Ադրբեջանը` խուճապի մեջ հայտնվելով, քանի որ «վրացական բանակը փոշիացավ, մինչեւ կհայտնվեին ռուսները»:
Նույն այդ օգոստոսյան իրադարձությունների ֆոնին սկսվեց հայ-թուրքական փոխգործողության գործընթաց, ու անկախ սահմանի եւ հարաբերությունների վերականգնումից, Թուրքիայի նախագահի այցելությունը Երեւան, ցուցադրությունները, ի վերջո, նաեւ նախաձեռնված ստորագրահավաքը փոխում են տարածաշրջանային ֆոնը:
Առավել հետաքրքրական էր, որ, Իսկանդարյանի գնահատմամբ, այդ ամենը Հայաստանի վրա նախ ազդեց խուճապի ձեւով, քանի որ ինչպես լրատվամիջոցների մեծ մասը, այնպես էլ քաղաքական գործիչները շատ խոսեցին Արցախը հանձնելու մասին: «Հասարակությունը Հայաստանում միշտ սպասում է դրսից իրադարձությունների, որ վախենա», այսպիսին է քաղաքագետի պարզաբանումը:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ