«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#233, 2008-12-16 | #234, 2008-12-17 | #236, 2008-12-19


ՄՇԱԿՈՒՅԹՆ ԱՐՑԱԽԻ ԴԵՍՊԱՆՆ Է ԱՐՏԵՐԿՐՈՒՄ

ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Լեռնիկ Հակոբյան

- Պարոն նախարար, մշակույթը համարվում է յուրաքանչյուր երկրի դիմագիծը: Արցախի մշակույթն այս առումով ինչո՞վ է հատկանշվում, կա՞ն յուրահատկություններ:

- Արցախն ունի մշակութային բաղադրատարրեր, որոնք բնորոշ են հայկական այս հատվածին, մասնավորապես, կապված բարբառի, սովորույթների, ծեսերի նաեւ աշխարհաքաղաքական յուրահատկությունների հետ: Դրանք ամբողջանում են ու դառնում հայ ժողովրդի հարստությունը: Այն, ինչ ստեղծվել է դարերի ընթացքում, արդեն իսկ հայ ժողովրդի սեփականությունն է: Բայց մենք առաջ ենք նայում, նպատակ ունենալով բացահայտել այսօրվա մշակութային ներուժը: Կա մշակված պետական քաղաքականություն այս ուղղությամբ:

- Եթե կոնկրետացնենք ոլորտի խնդիրները, ի՞նչ բնութագրություններ ունեն դրանք, ասենք, նախարարության անելիքների շրջանակում:

- Առկա խնդիրներն իրենց բնույթով կարելի է բաժանել երկու մասի: Առաջին բլոկում ստեղծագործական ու ծրագրային խնդիրներն են, երկրորդումՙ վարչարարական եւ կադրային: Կարծես թե արդեն ձերբազատվել ենք անցումային շրջանի բարդույթներից. նկատի ունեմ հատկապես հետպատերազմյան ժամանակաշրջանը, երբ սոցիալ-տնտեսական խնդիրները գերակա էին: Այժմ ԼՂՀ կառավարությունը համալիր ուշադրություն է հատկացնում բոլոր ոլորտներին: Առաջնահերթը կցանկանայի նշել օպտիմալացումը համակարգում, որովհետեւ ուռճացումներ կան:

Այս համատեքստում, նոր տարվանից 5-6 պետական ոչ առեւտրային կազմակերպություններ վերակազմավորվելու են երկու խոշոր կառույցների: Ընդ որում, միավորվելու են միայն ՊՈԱԿ-ների վարչարարական կազմերը, իսկ ստեղծագործականները մնալու են անփոփոխ: Տնօրեններ են աշխատում հիմնականում մեր ամենալավ մասնագետներըՙ փոխանակ զբաղվելու ստեղծագործական խնդիրներով: Մշակութային խմբերն Արցախից դուրս ներկայացնելու խնդիրներ էլ ունենք: Արտասահմանյան հյուրախաղեր երբեմն լինում են, իհարկե, բայց դրանք պատահական բնույթ են կրում: Մի տեսակ մեկուսացած վիճակ է, եւ այն տպավորությունն է, թե արցախյան համույթները միայն տոնական օրերին համերգներով զվարճացնելու համար են: Մինչդեռ անժխտելի իրողություն է, որ եթե որեւէ համույթի հաջողվում է հանդես գալ արտերկրում կազմակերպվող փառատոներում կամ մրցույթներում, անպայման մի մրցանակ շահում է: Գոնե, սփյուռքի հայկական համայնքներում արցախյան մշակույթը ներկայացնելն անհրաժեշտ է: Ճշմարիտ է ասված, որ մշակույթն Արցախի դեսպանն է արտերկրում: Փորձում ենք եկող տարվանից ակտիվացնել կապերը սփյուռքի հետ:

- Խոսեցիք խնդիրներից, ուրեմն շարունակենք թեման: Խորհրդային տարիներին Արցախի հայապահպան կենտրոններից մեկը, եթե ոչ` գլխավորը, Ստեփանակերտի պետթատրոնն էր: Այժմ այդ թատրոնի մասին անցյալ ժամանակով են խոսում:

- Խիստ է ասված: Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը հիմա էլ կա եւ շարունակում է գործել: Եթե խոսենք անցյալ ժամանակով, ապա միայն` կյանքից արդեն հեռացած դերասանական աստղաբույլի մասին, որոնցով արժե հպարտանալ: Այլ հարց է, որ շենքային պայմանները բարվոք չեն: Բայց ստեղծել բարվոք պայմաններ, չի նշանակում ունենալ լիարժեք թատրոն: Առաջին հերթին պետք է դերասանական պրոֆեսիոնալ կազմ, բարձրակարգ ռեժիսոր: 2009թ. նախատեսված են միջոցներ թատրոնի շենքի նորոգման նախագծանախահաշվային աշխատանքների կատարման համար:

Երեւանում հանդիպումներ եմ ունեցել հայտնի ռեժիսորների, սցենարիստների հետ, եւ նրանցից ոմանք պատրաստակամություն են հայտնել աշխատել Ղարաբաղի թատրոնում: Եթե կարողանայինք նաեւ երիտասարդ, խոստումնալից դերասանների հրավիրել, որոնք ոչ թե սեզոնային ռեժիմով, այլ մշտական բնակության գային Ղարաբաղ, ապա թատրոնի ապագայի մասին կարելի կլիներ խոսել վստահ տեսլականով: Իհարկե, փորձում ենք լավագույնս օգտագործել նաեւ ունեցած ներուժը: Օրինակ, վերջերս կառավարության որոշմամբ առանձին գործող թատերական ստուդիան նորից կցվել է թատրոնին:

- Համաձա՞յն եք այն տեսակետին, թե Արցախի գյուղերում մշակութային կյանք, որպես այդպիսին, գոյություն չունի:

- Ցավոք, դա այդպես է: Վիճակը գուցե կարելի է բացատրել նաեւ այն փաստով, որ գյուղական մշակութային օջախները գտնվում են համայնքների ենթակայության տակ: Գյուղական ակումբների այդպիսի կարգավիճակը, մեղմ ասած, թույլ չի տալիս նախարարությանը լիարժեք մշակութային գործունեություն ծավալել գյուղերում: Ուսումնասիրել եւ գտել ենք վիճակը շտկելու մի այսպիսի տարբերակ. արդեն իսկ նոր տարվանից, մշակութային օջախները կատարվելիք աշխատանքների ծրագիրը կներկայացնեն նախարարություն, իսկ գերատեսչությունը կիրականացնի այդ ծրագրերի կատարման վերահսկողությունը` ցուցաբերելով համապատասխան մեթոդական օգնություն:

Հասկանալի է, որ դա ընդամենը խնդրի ժամանակավոր լուծում է, ուստի մոտ ապագայում նախատեսում ենք պատրաստել գյուղական ակումբները մշակութային գերատեսչական մարմնի ենթակայությանը վերադարձնելու վերաբերյալ մի նախագիծՙ ակնկալելով կառավարության միջնորդությամբ խորհրդարանում օրենսդրական տեսք տալ դրան:

- Մենք, կարծես թե, շրջանցեցինք երիտասարդության հետ կապված խնդիրները...

- Չենք շրջանցել: Երիտասարդության խնդիրները հատուկ ուշադրության տակ ենք պահում, եւ սա ԼՂՀ կառավարության ընդգծված քաղաքականությունն է:

Այսօր Ղարաբաղում գործում է տասնյակից ավելի երիտասարդական հասարակական կազմակերպություն, որոնք բոլորն էլ ակտիվ մասնակցություն ունեն երկրի հասարակական-քաղաքական կյանքին առնչվող իրադարձություններում: Մշակել եւ ընդունել ենք հայեցակարգ, որով կանոնակարգվում է այդ ՀԿ-ների գործունեությունը, այլապես մի տեսակ ինքնանպատակ կդիտվեն կազմակերպությունների նախաձեռնությունները:

- Մի խնդիր էլ, որ գուցե թե ռազմավարական նշանակություն ունի: Արդյո՞ք ճիշտ է, որ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության նստավայրը շուտով կտեղափոխվի Շուշի, այն նկատառումով, որ Շուշին պետք է նորից դառնա մշակութային կենտրոն:

- Գերատեսչության նստավայրով չի պայմանավորվում մշակույթի զարգացումը: Անշուշտ, հնարավոր ամեն ինչ արվում է, որպեսզի Շուշին վերագտնի երբեմնի մշակութային փառքը, բայց խնդրին պիտի մոտենալ համալիր ծրագրով: Արցախի հինավուրց մայրաքաղաքը ուրիշ շատ հիմնախնդիրներ էլ ունի, եւ դրանք գտնվում են գործադիր իշխանության նպատակային ծրագրերում: Կոնկրետ ձեր հարցի հետ կապված` խոսակցություններ կան, սակայն նախանշված ծրագիր այդ ուղղությամբ դեռ չկա:

Հարցազրույցը վարեց ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4