«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#233, 2008-12-16 | #234, 2008-12-17 | #236, 2008-12-19


«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ ԵՂԵԼ ԵՆ, ԿԱՆ ԵՎ ԿԼԻՆԵՆ »

Գիտաժողովՙ նվիրված «Արմենպրես» լրատվական գործակալության 90-ամյակին

Սենսացիաներ որսող, որ կատարում է ոչ թե հասարակության պատվերը, այլ ներքաշված է էժանագին խաղերում: Սա լրագրողի կերպարն է հոլիվուդյան ֆիլմերից շատերում: Կերպարի խեղաթյուրումն անհանգստացրել է մասնագետներին: «Եթե 1970-1980-ական թվականներին հոլիվուդյան ֆիլմերում լրագրողը դրական կերպար էր, այժմ ճիշտ հակառակն է: Սա, իսկապես, մտահոգիչ միտում է», ասաց Մոլդովայի «Մոլդպրես» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Վալերու Ռենիտան :

Լրագրողի դերի, լրագրության նոր մարտահրավերների ու տեղեկատվական պատերազմի խնդիրները քննարկելու համար դեկտեմբերի 18-ին ԵՊՀ-ում աշխատանքներն է սկսել «Տեղեկատվական պատերազմներ» գիտաժողովը: Երկօրյա գիտաժողովը նվիրված է «Արմենպրես» լրատվական գործակալության 90-ամյակին:

Գիտաժողովի բացման օրը պատահականորեն չէր ընտրվել: 1918 թվականի դեկտեմբերի 18-ին Հայաստանի առաջին հանրապետության Ազգային խորհրդի նիստում ընդունված օրենքով հիմնադրվել է Հայաստանի հեռագրական գործակալությունը: Հունվարի 12-ին այն հրապարակում է լուրերի առաջին փորձնական թողարկումը, իսկ ընդամենը երեք օր անց թողարկվում է առաջին պաշտոնական տեղեկագիրը:

«Արմենպրեսը» 90 տարվա ընթացքում ապացուցել է իր կենսունակությունը: Ոչ միայն Հայաստանում, այլեւ տարածաշրջանում առաջատար գործակալություններից է: Լրատվամիջոցների ճիշտ աշխատանքի շնորհիվ է միայն հնարավոր դիմակայել տեղեկատվական պատերազմներին: Տեղեկատվական անվտանգության խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է: Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են միջգերատեսչական հանձնաժողովի ձեւավորման եւ տեղեկատվական անվտանգության հայեցակարգի ստեղծման հարցերը», ասաց ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը : Հայեցակարգի ընդունումը կարեւորում է նաեւ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: «Տեղեկատվական պատերազմները միջպետական բնույթ են կրում», նկատեց Արմեն Աշոտյանը , սակայն վերջին նախագահական ընտրություններում, նրա կարծիքով, ներպետական տեղեկատվական պատերազմ էր ծավալվել: «Տեղեկատվական պատերազմը հյուծում է երկիրը եւ հնարավոր է միայն անցումային, ոչ լիարժեք ժողովրդավար երկրում», ասաց Արմեն Աշոտյանը:

Ոչ թե աշխարհից մեկուսանալ, այլ ներկայացնել սեփական արժեքները: ՀՀ մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանը նշեց, որ այդ սկզբունքն էական է տեղեկատվական անվտանգության ապահովման համար: ««Արմենպրեսի» անձնակազմը լրջագույն խնդիր ունի` մեծացնել Հայաստանի դերն աշխարհում: Լիսաբոնում տաքսիում ընկերոջս հետ հայերեն էի խոսում: Վարորդը, ի վերջո, չդիմացավ եւ հարցրեց, թե ինչ լեզվով ենք խոսում: Ասացինք` հայերեն: Նա ասաց, որ Հայաստանում երկրաշարժ է եղել: Աշխարհը մեզ ճանաչում է մեր դժբախտություններով, մինչդեռ պետք է հակառակը լիներ», ասաց Դավիթ Մուրադյանը:

Հայաստանի մասին տրվող տեղեկատվություն ստացողների ցանցն ընդլայնելու նպատակով վերջին տարիներին «Արմենպրեսում» կազմակերպվել է նաեւ անգլերեն լեզվով լուրերի խմբագրություն: «Արմենպրեսը» միջազգային ասոցիացիաների եւ ընկերակցությունների անդամ է, ակտիվ է երկկողմ համագործակցությունը արտերկրի գործակալությունների հետ: «Կարեւոր է տարածել տեղեկատվություն, որը կբխի ժողովրդի շահերից: Մեր հարեւան երկրները պարբերաբար խեղաթյուրված տեղեկություն են տարածում մեր մասին, բայց մենք առաջնորդվում ենք խաղաղության սկզբունքով: Օգտագործում ենք ինտերնետի հնարավորությունները: Հայաստանի արտգործնախարարության կայքը երկլեզու է, տեղեկատվություն ենք տեղադրում նաեւ այլ կայքերում», ընդգծեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը :

Ինտերնետը տեղեկատվության տարածման մատչելի ձեւ է, բայց եւ գրագողության ու ինֆորմացիայի աղճատման անսպառ հնարավորություն է տալիս: ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության գլխավոր խմբագրի տեղակալ Ալեքսեյ Բերեժկովը նշեց, որ լրատվական գործակալությունների նպատակներից է տարբերակել ճիշտ եւ կեղծ տեղեկատվությունը: «Տեղեկատվական պատերազմները եղել են, կան եւ կլինեն», նկատեց Ալեքսեյ Բերեժկովը:

Գիտաժողովի շրջանակներում բացվեց նաեւ «90 տարի Հայաստանի հետ» խորագիրը կրող ֆոտոցուցահանդեսը: «Ֆոտոցուցահանդեսը ներկայացնում է վերջին ինը տասնամյակների պատմությունը` առաջին հանրապետությունից մինչեւ անկախության վերահաստատում: Լուսանկարների միջոցով ցուցադրվում են 90 տարիների կարեւոր դրվագները: Ցուցահանդեսը կներկայացնենք նաեւ մարզերում», նշեց «Արմենպրես» գործակալության տնօրեն Հրայր Զորյանը : Լուսանկարների հեղինակները դեռ 1959 թվականին գործակալության կազմում հիմնված ֆոտոծառայության աշխատակիցներն են: Հիմնադրման օրից այս ծառայությունը դարձավ եւ շարունակում է լինել հանրապետության կյանքի նորությունների վերաբերյալ ֆոտոլրատվության առաջատար աղբյուրներից մեկը:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4