Որ լիարժեք կրթություն ստանալու համար հիմք է նաեւ մաքուր, գեղեցիկ ներքին հարդարանք ունեցող հաստատությունը` փաստ է: Խոսքն այս դեպքում վերաբերում է Լոռու մարզի` Ստեփանավանի Վահան Թեքեյանի անվան թիվ 6 դպրոցին: Բարի նախանձով կարելի է վերաբերվել նմանօրինակ դպրոցներին, քանի որ, ի տարբերություն Երեւանում գտնվող մի շարք կրթօջախների, այս մարզում գտնվող դպրոցը լավագույններից մեկը կարելի է համարել:
Ինչեւէ, արդեն ութ տարի շարունակ Թեքեյան մշակութային միության Ամերիկայի եւ Կանադայի վարչությունը, ամբողջ հայ համայնքից հանգանակված գումարները յուրաքանչյուր տարվա աշնանը նվիրաբերում է ՀՀ-ի Վահան Թեքեյանի անունը կրող բոլոր դպրոցների ուսուցիչներին:
2000-ին Թեքեյան մշակութային միության ու Սոցիալական հիմնադրամի շնորհիվ կառուցվեց Ստեփանավանի Վ. Թեքեյանի անունը կրող միջնակարգ դպրոցը: Դպրոցն ունի 520-540 աշակերտ, 47 ուսուցիչ եւ 10 օժանդակ աշխատող:
Երեկ դպրոց էին այցելել ԹՄՄ նախագահ Ռուբեն Միրզախանյանը , ԹՄՄ վարչության անդամ, ծրագիրը համակարգող Գայանե Մուրադյանը : Դպրոցում դասավանդող 47 ուսուցիչներին, ինչպես նաեւ 10 օժանդակ աշխատողներին այս անգամ էլ նվիրաբերվեց գումար:
Ռուբեն Միրզախանյանը դպրոցի տնօրեն Վլադիմիր Մարտիրոսյանի հետ շրջեց դասասենյակներով, ականատես եղավ նոր կատարված աշխատանքներին: Մինչեւ նոր դպրոց կառուցելը, տեղի աշակերտները իրենց դասընթացները անցկացրել են երկհարկանի մի շինությունում, որի դասասենյակներն անմխիթար վիճակում են եղել:
Այժմ դպրոցն ունի կանոնավոր ջեռուցման համակարգ, համակարգչային դասասենյակ, ինտերնետ ցանց, գրադարան, երգ-երաժշտության դասասենյակ եւ այլն:
Դպրոցի տնօրենն ու ուսուցիչներն իրենց երախտիքի խոսքը հայտնեցին նվիրաբերության, բարի գործերի համար:
Ի դեպ, Թեքեյան վարչությունը մոտակա ժամանակներս օգնություն կցուցաբերի նաեւ Արցախի` Բեր ձորի, Քաշաթաղի համայնքների դպրոցներին:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Լոռի-Երեւան