«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#233, 2008-12-16 | #234, 2008-12-17 | #236, 2008-12-19


ՀՐԱՅՐ ԿԱՐԱԽԱՆՅԱՆԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ

«Ոսկու փայլը փայլ է մնում միշտ: Նույնպիսի գեղեցկությամբ առինքնող ու ջերմացնող են Հրայր Կարախանյանի գործերը, որոնց հատուկ են երանգային ներդաշնակությունն ու գունային մակերեսների երաժշտական հնչողությունը: Չեմ կասկածում, որ դա չկորչող արժանիքի զգայուն տաղանդի խորհրդանիշ կընկալվի», գեղանկարիչ Հրայր Կարախանյանի գիրք-ալբոմում գրել է արվեստաբան Շահեն Խաչատրյանը:

Նկարչի տան 2-րդ հարկի ցուցասրահում շարունակվում է Հրայր Կարախանյանի աշխատանքների ցուցադրությունը: Բազմաշնորհ արվեստագետՙ որ սկզբնապես երաժշտության ասպարեզն է ընտրել, ուսանել Ռոմանոս Մելիքյանի անվ. երաժշտական ուսումնարանի դաշնամուրի բաժնում, ավելի ուշ գույնի մոգական աշխարհը նրան կլանել ու տարել է դեպի կերպարվեստ, սովորել է գեղարվեստաթատերական ինստիտուտում: Բազմաոճ նկարիչ է Հրայր Կարախանյանը, մասնավոր սեր է ունեցել որմնանկարչության հանդեպ: Ցավոք, նկարչի երկրային ուղին կարճ տեւեց, 2005-ին` 53 տարեկանում հեռացավ կյանքից: Գիրք-կատալոգում նկարչի մասին հուզիչ խոսքեր է գրել հայրը` մշակութաբան Գրիգոր Կարախանյանը:

Թեմատիկ ու ոճական առումով Հրայր Կարախանյանի վրձինը ճկուն եւ արտահայտչաձեւերում հաճախ փոփոխվող է. այս բազմազանությունն է, որ ցուցադրությունը ավելի հետաքրքրական է ներկայացնում` կտավից կտավ փոփոխվող նկարչի «ձեռագիրը» դիտորդի հայացքի մոնոտոնությունը ի չիք դարձնելով: Թեմատիկ փոփոխությունները անհրաժեշտաբար գունային արտահայտություններն են փոխում` դառնալով գորշ-թանձրավուն, երբեմն սառը, միապաղաղ, երբեմն էլ` անակնկալ-լուսավոր: Նկարչի մոտեցումները տարբեր են, տրամադրությունները` եւս: Բնապատկերներն ու գյուղական միջավայրը իրար ավելի մոտ են` գույնի ու քսվածքի առումով, ավելի մուգ երանգներ են գործածված, թանձրույթով, կուտակումներով, ուր խեղճություն, տխրություն, քարացած մի բան կա, ինչպես աշնանային կամ ձմեռային բնապատկերներում («Լքված գյուղը», «Աշուն-1996», «Աշունը գյուղում»):

Նկարչի` կանանց շարքը կարելի է երկու տարբեր խմբերի բաժանել` մայրություն, ընտանիք թեմաներին (հայուհիների շարքը) բնորոշ է կերպարային հեզությունն ու խոնարհությունը` ինչ-որ տեղ անազատ խեղճությունը: Բնորդուհիները միանգամայն տարբեր են` մերկ կամ կիսամերկ կանացի ֆիգուրներ` լեցուն, թարմ մարմնակառույցներով, ազատ վիճակներով: Միանգամայն տարբեր են իսպանական եւ վենետիկյան շարքերը, առաջինումՙ ընդգծված մարմնի պլաստիկայի, շարժումի, պարի, կրքի ցայտուն դրսեւորումներով («Ֆլամենգո», «Ցլամարտ», «Պարը»), երկրորդում` դիմակահանդեսային իրավիճակներ, դիմակների, դեկորների խաղ, որոնց գունային արտահայտությունները մնացած նկարներից շատ տարբեր են, այստեղ վառ երանգներ են առկա` դեղինի ու կանաչի զուգորդություններով, ներդաշնակ, խորհրդավոր տրամադրություններ:

Ինքնադիմանկարի բազմաթիվ աշխատանքներ կան ներկայացված` ներքին տարբեր վիճակների ընդգծված փոփոխություններով: Ուշագրավ են կանացի երկու պատկերները («Դիմանկար», «Կնոջ դիմանկարը»), որոնք ակնահաճո են գույնի եւ դիմարտահայտության ներդաշնակությամբ: Ընդհանուր թանձր, խիտ մակերեսներից, պատկերներից տարբերվում են աբստրակտ մտածողության դրսեւորումները, դրանք գունագծային թեթեւություն ու կյանքից պոկված զգացողություններով են օժտված, ինչպես «Թռիչք երազում», «Մշուշ», «Տեսիլք», «Կրկես» նկարները, ինչը հուշում է ստեղծագործությունների թեման:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4