«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#234, 2008-12-17 | #236, 2008-12-19 | #237, 2008-12-20


ԱԴՐԲԵՋԱՆԸ` ԽԱՆԱԿԱՆ, ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ` ՄԻԱՊԵՏ

Հարեւան Ադրբեջանում որոշել են վերադառնալ մի քանի դար առաջ, երբ ներկայիս Ադրբեջան կոչվող պետության տարածքում խանություններն էին: Այսպիսի տպավորություն էին թողնում այս տարի հոկտեմբերին Ադրբեջանում նախագահական ընտրությունների աներկբա ելքի հաստատումից հետո տարածված այն խոսակցությունները, թե «ադրբեջանական ժողովրդի համար փրկություն է, եթե Իլհամ Ալիեւը նախագահի էլի որոշ ժամանակ»:

Երեկ Ադրբեջանի խորհրդարանը դիմել է երկրի Սահմանադրական դատարանին` սահմանադրությունում որոշ փոփոխություններ մտցնելու հանրաքվե անցկացնելու առնչությամբ եզրակացություն ստանալու համար: Հենց այդ նախատեսվող փոփոխություններն էլ ամենահետաքրքրական հատվածով վերաբերում են Ադրբեջանի Հանրապետության սահմանադրությունից երկու ժամկետ անընդմեջ նախագահելուց ավելի չառաջադրվելու սահմանափակումը վերացնելուն:

Ի թիվս այլ փոփոխությունների, Միլի Մեջլիսը Սահմանադրական դատարանին է ներկայացրել նաեւ 40 հզ. ընտրողներին օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու հնարավորություն մտցնելու, ռազմական գործողությունների ժամանակ երկրում ընտրություններ չանցկացնելու եւ այլ փոփոխություններ:

Ըստ էության, Ադրբեջանը, լրագրողների հանդեպ մշտական ճնշումներով, յուրօրինակ «ժողովրդավարությամբ», ու դեռ դրան ավելացրած` խանության նկրտումներով չպետք է հավակնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը իր կազմում տեսնելուն, քանի որ, եթե անգամ դա հնարավոր է տեսականորեն պատկերացնել, դրա համար առավել քան ժողովրդավարական երաշխիքներ են պետք: Իսկ արդեն ալիեւյան դառնալու ճանապարհին Ադրբեջանը կարճ ուղի ունի անցնելու:

Մյուս կողմից, հետաքրքրական է, թե որքան ժողովրդավարական կգնահատեն այսօրինակ նախաձեռնությունը եվրոկառույցները, որոնց «ատամը» շատ դեպքերում որոշ պետությունների առումով ուղղակի «չի կտրում»: Թերեւս ավելի շուտ եւս մեկ ապացույց կունենանք, որ եվրոստանդարտները ոչ միայն երկակի են, այլեւ կիրառության դեպքում էլ ընտրովի են կիրառվում` ելնելով հավերժական շահերից եւ ոչ արժեքներից:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4