Ընդդեմ Արաբկիրի թաղապետարանի Ինֆորմացիայի ազատության կենտրոնի (ԻԱԿ) հայցով վճիռը կկայացվի դեկտեմբերի 30-ին: Այս մասին դեկտեմբերի 19-ին` այդ գործի դատաքննության ժամանակ հայտնեց գործը վարող դատավոր Հովսեփ Բեդեւյանը :
Ինֆորմացիայի ազատության կենտրոն հասարակական կազմակերպությունը 30.07.2008թ-ին տեղեկատվություն ստանալու հարցում է ներկայացրել Արաբկիր թաղային համայնքին, թեՙ համայնքին սեփականության իրավունքով քանի՞ բնակարան է պատկանում (այդ թվումՙ համայնքի հաշվեկշռում քանի՞ բնակարան է գրանցված), որոնցում բնակվում են այն բնակիչները, որոնք չեն սեփականաշնորհել իրենց բնակարանները, որոնք են այդ բնակարանների հասցեները, Աջափնյակի թաղապետարանը քանի՞ հայց է հարուցել սեփականության իրավունքով համայնքին պատկանող վերը նշված բնակարաններից բնակիչներին վտարելու պահանջով: Չորրորդ հարցմամբ կենտրոնը խնդրում էր ներկայացնել այդ դատական գործերի ելքի մասին տեղեկատվություն (քանի՞սն է բավարարվել, քանի՞սը` մերժվել):
Արաբկիրի թաղապետարանը 2008-ի օգոստոսի 6-ի գրությամբ մերժել է հարցվող 4 տեղեկություններից 2-ի մասին տեղեկատվության տրամադրումը, այն է` տեղեկատվություն չի տրամադրել, թե Արաբկիր համայնքին սեփականության իրավունքով քանի բնակարան է պատկանում (այդ թվումՙ համայնքի հաշվեկշռում քանի՞ բնակարան է գրանցված), որոնցում բնակվում են այն բնակիչները, որոնք չեն սեփականաշնորհել իրենց բնակարանները, ինչպես նաեւ չի հայտնել այդ բնակարանների հասցեները` պատճառաբանելով, որ այդ տեղեկությունները կարող են ստանալ համատիրություններից: ԻԱԿ-ը նման պատճառաբանությամբ պահանջվող տեղեկատվության տրամադրումը մերժելն անհիմն է համարում` գտնելով, որ դրանով խախտվում են անձի սահմանադրական իրավունքները, քանի որ համատիրությունները չէ, որ պետք է տեղեկատվություն տրամադրեն համայնքին պատկանող սեփականության մասին:
Վերոնշյալը հիմք ընդունելով` ԻԱԿ-ը ճանաչման եւ գործողության կատարման հայցով դիմել է ՀՀ վարչական դատարան` տեղական ինքնակառավարման մարմնի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու եւ որպես հետեւանք տեղեկատվություն տրամադրել պարտադրելու պահանջի մասին:
Ն. ՄՈՒՐԱԴՅԱՆ