Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը ամփոփեց 2008 թվականը
2008-ը նշանակալից ազդեցություն ունեցավ Երեւանի զարգացման վրա: Անցյալ տարի մայրաքաղաքի սոցիալ-տնտեսական գործունեության ծրագրով նախատեսված էր իրականացնել 154 մլրդ դրամի աշխատանքներ, կատարվել են ավելի քան 168 մլրդ դրամի աշխատանքներ, ինչը մոտ 9 տոկոսով ավելի էր նախատեսվածից: Այս մասին երեկ հրավիրած տարեմուտի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը : Քաղաքապետը նշեց, որ վերոնշյալից 106 մլրդ դրամը պետական բյուջեից կատարված ֆինանսավորումներն են, իսկ 53 մլրդ դրամըՙ մասնավորի կատարած ներդրումները: Շեշտվեց քաղաքապետարանի կողմից համաքաղաքային կապիտալ ծախսերի գրեթե կրկնակի ավելացումը: Դրանք կազմել են մոտ 27 մլրդ դրամ եւ ուղղվել լրացուցիչ ծրագրերի իրականացմանը: Երվանդ Զախարյանը փաստեց, որ աշխատանքների այդպիսի ծավալներ Երեւանում չեն գրանցվել վերջին 20 տարիների ընթացքում:
2008-ի առավել կարեւոր կառույցների մասին խոսելով, Երեւանի քաղաքապետը հիշատակեց Սարալանջի մայրուղու եւ «Այրարատ» կինոթատրոնից մինչեւ Ավետիսյան փողոց ձգվող նոր ճանապարհի կառուցումը: Փաստորեն կառուցվեց մայրաքաղաքի հարավն ու հյուսիսը շրջանցիկ ճանապարհով միմյանց հետ կապող մեծ մայրուղի, որը հնարավորություն է տալիս 5-7 րոպեում անցնելու այն ճանապարհը, որը նախկինում վարորդներն անցնում էին 30-40 րոպեում: Դա հնարավոր դարձավ պետական բյուջեից եւ «Լինսի» հիմնադրամից կատարված հատկացումների շնորհիվ: Երվանդ Զախարյանը տրանսպորտային երթեւեկության եւ ուղեւորափոխադրումների իրականացման կազմակերպումը համարեց լրջագույն հարց, որը լուծելու համար կառուցվում են շրջանցիկ ճանապարհներ, նոր խաչմերուկներ, հետիոտն ստորգետնյա եւ վերգետնյա անցումներ: Մոտ օրերս շահագործման կհանձնվի Նորք-Մարաշից Սարի թաղով մինչեւ Խորենացի փողոց գնացող ճանապարհը, կառուցման փուլում են Սեւանի մայրուղու, Նոր Նորքի ճանապարհի եւ «Հայռուսգազարդի» մոտակայքի կամուրջները:
Անցնող տարում լուծվեց եւս մեկ կարեւոր հարցՙ 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչներին նորակառուց բնակարաններով ապահովելը: Վերջերս եւս 100 ընտանիքներ ստացան նոր բնակարաններ: Ըստ քաղաքապետի, առաջիկա 2 տարիներին նոր բնակարաններ կկառուցվեն նաեւ 4-րդ կարգի վթարայնության 3 հանրակացարանների բնակիչների համար, որից հետո արդեն հնարավոր կլինի ասել, որ այդ հարցը 100 տոկոսով լուծված է:
Ավարտվել են փողոցների արտաքին լուսավորության անցկացման աշխատանքները, որից հետո կսկսվի համայնքային նշանակության փողոցների եւ բակերի լուսավորումը: Կանաչ տարածքներն այս տարի ավելացել են 100 հա-ով, տնկվել են 110 հազար ծառ: Այդ ծառերի կպչողականությունը, քաղաքապետի հավաստիացմամբ, 65-70 տոկոս է, քանի որ նախապես անց է կացվում ոռոգման ցանցը: 3 մլրդ դրամ արժողությամբ նախորդ տարի սկսված 2464 վերելակների հիմնանորոգումը նույնպես ավարտվել է այս տարի: Հիմնական խնդիրն այժմ նորոգված վերելակների պահպանումն է, մինչդեռ արդեն կան դեպքեր, երբ դրանք վնասում են նույն շենքի բնակիչները: Հաջորդը դպրոցները ջեռուցմամբ ապահովելու ծրագիրն է: 2008-ին 61 դպրոցներ ունեցան տեղային ջեռուցում: Այդպիսի ջեռուցում ունեցող դպրոցների թիվը հասել է 156-իՙ 202-ից: Մնացած դպրոցներն էլ ապահովված են էլեկտրական սալիկներով:
Տրանսպորտային խնդիրների մասին խոսելով, քաղաքապետը նշեց, որ այս տարի նախատեսված 150 ավտոբուսներից բերվել եւ մայրաքաղաքում գործում են 113-ը, իսկ մնացածը մոտ օրերս կհասնեն Հայաստան: Մշակվել է եւ շուտով կհաստատվի նոր երթուղային ցանցը, որով միկրոավտոբուսների թիվը մինչեւ 2010 թվականը կնվազեցվիՙ ներկայիս 2600-ից հասցնելով 650-ի, փոխարենն էապես կավելանան մեծ տարողությամբ ավտոբուսները: Սակայն տրանսպորտային խնդրի լուծման համար քաղաքապետը կարեւոր համարեց մետրոպոլիտենի զարգացումը եւ նոր կայանների կառուցումը: Նրա հավաստմամբ, ամեն ինչ պետք է անել վերսկսելու համար մետրոպոլիտենի ընդլայնման աշխատանքները:
Մայրաքաղաքի համար ամենալուրջ հարցերից մեկը Երվանդ Զախարյանը համարեց աղբահանությունը: Նա նշեց, որ աղբահանության եւ աղբի մշակման գործարանի կառուցման միասնական ծրագրի իրականացման համապատասխան ուսումնասիրություններ է կատարում Համաշխարհային բանկը, եւ 2009-ի օգոստոսին այդ առթիվ մրցույթ կհայտարարվի: Խոսելով 2009-ի ծրագրերի մասին, Երվանդ Զախարյանը հայտնեց, որ եկող տարի նախատեսվում են 18 մլրդ դրամի համաքաղաքային կապիտալ ծախսեր, եւ համոզմունք հայտնեց, որ նախատեսված բոլոր ծրագրերը կիրականացվեն:
«Ազգի» այն հարցին, թե հնարավոր կլինի՞ պահպանել 2008-ին մայրաքաղաքում իրականացված խոշորածավալ քաղաքաշինական ծրագրերի իրականացման տեմպերըՙ նկատի ունենալով միջազգային ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը, Երվանդ Զախարյանը պատասխանեց, որ միջազգային ֆինանսական ճգնաժամն անպայման իր ազդեցությունը կունենա նաեւ Հայաստանի վրա: Ուստի, Երեւանի դեպքում քաղաքային եւ համայնքային իշխանությունների խնդիրն այն է, որ ավելի պատասխանատու գործեն, այդ թվում` ներդնողների հետ: Խոսելով կառուցապատման ծրագրերի մասին, Երեւանի քաղաքապետը տեղեկացրեց, որ Կոնդում եւ 33-րդ թաղամասում իրացման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են եւ կառուցվում են առաջին շենքերը, իսկ Կոզեռնում իրացումը կսկսվի 2009-ի առաջին եռամսյակում:
Մի խոսքով, կարելի է ենթադրել, որ 2009-ին նույնպես մայրաքաղաքում կիրականացվեն քաղաքաշինական ծրագրեր, որոնք տրամաբանական շարունակությունը կդառնան անցնող 2008-ին կառուցված նոր ճանապարհների, հանգույցների, շենքային համալիրների եւ այլ կառույցների, որոնք դրականորեն փոխեցին մեր քաղաքի նկարագիրը, բարելավեցին տրանսպորտային եւ հետիոտն երթեւեկը, խնայելով երեւանցիների միջոցներն ու ժամանակը:
Ա. Մ.