«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#236, 2008-12-19 | #237, 2008-12-20 | #238, 2008-12-23


«ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ»-Ի ՆՈՐ ԽԱՉՔԱՐ-ՀՈՒՇԱԿՈԹՈՂ ԱՎԱՆՈՒՄ

Երեւանի Ավան համայնքի թիվ 170 դպրոցի բակը բազմամարդ էր. Վարազդատ Համբարձումյանի ձեռքով կերտված հերթական խաչքարն էր տեղադրվում դպրոցի բակում: Խաչքարի բացումն ուղեկցվեց ռազմագիտության դասարանի անվանակոչությամբ` ազատամարտիկ Մարատ Մխիթարյանի անվամբ:

«Ազատամարտիկ» ռազմահայրենասիրական բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ եւ «Վիվասել» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հովանավորությամբ արցախյան հերոսամարտի մասնակիցների հիշատակի ու այդ անօրինակ հերոսական պայքարի հավերժացման մի նոր ներդրում էլ խաչքար-հուշակոթողն էր, որ բացվեց թիվ 170 դպրոցի բակում` հոգեւոր օրհնությամբ, բազմաթիվ հյուրերի, նաեւ Ավանի թաղապետի մասնակցությամբ:

2003 թվականին հիմնված «Ազատամարտիկ» կազմակերպության վարչության նախագահ Հայկ Հարությունյանի խոսքերով, կազմակերպությունը նախաձեռնել է խաչքարերի տեղադրումը` դպրոցներում ռազմահայրենասիրական ոգին բարձրացնելու նպատակով: Ավելի քան 70 խաչքար կտեղադրվի տարբեր դպրոցների բակերում:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4