«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#237, 2008-12-20 | #238, 2008-12-23 | #239, 2008-12-24


«ՏՐՎՈՒՄ ԵՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ, ՈՐ ԲՈԼՈՐ ԱՊՕՐԻՆԻ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՍՈՒՐԲ ՆՈՐԱՇԵՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՇՈՒՐՋԸ ԿՎԵՐԱՑՎԵՆ ԵՎ ԿԲԱՑԱՌՎԻ ՆՄԱՆ ՄԻՋԱԴԵՊԵՐԻ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՊԱԳԱՅՈՒՄ»

Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանի պատասխանները «Ազգ» թերթի հարցերին

- Պրն դեսպան, Հայաստանի նախագահի եւ վարչապետի այցելություններից հետո ի՞նչ էական փոփոխություններ, եթե այդպիսիք կան, կարելի է գրանցել հայ-վրացական հարաբերություններում:

- Հարավային Կովկասի տարածաշրջանը 2008 թվականին դարձավ յուրօրինակ քաղաքական նախաբեմ, որտեղ պարզորոշ եւ ցայտոն արտացոլվեցին արդի աշխարհաքաղաքական հակասություններն ու բախումները, համաշխարհային զարգացման հիմնական միտումները: Տարածաշրջանի պետությունները հայտնվեցին ազդեցության ոլորտների, տրանսպորտային կոմունիկացիաների, էներգառեսուրսների համար համաշխարհային տերությունների լարված եւ երկարատեւ պայքարի կիզակետում: Նման իրավիճակներն օբյեկտիվորեն պայմանավորեցին հարավկովկասյան պետությունների տարբերակված արտաքին քաղաքական առաջնայնությունները տարբեր տերությունների հետ եւ հարաբերությունների առանձնահատկությունները: Անկախ արտաքին գործոններից, Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները անկախություն ձեռք բերելուց հետո այնուհանդերձ միշտ կրել են բարեկամական եւ կառուցողական բնույթ:

Օգոստոսյան իրադարձությունները սկզբնական շրջանում մի շարք քաղաքագետների մեջ առաջացրին երկյուղներ եւ կանխագուշակումներ, որ եղբայրական երկրների հարաբերություններում հնարավոր է սառնություն եւ նույնիսկ վատթարացում առաջանա: Սակայն հաստատվեց անհերքելի այն փաստը, որ հայ-վրացական հարաբերությունների բարձր մակարդակը ենթակա չէ վերանայման եւ փոփոխման: Հայաստանի Հանրապետության նախագահի, վարչապետի, արտաքին գործերի նախարարի այցերը Վրաստան մեկ անգամ եւս հավաստեցին, որ այդ հարաբերություններն անսասան են: Վերոնշյալ այցերը մեր երկրների ղեկավարությանը թույլ տվեցին համադրել ու վերլուծել մեզ հուզող բոլոր խնդիրները, կարծիքներ փոխանակել հնարավոր հեռանկարների եւ ճգնաժամի արդյունքում ծառացած հիմնախնդիրների լուծման շուրջը: Ընդսմին, բանակցություններն ընթացան սկզբունքային, բարիդրացիական մթնոլորտում եւ հիմնական հարցերի առումով կողմնորոշված էին առավելագույն փոխըմբռնման տրամադրության: Բնական է, որ մեր երկրի ղեկավարության այցերը Վրաստան այդ օրերին էլ ավելի ամրացրին փոխվստահությունը երկու երկրների միջեւ: Ձեւավորվեցին նախադրյալներ մեր գործընկերությունը որակական նոր մակարդակ փոխադրելու, համատեղ տնտեսական եւ տրանսպորտային նախագծեր իրականացնելու համար:

- Սպասվո՞ւմ է արդյոք Վրաստանի նախագահի եւ վարչապետի փոխադարձ այցելություն Հայաստան:

- Անտարակույս, հաշվի առնելով մեր արդի քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը եւ հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստի արձանագրությունում ամրագրված հեռանկարային պայմանավորվածությունների եւ նախագծերի ողջ համալիրը: Համագործակցության այդպիսի մակարդակը պահանջում է մշտական կապեր եւ խորհրդակցություններ: Այսպես, 2009 թվականին նախատեսվում են Վրաստանի նախագահի, վարչապետի, խորհրդարանի նախագահի եւ արտաքին գործերի նախարարի այցելությունները Հայաստան: Ստույգ ժամկետները կհամաձայնեցվեն դիվանագիտական խողովակներով:

- Ի՞նչ իրավիճակ է ներկայումս Ս. Նորաշեն եկեղեցու նկատմամբ ոտնձգությունների առումով: Ի՞նչ կոնկրետ քայլեր են իրականացվում ու պայմանավորվածություններ կա՞ն եկեղեցին ոտնձգություններից ապահովագրելու ուղղությամբ:

- Հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստից հետո ես առիթ ունեցա հանդիպելու Վրաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ ստացա այն միանշանակ տպավորությունը, որ ներկայումս իրավիճակը գտնվում է Վրաստանի քաղաքացիական իշխանությունների ուշադրության կենտրոնում: Մասնավորապես, տրվում են երաշխիքներ, որ բոլոր ապօրինի կառույցները Սուրբ Նորաշեն եկեղեցու շուրջը կվերացվեն եւ կբացառվի նման միջադեպերի կրկնությունը ապագայում: Դրա հետ մեկտեղ կրոնական ծայրահեղականների կողմից հայկական եւ ոչ հայկական եկեղեցիների նկատմամբ ոտնձգությունների իսպառ բացառման լիակատար երաշխիքը պետք է դառնա իրավական ակտերի այն համալիրը, որը կկարգավորի միջեկեղեցական հարաբերությունները եւ կսահմանի եկեղեցական համայնքների կարգավիճակը: Խոսքս ամենից առաջ վերաբերում է Վրաստանում «Կրոնի մասին» օրենքի ընդունմանը, որը բազմաէթնիկ եւ բազմադավան երկրում պետք է դառնա հիմնարար այն փաստաթուղթը, համաձայն որի նորմատիվ դաշտ է ստեղծվելու: Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, Հայաստանյայց առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը Վրաստանի իշխանությունների հետ գտնվում են մշտական երկխոսության մեջ` նորմատիվային այդ ակտի ընդունման, ինչպես նաեւ Վրաստանի կառավարության հետ առաջիկայում կոնկորդատ (համաձայնագիր) կնքելու նպատակով: Կա նաեւ մի այլ տարբերակ` Վրաստանի քաղաքացիական օրենսգրքում կատարվում են այնպիսի փոփոխություններ, որոնց համաձայն Վրաստանում գործող ավանդական կրոնական փոքրամասնությունները գրանցվում են որպես կրոնական հաստատություն կամ կառույց եւ դառնում հանրային իրավունքի սուբյեկտ: Մեր նպատակն է` թեմի իրավական կարգավիճակի սահմանումը եւ դրա հետ փոխկապակցված այլ հարցերի, այդ թվում եկեղեցիների վերադարձման հիմնախնդրի կարգավորումը:

- Այս տարվա ընթացքում բազմաթիվ իրադարձություններ առնչվում էին Ս. Նորաշեն եկեղեցուն: Վրացի քահանաների ոտնձգությունները, պարզվում է, միայն Թբիլիսիում չեն, այլեւ, օրինակ, Ջավախքի Սամսար գյուղում: Ի՞նչ է պատրաստվում իրականացնել դեսպանությունը նման քայլերը կանխելու համար:

- Սամսար գյուղի եկեղեցական համալիրի շուրջը միջադեպը տեղի է ունեցել 2006 թվականի հուլիսին ու կարգավորվել է կառավարությունների եւ Վիրահայոց թեմի ջանքերով: Ներկայումս Սամսարի եկեղեցական համալիրի հարցի առնչությամբ միջեկեղեցական բարդույթներ չկան:

- Հաջորդ տարի ի՞նչ է նախատեսվում հայ-վրացական հարաբերությունների տիրույթում: Ծրագրվո՞ւմ է արդյոք վրաց իշխանությունների հետ քննարկել հայկական եկեղեցու կարգավիճակը լուծելու հարցը:

- Ինչպես արդեն նշվեց, հաջորդ տարի ակնկալում ենք փոխշահավետ կառուցողական մեր գործընկերության հետագա զարգացում: Բավական է նշել Երեւան-Բաթում ռազմավարական նշանակության ճանապարհի շինարարության նախագիծը, որն անցնելու է Ջավախքի տարածքով: Այդ նախագծի կենսագործումը ոչ միայն կընդլայնի բարեկամական երկրի հետ կապող տրանսպորտային համակարգը, այլեւ հնարավորություն կընձեռի զգալի չափով զարգացնելու հայաբնակ տարածաշրջանի տնտեսական ենթակառուցվածքը:

Սուրբ Նորաշեն եկեղեցու շուրջը ծագած իրավիճակը ցույց է տալիս, որ հիմնախնդրի արդարացի լուծման հետագա ձգձգումն անխուսափելիորեն կավելացնի հարցը քաղաքականացնելու «ջատագովների» թիվը, ինչը չափազանց անցանկալի ու վտանգավոր է: Սուրբ Նորաշենի եւ Վրաստանում մյուս հայկական եկեղեցիների դավանական պատկանելությունը սահմանելու համար հայ-վրացական հանձնաժողով ստեղծելու վրացական պատրիարքության առաջարկությունը նվազ արդյունավետ է: Ակամա հիշում ես թեւավոր արտահայտությունը` եթե ցանկանում ես հեռանալ հիմնախնդրից կամ խճճել այն, ապա ստեղծիր հանձնաժողով:

Վերստին կցանկանայի հավաստել, որ Վրաստանի ղեկավարությունը միանշանակորեն տրամադրված է արդարացի եւ կառուցողական լուծելու հայկական եկեղեցիների հիմնահարցը, եւ հուսով եմ, որ հաջորդ տարի մեր երկրները կկարողանան գտնել երկու կողմերի համար փոխընդունելի տարբերակ:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4