«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#237, 2008-12-20 | #238, 2008-12-23 | #239, 2008-12-24


«ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ ԳԱՂԱՓԱՐԻՑ ԴԱՐՁԱՎ ԿՈՆԿՐԵՏ ԾՐԱԳԻՐ»

Ասաց տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը

Տարվա ամփոփիչ մամուլի ասուլիսով հանդես գալու հերթը երեկ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանինն էր: Նա նախ ներկայացրեց ճանապարհաշինության ոլորտում 2008-ին իրականացված երեք խոշոր ծրագրերը: Մասնավորապես, պետական բյուջեից իրականացվել են 5,6 մլրդ դրամի ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ: «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով Արմավիր-Իսահակյան-Գյումրի ճանապարհի 25 կմ նորոգվել է եւ սկսվել մնացած 275 կմ-ի հիմնանորոգումը: Այս ծրագրով նախատեսված է 67 մլն դոլար: Ասիական զարգացման բանկի հատկացրած գումարը մոտ 42 մլն դոլար էՙ ներառյալ Հայաստանի կառավարության մոտ 11 մլն դոլար համաֆինանսավորումը: Այս միջոցներով կնորոգվեն 227 կմ ճանապարհներ Գեղարքունիքի, Արմավիրի եւ Կոտայքի մարզերում: Այս տարի սկսվել են 109 կմ ճանապարհի նորոգման աշխատանքները: Ասիական զարգացման բանկը այս տարվա նոյեմբերին ավելացրեց տրված գումարը եւս 17,3 մլն դոլարով:

Գուրգեն Սարգսյանն առանձնացրեց Հայաստանի եւ Վրաստանի նախագահների այս տարվա հոկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածությամբ Երեւան-Գյումրի-Բաթում նոր ճանապարհի կառուցման կարեւորությունը, որը մոտ 30 տոկոսով կկրճատի ներկայիս ճանապարհը, կնպաստի բեռնափոխադրումների ծավալների ավելացմանը եւ զբոսաշրջության զարգացմանը: Նախարարը տեղեկացրեց, որ Ասիական զարգացման բանկի հատկացրած 1 մլն դոլարով սկսվել է այս ճանապարհի կառուցման ուսումնասիրությունը: Ըստ Գուրգեն Սարգսյանի, Վրաստանի տարածքում ճանապարհի կառուցումը կֆինանսավորվի այդ երկրի պետական բյուջեից, Ասիական զարգացման բանկից եւ «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամից:

Ավտոփոխադրումների համակարգում գործում են 733 միկրոավտոբուսային եւ ավտոբուսային երթուղիներ, այդ թվում 150-ը` Երեւանում: Տրանսպորտի եւ կապի նախարարն անդրադարձավ տաքսիների լիցենզավորման գործընթացին, տեղեկացնելով, որ մինչ այժմ լիցենզավորված 5600 տաքսիներից 1100-ը լիցենզավորվել են վերջին 2 ամսվա ընթացքում: Տեղեկացվեց նաեւ, որ նախարարությունը նախաձեռնել է «Հայավտոկայարան» ընկերությունը կոնցեսիոն կառավարման հանձնելու գործընթացը, եւ ներդնողների համար գրավիչ դարձնելու համար ավտոկայարաններում իրականացվում են կառուցվածքային բարեփոխումներ:

«Հարավկովկասյան» երկաթուղու ներդրումների մասին տրված հարցին Գուրգեն Սարգսյանը պատասխանեց, որ ներդրումներ են համարվելու միայն այն ներդրված գումարները, որոնք համապատասխանում են կոնցեսիոն պայմանագրի դրույթներին, ինչի մասին համապատասխան տեղեկանք նախարարությանը պետք է ներկայացնի ընկերությունը: Շարունակելով երկաթուղու թեման, նախարարը այս անգամ եւս հավաստիացրեց, որ մեծ հետաքրքրություն կա Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման նախագծի նկատմամբ մի շարք միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից: «Անցնող տարում երկաթուղու կառուցման գաղափարը մտքից դարձավ կոնկրետ ծրագիր», ասաց Գուրգեն Սարգսյանը:

Հեռահաղորդակցության ոլորտում տրանսպորտի եւ կապի նախարարը շեշտեց բջջային կապի երրորդ օպերատորիՙ ֆրանսիական «Օրանժի» մուտքը շուկա: Նա նաեւ անդրադարձավ մի շարք գյուղերում ռադիոհեռուստատեսային հաղորդումների հեռարձակման ընդլայնման քայլերին: Իսկ այս տարվա ընթացքում կառուցված Երեւան-Մեղրի 14 կայանից բաղկացած միկրոալիքային ռադիոգիծը թույլ կտա ավելացնել դեպի հարավային մարզեր հեռահաղորդման կապուղիները, որը նպաստավոր կլինի հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների գործունեության համար:

Միջազգային ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը իր ղեկավարած համակարգի վրա Գուրգեն Սարգսյանը չբացառեց, ասելով, որ ճգնաժամից դուրս են գալիս ենթակառուցվածքների միջոցով, ուստի եկող տարի կշարունակեն ճանապարհաշինական ծրագրերը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4