«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#237, 2008-12-20 | #238, 2008-12-23 | #239, 2008-12-24


ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՇԵՆՔ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

Դեկտեմբերի 23-ին տեղի ունեցավ Վանաձորի հարկային տեսչության նորակառույց շենքի հանդիսավոր բացումը, որին մասնակցում էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը, պաշտոնյաներ, հյուրեր:

Բացման խոսքում Վանաձորի հարկային տեսչության պետ Հենրիկ Քոչինյանը նշեց, որ նորակառույց շենքի շահագործումը կարեւոր իրադարձություն է եւ նման պայմաններ հանրապետությունում երեւի քչերը կունենան:

Շուրջ 53 աշխատող ունեցող Վանաձորի հարկային տեսչությունը սպասարկում է մոտ 5 հազար հարկատուների: 1620 քմ ընդհանուր մակերեսով շենքն ապահովված է տեխնիկական բոլոր հնարավորություններով: Վարդանանց-11 Ա հասցեում գործող հարկային տեսչությունն ունի ջեռուցման, անվտանգության ազդանշանային համակարգեր, համակարգչային ցանց: Շինարարությունն իրականացրել է. «Ա. Հակոբյան» ՍՊԸ-ն:

Բացման արարողությունից հետո վարչապետն անդրադարձավ նաեւ համաշխարհային տնտեսական ճգնաժամի հնարավոր ազդեցությանը մեր երկրի տնտեսական վիճակին:

- Այսօր մեր ուշադրության կենտրոնում են «Վանաձոր-քիմպրոմը» եւ Ալավերդու պղնձաձուլական գործարանը,- ասաց նա:- Ալավերդու գործարանն այժմ բանակցում է իր հիմնական գործընկերոջՙ ՎՏԲ բանկի հետ: Կարծում եմՙ 2009-ին հնարավոր կլինի շուրջ 50 մլն դոլարի ներդրումային ծրագիր իրականացնել:

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4