Իսկ «Բջնիի» աճուրդին խորհուրդ է տալիս չմասնակցել
«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը վերջերս ամեն քառօրյայից առաջ պատասխանում է լրագրողների հարցերին:
Պատասխանելով «Բջնիի» աճուրդին մասնակցելո՞ւ է հարցին, ԲՀԿ նախագահը բավական խիստ նկատեց. «Ես, որպես Գագիկ Ծառուկյան, Խաչիկ Սուքիասյանի ընկերն եմ եղել եւ գործընկերը, երբեք ոչ կմասնակցեմ, ոչ էլ խորհուրդ կտամ այդ աճուրդին մասնակցել»:
Վարչապետի փոփոխության խոսակցություններին, որոնք կապում են Ծառուկյանի անձի հետ, Ծառուկյանը այսպես անդրադարձավ. «Ես ոչ թե կուսակցություն եմ ստեղծել պաշտոնի համար, այլ...». նա շարունակեց, թե հենասյուներից մեկն է, եւ եղած-չեղածը երկրում ներդնող, երկիրը, ժողովրդին, իր գործը սիրող մարդը պետք է չարչարվի, որ կարողանա լավ բան անել...
Գո՞հ եք վարչապետի աշխատանքից, ճգնաժամը կարո՞ղ է հաղթահարել` իրենց ուզածը փորձեցին ստանալ լրագրողները. «Էսօր վարչապետը պետք է մտածի ժողովրդի մասին, պետք է քայլեր կատարվեն, իսկ այդ քայլերն էլ ժողովուրդը պետք է զգա եւ դուք պետք է զգաք: Կարճ ժամանակահատվածում դա չի երեւում, բայց եթե այդ պաշտոնը ստանձնել է` նա պարտավոր է իր աշխատանքով ցույց տալ ու ապացուցել նախկինից ավելի լավը»: Մի խոսքով` լրագրողների ուզածը չասաց:
Տեղեկացրեց, որ խմբակցության նիստում Հայաստանում ճգնաժամի խնդիրը քննարկել են. «Նայելով ամբողջ աշխարհին` մենք պետք է հնարավորություն տանք թեթեւացնելու գործարարների հոգսը, որ գործազրկություն, աշխատատեղերի կրճատում, աշխատավարձի նվազում չլինի, դրա համար պետք է արտոնություններ տրվեն: Կրիզիս է` մենք պետք է հնարավորություն տանք գործարարին, որ աշխատատեղ չփակվի, մարդիկ ռոճիկով աշխատող-ապրող են: Եթե գործազրկություն լինի` նրանք չեն կարողանա իրենց ընտանիքը պահել: Դրա համար մենք այսօր պետք է քայլեր կատարենք: Ամբողջ աշխարհը` Ամերիկայից սկսած, Ռուսաստանով վերջացրած, արտոնություններ, հնարավորություններ է տալիս մարդկանց: Հարկային փաթեթին էլ դեմ ենք (խոսքը օրեր առաջ խորհրդարանում հանձնաժողովների մակարդակով քննարկված հարկային փոփոխությունների մասին է-Մ.Խ.), կլինի վարսավիրանոց, հյուրանոց, տաքսի ծառայությունները. էսօր պետք է թեթեւացնես, հնարավորություն տաս մարդկանց այդ վիճակից դուրս գալու: Եթե օբյեկտները փակվեն` գործազրկություն է լինելու, եթե այդ փաթեթն այս տեսքով գա` մենք դեմ ենք քվեարկելու: Մեզ նման հզորների վրա այդ փոփոխությունները չնչին ազդեցություն են ունենալու, բայց փոքր բիզնեսի վրա, որ 5-10 աշխատող ունի, կազդի, պետությունը պետք է հնարավորություն, արտոնություն տա, որ գոնե մարդն այդ 5-10 հոգուն կարողանա պահել»:
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի առաջարկներն իրագործելի՞ են, ի՞նչ է մտածում համաներման, «7-ի գործով» դատավարության մասին. «Եթե մտել ենք Եվրոխորհուրդ, պարտավոր ենք պարտավորությունները կատարել», ասաց` նկատելով, թե պետք է սպասել դատավարության ելքին` միգուցե «էդ մարդկանց դատարանից բաց թողնեն, նստածով բավարարվեն»: Իսկ համաներումը երկրի նախագահն է որոշում: Բայց, հիշեցրինք, հունվարի 29-ին մեզ ձայնից սպառնում են զրկել. «Ոչ մեկն էլ չի կարող զրկել` մինչեւ դատավարությունը չավարտվի: Կամ քաղբանտարկյալ որ ասում են` էսօր որեւէ մեկը քաղբանտարկյալ հոդվածով նստած կա՞: Դատավորը կնայի եւ համապատասխան վճիռ կկայացնի: Ուրիշ»:
Խորհրդարանի լուծարման խոսակցությունը նորից ուժգնացել է մամուլում. «Այս կրիզիսի պահին բոլորը պետք է մտածեն` ցնցում չլինի, կարողանան մեր ժողովրդի համար այնպիսի պայմաններ ստեղծել, որ մարդիկ այս վիճակից դուրս գան` աշխատեն, իրենց ընտանիքները պահեն: Այսօր ամեն մի ցնցում կկործանի իր երկիրը: Այնպես որ այդպիսի խնդիր չի կարող լինել, եւ ոչ մեկն էլ չպետք թույլ տա այդպիսի քայլ անել: Կրիզիսը քի՞չ էր, հիմա մի հատ էլ խորհրդարանական ընտրությո՞ւն...Մեզ մոտ ճգնաժամի առաջին փուլը թեթեւ անցավ, որովհետեւ մեր բանկային համակարգերը լավ չեն աշխատել, գործարարները բանկերից չեն օգտվել, ամեն մարդ իրա անձնականով է աշխատել, երկրորդ ալիքն արդեն զգացնել է տալիս բոլորի համար` ապրանքների գներն իջնել-բարձրանալն արդեն լուրջ խնդիր է: Ասում են մինչեւ գարուն, բայց հիմա` մինչեւ 2009-ի վերջ պետք է լինի, մենք բոլորս միասնական պետք է լինենք: Որպես կուսակցության ղեկավար ասում եմ` որ մենք պետք է ծրագրեր առաջարկենք, որ թեթեւացնենք իրավիճակը»:
Իր խմբակցության աշխատանքը բավարարից էլ մի քիչ պակաս գնահատեց, քանի որ իր ցանկությունը շատ լավ աշխատելն է, մարտի 1-ի դեպքերը ողջ ազգի համար ցավալի գնահատեց: Եվ մի դիտարկում էլ արեց, որ վերաբերում էր ճգնաժամի ծանր լինել-չլինելու պարագային. ծանր չէր լինի, որ փուչիկն ուռել-ուռելով` չտրաքեր. «Տասը-տասնհինգ տարի ուռճացումներ են ցույց տրվել, 1:10, 1:15 ուռճացում կար, արհեստական աուդիտներով, արժեթղթերով ուռճացվել էր` պայթեց, հիմա ժամանակ է պետք, որ եղած գումարը համապատասխանի, գոնե եթե 1:2-ի լինի տարբերությունը, էլի ոչինչ: Տարվա տնտեսական աճ էլ չկա` եթե այս տարեվերջի ցուցանիշները նայենք, ճգնաժամին ի՞նչ տնտեսական աճ: Եղածը պահելը մեզ համար մեծ հաղթանակ կլինի», ասաց:
Մ. Խ.