«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#237, 2008-12-20 | #238, 2008-12-23 | #239, 2008-12-24


ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՒ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԴՅՈՒՐԸՆԹԱՑ ՉԷԻՆ

Կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանի տարեվերջյան ամփոփիչ խոսքը բավականին սեղմ էր, հստակ: Կրթության նախկին նախարարների երկարաշունչ ասուլիսների համեմատ նրա ելույթում տեղ էին գտել միայն հիմնախնդիրները` առանց ավելորդ գունազարդումների: Երեկ նախարարը դրանց մասին խոսեց ոլորտ առ ոլորտ` նախադպրոցականից մինչեւ բուհական կրթություն, ներառելով նաեւ գիտությունը:

Նախադպրոցական կրթությունը գրավիչ ու մատչելի դարձնելու համար այս տարի մշակվել ու հաստատվել է 2008-2015 թթ. բարեփոխումների ծրագիրը, որով առաջին հերթին հատուկ ուշադրություն է հատկացվելու մարզային մանկապարտեզներին: Արդեն իսկ մեկնարկել է փորձնական փուլը` Լոռու եւ Շիրակի մարզերի 22 հաստատությունում ընդգրկվել է 540 երեխա, իսկ Սյունիքի մարզի 8 հաստատությունում` 200 երեխա:

Նախորդ տարիների պես կրթական բարեփոխումները դժվարընթաց էին հատկապես հանրակրթության ոլորտում, որտեղ այս տարի միանգամից մուտք գործեցին 10 բալանոց գնահատման համակարգը, 30 նոր դասագրքերը, իսկ հանրապետության 10 դպրոցներում` ավագ դպրոցի փորձնական ծրագիրը: Նորամուծությունների բերած դժվարությունների մասին խոսելիս նախարարը նշեց, որ դպրոցների տնօրենների եւ ծնողների մեծ մասը սկզբում ակնհայտորեն թերահավատ էր` ավագ դպրոցի մասին թյուր պատկերացում ունենալու պատճառով, իսկ հիմա զարմանք են հայտնում մի քանի ամսվա արդյունքից. աշակերտները կանոնավոր հաճախում են դասերին ու կատարում բոլոր հանձնարարությունները: Դա ծնողներին հույս է ներշնչում, որ բուհ ընդունվելու համար իրենց երեխաներն այլեւս կարիք չեն ունենա լրացուցիչ պարապմունքների եւ իրենց կազատեն նյութական ծանր հոգսից:

Պարտադրված դրամահավաքը թեժ գծի օգնությամբ վերացնելու նախարարության ջանքերի մասին Սեյրանյանն ասաց. «Մենք համոզված ենք, որ թեժ գիծն իր գործը կատարեց: Մենք բնավ նպատակ չէինք դրել ուսուցիչներին պատժելու, այլ նման երեւույթները բացառելու: Երբեք թույլ չենք տա վարկաբեկել իր գործն ազնվորեն կատարող տնօրենին կամ ուսուցչին»:

Ինտերնետային ցանցում ընդգրկված հանրապետության 324 դպրոցներին մինչեւ փետրվար կմիանա եւս 320-ը, գործում է www.armedu.am ինտերնետային էջը, իսկ անցած շաբաթ Արթիկի տարածաշրջանում փորձարկվեց շարժական ինտերնետային համակարգչային կայանը:

Անցնող տարում կտրուկ փոխվեց վերաբերմունքը նախնական եւ միջին մասնագիտական կրթության հանդեպ` նկատի առնելով սպասարկման, զբոսաշրջության եւ շինարարության ոլորտներում աշխատողների զգալի պահանջարկը: Ստեղծվեցին մասնագիտական կրթության եւ ուսուցման զարգացման ազգային կենտրոնը (ՄԿՈՒԶԱԿ) ու խորհուրդը (ՄԿՈՒԶԱԽ), «Մասնագիտական կրթություն» ամսագիրը, անցկացվեցին մասնագետների վերապատրաստման դասընթացներ եւ այլն:

Բարեփոխումները դյուրընթաց չէին նաեւ բուհական համակարգում, ուր դարձյալ առաջնային են կրթության որակի բարելավումը, մրցունակությունը, կաշառակերության դեմն առնելը, ուսանողների իրազեկության մակարդակը բարձրացնելը եւ այլն: Կոնկրետ քայլեր են նախատեսվում հենց եկող տարվա հունվարին վերահսկողություն սահմանելու բուհերում կիսամյակային քննությունների ժամանակ: Դա թույլ կտա պարզել, թե գիտելիքների ինչ մակարդակ են դրսեւորում «էլիտար» ֆակուլտետներում սովորող ուսանողները: Նախարարի խոսքով, վերջին տարիներին մեզանում կարեւորվում են միայն ընդունելության քննությունները, իսկ ընթացիկներն ու ավարտականները, կարծես, անտեսվում են, մինչդեռ դրանք շատ ավելի էական են բարձրորակ մասնագետներ ունենալու համար: «Մենք հպարտանում ենք ասելով, որ կրթությունը գնահատող ազգ ենք, բայց այսօր վերածվել ենք մի հասարակության, որը բուհին գումար է վճարում ոչ թե սովորելու, այլ չսովորելու համար», ասաց Սեյրանյանը:

Բոլոնիայի գործընթացի շրջանակներում Հայաստանը դարձել է եվրոպական որակի հավաստման ռեգիստրի լիիրավ անդամ, ստեղծվել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը», մի շարք բուհերում անցկացվել է բարձրագույն մասնագիտական կրթական ծրագիր իրականացնելու գործունեության արտոնագրի պայմանների եւ պահանջների բավարարման ստուգում: Այն բուհերը` պետական կամ մասնավոր, որոնք չեն համապատասխանի այդ պահանջներին, ստուգումից հետո պարտադրված կլինեն հանձնել պետությունից ստացած հավատարմագրերը:

Գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումները եւս դանդաղորեն առաջ են գնում: Նախարարը հայտնեց, որ մշակվել է հայ գիտնականների ներուժի համախմբման ծրագիր, գիտության ֆինանսավորման նոր մոդել, աշխատանք է տարվում անկախ փորձագիտական համակարգ ստեղծելու եւ այլ փոփոխությունների համար: Մի խոսքով անելիքներ շատ կան եւ գալիք տարվա գործերի բեռը թեթեւ չի լինելու:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4