Սփյուռքի կոմիտեի ստեղծումից հետո Հայաստանում սկսել են խոսել հայրենադարձության մասին: Տարօրինակն այն է, որ ասես կանգ է առել արտագաղթը ու արդեն ժամանակն է վերադարձնելու օտար երկրներում բուն դրած հայրենակիցներին:
Ես չգիտեմ` ինչպիսին են հայրենադարձման տրամադրություններն Ամերիկայի, Ֆրանսիայի կամ Լիբանանի հայերի շրջանում: Ինչ վերաբերում է ռուսահայերին, ապա կարելի է ասել, որ հազիվ թե հայրենադարձեն Ռուսաստանում ծնված-մեծացած հայերը: Տասնամյակներ շարունակ հայտնի պատճառներով այստեղ չի եղել ազգային կյանք եւ նրանց զգալի մասը կտրված է իր արմատներից: Ուծացմանը շատ են նպաստել նաեւ խառն ամուսնությունները:
Սակայն ներկայիս ռուսաստանցի հայերի մեջ կա մի խավ, որի հետ կապված հայրենադարձության որոշ շանսեր կան: Խոսքը վերաբերում է երեկվա հայաստանցիներին, որոնք այստեղ են հայտնվել Լեւոն Տեր-Պետրոսյանի գահակալության տարիներին: Անտարակույս, նրանց զգալի մասը հասել է նյութական բարեկեցության եւ դժվար կլինի հրաժարվել նման կացությունից: Սակայն թող տարօրինակ չթվա, եթե ասենք, որ այդ հայերի համար հայրենիք վերադառնալու խնդիրը նույնքան էլ բարոյահոգեբանական նշանակություն ունի:
Բնականաբար, հիշյալ կատեգորիայի հայի համար Հայաստանը վերացական հասկացություն չէ. դեռ երեկ դա նրա տունն էր, օջախը, միջավայրը, աշխատանքը, բարեկամությունը: Եվ նա շարունակում է, ինչպես ասում են, հազար թելերով կապված մնալ այդ հարազատ էությանը: Մյուս կողմից, 10-20 տարին բավական է, որ նա ուրիշ հայացքով նայի իր բնօրրանին` ինչպիսի՞ն է նա այսօր, ինչի՞ է վերածվել անկախության տարիներին: Եվ հենց այստեղ են առաջ գալիս մտահոգությունները: Հիմա հնարավոր չէ խաբել մարդկանց, ինչպես 1946 թ.-ին:
Հայաստանի առաջին եւ երկրորդ նախագահները գահը հանձնեցին ժողովրդի կողմից իրենց, մեղմ ասած, չսիրվածության գագաթնակետին: Չընդունեց նրանց միջին հայ մարդը, քանզի, նրա կարծիքով, երկրում ստեղծվել է անարդար պետություն: Եվ սփյուռքի, այդ թվում նաեւ ռուսահայության, համակրանքը ժողովրդի կողմն է: Ընդսմին, իշխանության նկատմամբ անվստահությունը սփյուռքին դարձնում է զգուշավոր, նաեւ, իհարկե, հայրենիք վերադառնալու հարցում: Մոսկվայում շատ առիթներ են եղել հանդիպելու նախկին հայաստանցի գործարար մարդկանց, որոնք փորձել են գործ բացել Հայաստանում, սակայն բախվել են բյուրոկրատական շահախնդրությանը: Գալիս ես, ասենք, նախարարի կամ մարզպետի մոտ, պատմում են նրանք, ներկայացնում ես քո բիզնես-նախագիծը, լսում են-լսում ու վերջում հարցնում` էդ բոլորը` լավ, հիմա ասա, թե ես ի՞նչ «քյար» պիտի ունենամ այդ գործից:
Նոր նախագահը փորձեր է անում նորացնելու հայոց աշխարհը: Աստված տա դա նրան հաջողվի: Սերժ Սարգսյանի գերագույն նպատակը պիտի լինի շահել սեփական ժողովրդի հարգանքը: Ժամանակակից պետություններում ղեկավարության նկատմամբ ժողովրդի վերաբերմունքը պայմանավորում է տվյալ երկրի բարոյահոգեբանական մթնոլորտը: Համենայն դեպս անկարելի է կողք կողքի դնել ելցինյան բանդիտական-քաոսային պետությունը կայուն ու դինամիկ զարգացող պուտինյան Ռուսաստանի հետ: Այստեղից էլ արգահատանքը Ելցինի նկատմամբ եւ անկեղծ համակրանքն ու հավատը Պուտինի հանդեպ:
Հայրենադարձություն չի լինի, մինչեւ Հայաստանը հայության կողմից չընկալվի որպես արդար պետություն: Սա լրագրողական պոպուլիստական գաղափար չէ եւ ոչ էլ ռոմանտիզմ: Սա Հայաստանի եւ սփյուռքի բաղձանքն է:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա