Ըստ թուրքական աղբյուրների, մթնոլորտը խիստ լարված է Թուրքիայում եւ բազում սպառնալիքներ կախված են մտավորականների եւ լրագրողների գլխավերեւում, տեղեկացնում է Ֆրանսիայից անկախ լրագրող Ժան Էսքիյանը : «Ֆաշիզմ, դավաճանություն եւ Լինչի դատաստան բառերը դարձյալ հայտնվել են մարդկանց բերաններում», գրում է նաՙ հավելելով, որ արմատական ազգայնամոլները պատրաստ են բանակի օժանդակությամբ պայքարել ժողովրդավարների դեմ: «Անցումային այս շրջանը ծանր է հատկապես ժողովրդի համար, որը հայտնվել է երկու ճամբարների արանքում: Իրավիճակն առավել բարդացել է օն-լայնի «Ներողություն եմ խնդրում» կայքի առկայությամբ, որն արդեն 20.132 ստորագրություն է հավաքել: Պետք է նշել, սակայն, որ նախաձեռնությունը լավ ընդունելության են արժանացրել հատկապես երիտասարդները: Այս բոլորին ավելանում է այն, որ Ռագըփ Զարաքոլուի օգնական Մեհմեթ Ալի Վարըշը դեռեւս բանտարկված է մնում «թուրքականությունը վիրավորելու» համար, քանի որ ի վիճակի չէ վճարելու պահանջված 15 հազար դոլարը: Հուզումները շարունակվում ենՙ էլ ավելի շիկացնելով մթնոլորտը», եզրակացնում է Ժան Էսքիյանը:
Հ. Ծ.