«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#238, 2008-12-23 | #239, 2008-12-24 | #240, 2008-12-25


ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԽՍՏԱՊԱՀԱՆՋ Է ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

ԼՂՀ կառավարության վերջին նիստում սահմանվել են հանրապետության տարածքում եւ Հայաստանի Հանրապետություն մեկնող աշխատողների գործուղման ծախսերի նոր չափերը: Համաձայն կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկատվության` ՀՀ-ում օրապահիկի ծախսերի չափ է սահմանված 2000 դրամը, իսկ գիշերավարձի նվազագույն չափՙ 5000 դրամը: Նույն չափերը կգործեն նաեւ Ստեփանակերտ քաղաքում: Շրջկենտրոններում գիշերապահիկի նվազագույն չափ կլինի 3000 դրամը, իսկ գյուղական բնակավայրերումՙ 2000 դրամը:

Նիստում վարչապետ Արա Հարությունյանը հանձնարարել է ուժեղացնել պետական վերահսկողությունը սեփականաշնորհված օբյեկտներում: Ըստ վարչապետի, դրանց մեծ մասում չեն կատարվում պայմանագրային պարտավորությունները, հատկապես, փաստացի աշխատատեղերի ստեղծման ու պահպանման առումով: Արա Հարությունյանն այս առնչությամբ նշել է, որ փաստաթղթերում հաճախ մատնանշվում են կեղծ աշխատատեղեր, ինչն աններելի է:

Գործադիրը նաեւ հաստատել է փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ միջոցառումների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի կանոնադրությունը: Հանձնաժողովը պետք է առաջարկություններ ներկայացնի փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ասպարեզում համաձայնեցված միասնական պետական քաղաքականություն իրականացնելու ուղղությամբ:

Հարկային ոլորտին վերաբերող որոշումներից մեկով սահմանվել է տոտալիզատորի, անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ տոտալիզատորի եւ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար նախատեսված համակարգիչները հարկային մարմնի կողմից դրոշմավորելու, կնքելու եւ հաշվառելու կարգը:

Կառավարության մեկ այլ որոշմամբ` կստեղծվի «Տիգրանակերտ» պետական պատմամշակութային արգելոցը: Այն կտեղակայվի Ասկերանի եւ Մարտակերտի շրջանների վարչական տարածքներում եւ կզբաղեցնի շուրջ 5045 հա տարածք:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4