«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#238, 2008-12-23 | #239, 2008-12-24 | #240, 2008-12-25


ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Խթանել փոքր ու միջին բիզնեսը եւ իրականացնել ենթակառուցվածքների ստեղծման խոշոր ծրագրեր

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Խոսելով 2008-ի արդյունքների մասին, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ անցնող տարում կառավարությունն աշխատել է ծանր պայմաններում: Տարեսկզբի հետընտրական իրադարձությունների հետեւանքները դեռ չհաղթահարած, օգոստոսին տեղի ունեցավ ռուս-վրացական բախումը, ապա սկսվեց միջազգային ֆինանսական ճգնաժամը: Այդուհանդերձ, ըստ նախարարի, կառավարությունը շարունակելու է իրականացնել երկրորդ սերնդի բարեփոխումները: Նա նշեց, որ մասնավորապես հարկային եւ մաքսային բարեփոխումների գագաթնակետը լինելու է փետրվար-մարտին, որովհետեւ ամռանը երկրի նախագահին պետք է ներկայացվեն գործարար պայմանների բարելավման ուղղությամբ կատարված քայլերի արդյունքները:

Մամուլի ասուլիսի սկզբում, որպես լավ նորություն Ներսես Երիցյանը տեղեկացրեց, որ Հայաստանն ընդգրկվել է Եվրոմիության «Արտոնությունների ընդհանրացված համալրման համակարգում» (GSP+), որը հնարավորություն է տալիս մեր երկրին Եվրոմիություն արտահանել շուրջ 10 հազար ապրանքներ զրոյական կամ կտրուկ նվազեցված մաքսատուրքերով: Էկոնոմիկայի նախարարն անդրադարձավ նաեւ տարբեր ոլորտներում կառավարության կողմից իրականացվելիք ծրագրերին, բայց առավել մանրամասն խոսեց միջազգային ֆինանսական ճգնաժամի, Հայաստանի վրա նրա թողած հետեւանքների եւ դրա հաղթահարման ուղղությամբ նախատեսվող միջոցառումների մասին: Ներսես Երիցյանը հայտնեց, որ 1930 թվականից ի վեր աշխարհում 122-ից ավելի ճգնաժամեր են եղել, որոնցից 30-40 տոկոսն ուղեկցվել են հիպոթեկային եւ ֆինանսական շուկայի վայրիվերումներով: Այս ճգնաժամն աննախադեպ է, բայց, ըստ նախարարի, անլուծելի չէ: Հայաստանը կարողացավ հաղթահարել ֆինանսական ճգնաժամը, քանի որ մեր բանկային համակարգը ներգրավված չէր ռիսկային գործընթացներում եւ ուներ խիստ բանկային վերահսկողություն: Ինչ վերաբերվում է տնտեսական ճգնաժամին, ապա, ըստ վերլուծաբանների, դա կտեւի 1 տարի եւ դեռ չի հասել գագաթնակետին:

Ճգնաժամի հետեւանքների լուծումն այն է, որ երկրները կարողանան ապահովել ներքին պահանջարկըՙ խրախուսելով փոքր եւ միջին բիզնեսին եւ իրականացնելով ենթակառուցվածքների շինարարության խոշոր ծրագրեր: Այսինքն, խոշոր կապիտալ շինարարությունը կփոխարինի շինարարությանը, իսկ փոքր եւ միջին ձեռնարկություններըՙ խոշոր ձեռնարկություններին: Հայաստանի կառավարության որդեգրած գործողություններն այդ ուղղությամբ ենՙ նախատեսվում է փոքր եւ միջին բիզնեսի համար հայթայթել մինչեւ 300 մլն դոլարի վարկային միջոցներ եւ սկսել խոշոր ենթակառուցվածքներիՙ ճանապարհներ, երկաթուղի եւ այլնի շինարարությունը: Սա կնպաստի նաեւ մեր տնտեսության դիվերսիֆիկացմանը (բազմազանեցմանը): Ըստ Ներսես Երիցյանի, շուրջ 10 մլրդ դրամի բիզնես-ծրագրեր են հավաքվել Փոքր եւ միջին ձեռնարկատիրության աջակցության ազգային կենտրոնի գրասենյակների կողմից, որոնց իրականացումը 5-10 հազար աշխատատեղեր կստեղծի: Պետք է կարգավորվեն բիզնես ծրագրերը. որից հետո եկող տարվա փետրվար-մարտ ամիսներին դրանց արդյունավետությունը կերեւա: Դա եկող տարի, իսկ ինչ վերաբերում է այս տարվա նոյեմբերին տնտեսական աճի տեմպի անկմանը, որի հետեւանքով 11 ամիսների տնտեսական աճի ցուցանիշը 9,2 տոկոսից դարձավ 7,2 տոկոս, ապա նախարարը դա պայմանավորեց շինարարության եւ հանքարդյունաբերության ոլորտների վրա ճգնաժամի ազդեցության, ինչպես գյուղատնտեսության սեզոնայնության գործոններով: Ըստ Ներսես Երիցյանի, նոյեմբերին արձանագրված աճի տեմպի անկումը անկման գագաթնակետն էր: Նրա հավաստիացմամբ, Հայաստանում խոսքը ոչ թե ճգնաժամի, այլ տնտեսական ակտիվության նվազման մասին է: «Այս պահի դրությամբ Հայաստանի համար ռեցեսիայի կանխատեսում չի արվում: Առանձին ոլորտների մասով, այո, կա անկում, որը պետք է լուծել այլ ոլորտների ակտիվության բարձրացման հաշվին», ասաց էկոնոմիկայի նախարարը: Նա նաեւ հայտնեց, որ Հայաստան մտնող մասնավոր փոխանցումների նվազում չկա:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4