«Սինոփսիս Արմենիա» կատարած այցելության ժամանակ նշեց վարչապետ Տիգրան Սարգսյանը
«Սինոփսիս» ընկերության ինտելեկտուալ արտադրանքի մեծ մասը թողարկվում է Հայաստանումՙ «Սինոփսիս Արմենիայում» ընկերության աշխատանքին ծանոթանալու նպատակով երեկ այս ընկերություն այցելեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Սինոփսիս Արմենիա»-ի գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը հայտնեց, որ 2008-ին ընկերության տարվա եկամուտը կազմել է 1 մլրդ 337 մլն դոլար, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 10,3 տոկոսով:
«Սինոփսիսը» ոչ միայն լավ է փակում 2008 թ.-ը, այլեւ 2009 թ.-ի տարեկան արդյունքները կանխորոշված են արդեն նախապես ծրագրված պայմանագրերով, 90 տոկոսով երաշխավորված են աշխատանքային պայմանագրերով, եւ մարդիկ վստահորեն են քայլում դեպի 2009 թ», լրագրողներին ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նրա համոզմամբ, մոտակա տարիների ընթացքում նույնպես ընկերության հաջողություններին սպառնալիք չի լինելու: Վարչապետը հայտնեց, որ ճգնաժամը չի վնասել նաեւ ոլորտում աշխատող առնվազն 200 ընկերությունների, որոնք ունեն պայմանագրեր եւ 2009 թ.-ի ընթացքում խնդիր չեն ունենալու աշխատանքի, աշխատավարձերի եւ պատվերների հետ: «Իհարկե, այդ 200-ի կողքին կան մի քանի տասնյակ ձեռնարկություններ, որոնք ունեն այսօր խնդիրներ, որովհետեւ իրենց մայր ընկերությունները արտասահմանում չեն դիմացել մրցակցությանը ճգնաժամի պատճառով եւ ստիպված որոշում են ընդունել իրենց բաժանմունքները փակելՙ այդ թվում եւ Հայաստանում»: Վարչապետի կարծիքով, Հայաստանում ծրագրավորողների պահանջարկ կա եւ նրանք աշխատանք կգտնեն եթե ոչ հենց ՏՏ ոլորտում, ապա այլ գերատեսչություններում:
Այլ ոլորտներում աշխատատեղերի կրճատմանն անդրադառնալով, Տիգրան Սարգսյանը նշեց, որ շինարարության ոլորտում 2009-ին ծրագրավորվում են մեծածավալ ներդրումներՙ կկառուցվեն ենթակառուցվածքներ, ճանապարհներ եւ այլն: «Դա նշանակում է, որ աշխատատեղեր են ստեղծվելու Հայաստանում: Այսօր մենք արդեն 3000 բանվորի պահանջարկ ունենք, եւ եթե մենք ավելացնենք շինարարության ծավալները 2009-ին, ապա պահանջարկը նույնպես կտրուկ կավելանա», հավաստիացրեց վարչապետը:
2009-ին 40 մլն դոլարանոց վենչուրային հիմնադրամ կստեղծվի «Մարս» գործարանում եւ Տիգրան Սարգսյանի հավաստմամբ, այդ նախագծի իրականացման համար «մեր ռուս գործընկերները ներգրավելու են տարբերՙ հիմնականում օտարերկրյա ներդնողների»:
Ա. Մ.