Թերակշռումներն էլ կրում են համատարած բնույթ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
2007-ի հոկտեմբերին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության հրավերով, «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ն դիտորդի կարգավիճակով մասնակցել է սննդի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության կողմից դպրոցներում իրականացվող ստուգայցերին: Երեւանի 12 դպրոցների սննդի կետերում իրականացված ստուգայցերի ընթացքում բացահայտվել են բազմաթիվ ժամկետանց, առանց սերտիֆիկատի սննդամթերք, այդ թվումՙ կոնֆետներ, երշիկեղեն: Արձանագրվել են նաեւ հիգիենայի եւ սննդամթերքի պահման պայմանների կոպիտ խախտումներ: Այս մասին երեկ «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՍԻՊ ՀԿ-ի նախագահ Աբգար Եղոյանը:
Ստուգումների հետեւանքով բացահայտված խախտումները շտկելու նպատակով ձեռնարկվել են մի շարք միջոցառումներ, որոնց արդյունքում դպրոցներում կտրուկ նվազել է առանց սերտիֆիկատի, ժամկետանց սննդամթերքի վաճառքը, ինչպես նաեւ սպասարկող ՍՊԸ-ները ձեռք են բերել հանրային սննդի կազմակերպման սերտիֆիկատներ: Սակայն «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ն խնդրի լուծումը տեսնում է միայն ոլորտի համակարգված բարեփոխումների միջոցով: Դպրոցների սննդի կետերում առեւտուր կազմակերպող տնտեսվարող սուբյեկտների կողմից ներդրումների խթանման նպատակով` ՍԻՊ-ն առաջարկում է նրանց հետ կնքված վարձակալության պայմանագրերը դարձնել երկարաժամկետ: «Տնտեսվարողները պատճառաբանում են, որ նման դեպքում, անհրաժեշտ կադաստրի եւ նոտարական ծառայությունից խնայած 50000 դրամ գումարը կներդնեն դպրոցների բուֆետների պայմանների բարեկարգման եւ անհրաժեշտ կենցաղային տեխնիկայի ձեռքբերման համար:
Դպրոցներում առկա սննդի անվտանգության նորմերի նման խախտումների պայմաններում, աշակերտներին առողջ սննդակարգի ապահովման մասին խոսելն անգամ դառնում է ավելորդ, այնինչ այս հիմնախնդիրը առաջնային է առողջ եւ կենսունակ ապագա սերունդ ունենալու հարցում», նշեց Ա. Եղոյանը:
Վերջինիս մատուցմամբ` մի շարք դպրոցներում սննդի վաճառքի կետերում բացակայում են այնպիսի տարրական պայմաններ, ինչպիսիք են տաք եւ անգամ սառը ջուրը, սառնարանը:
Ա. Եղոյանն անդրադառնալով խանութներում առկա թերակշռումներին, նշեց, որ այս տարի, ինչպես եւ անցյալ, վաճառքի կետերում թերակշռումը ամենատարածված խախտումներից մեկն է: «Թերակշռումը կրում է համատարած բնույթ եւ դարձել է գնագոյացության լուրջ գործոն, որն իր ակնհայտ բացասական ազդեցությունն է թողնում երկրում արդար տնտեսական մրցակցության ապահովման վրա», հավելեց նա:
Նրա խոսքով, համաձայն «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքի, հանրապետությունում օգտագործվող կշեռքների պարտադիր ստուգաչափում պետք է իրականացվի առնվազն տարին մեկ անգամ: Չստուգաչափված կշեռքների օգտագործման համար սահմանված է տուգանք 50.000-100.000 դրամի չափով:
«Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ի նախագահը հայտնեց, որ այս տարի եւս ՀՀ Ազգային չափագիտության ինստիտուտի տվյալների համաձայն, առեւտրում օգտագործվող ավելի քան 25.000 կշեռքներից ստուգաչափվել են միայն 6000-ը:
«Այսօր բազմաթիվ խանութներում առկա են չստուգաչափված կշեռքներ, դրա համար կոչ ենք անում սպառողներին, որպեսզի ապրանքը գնելուց հետո կշիռը նույնպես ստուգեն, եւ եթե տուժել են, ապա դիմեն խանութներին վնասը փոխհատուցելու համար»,ավելացրեց նա:
Հաջորդ տարի նախատեսվում է ստեղծել էլեկտրոնային կայք, որտեղ կտեղադրվեն այն բոլոր կազմակերպությունների տվյալները, որոնց կշեռքները ստուգաչափվել են: Ըստ բանախոսի, այդ միջոցով սպառողները կկարողանան տեղեկանալ, թե որ խանութներում են կշեռքները ստուգաչափված եւ որտեղ` ոչ, ըստ այդմ էլ կկողմնորոշվեն, թե որտեղից գնումներ կատարեն: Սա Ա. Եղոյանի կարծիքով, կխթանի որպեսզի մյուս կազմակերպությունները նույնպես ստուգաչափեն իրենց կշեռքները:
Ամբողջ աշխարհում գներն անկում են ապրում, իսկ Հայաստանում հակառակը: «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ Աբգար Եղոյանը շտապեց տեղեկացնել նաեւ, որ արձանագրել են սննդամթերքի եւ վառելիքի գների աճ: Ըստ նրա, նախորդ տարվա համեմատ այս տարի Ամանորի նախօրեին սննդամթերքի գներն ավելի են բարձրացել: