Ինտերնետի գների ավելի քան եռակի իջեցում, նոր տեխնոլոգիաների ներդրում եւ 2008-ի այլ նորություններ
Հեռահաղորդակցության ոլորտում արմատական փոփոխությունները սկսվեցին 2007-ի հոկտեմբերի 1-ին «Արմենտելի» բացառիկ իրավունքները վերացվելուց հետո, իսկ 2008-ը դարձավ մրցակցային շուկայի ձեւավորման որոշիչ տարին: Բնական է, որ մենաշնորհային շուկայից մրցակցայինի անցնելու հետ խնդիր առաջացավ սահմանելու իրավական եւ կարգավորման նոր կանոններ: Առաջին քայլը, որ այս ուղղությամբ կատարեց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, լիցենզիաների, թույլտվությունների ընթացակարգերի պարզեցնելն ու դրանք հասկանալի եւ հստակ դարձնելն էրՙ կապված դրանք տրամադրելու պայմանների եւ ժամկետների հետ: Դա, ինչպես մեր հարցազրույցի ժամանակ նշեց հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանը , կատարվեց եւ արդյունքներն էլ երեւացին շատ արագ:
Շատ ընկերություններ, որոնք նախկինում ինտերնետ հասանելիության ծառայություններ էին մատուցում այլ ընկերության ցանցով, սկսեցին դիմել ցանցային լիցենզիաներ ստանալու համար: Ինտերնետ, ֆիքսված (լարային եւ անլար) հեռախոսակապ, լայնաշերտ ծառայություններՙ տվյալների փոխանակում, կետից կետ տվյալների փոխանցում, որոնք օգտագործում են շատ կորպորատիվ ընկերություններ բանկային համակարգում եւ այլ ոլորտներում, ինչպես նաեւ բոլոր այլ նմանատիպ ծառայություններ մատակարարող մոտ 35 ընկերություններ ստացան լիցենզիաներ: Դրանց մի մասը հիմա ներդրումներ է կատարում սեփական ցանցերը ստեղծելու համար:
Անցնող տարվա ընթացքում հանձնաժողովի կատարած աշխատանքներից Սամվել Արաբաջյանը կարեւորեց միջազգային ձայնային ծառայությունների (ինտերներտ հեռախոսակապ) դաշտի կարգավորումը, որից հետո այդ ծառայությունները մատուցող 100-ից ավելի ընկերությունները հայտնվեցին օրինական դաշտում եւ պարզեցված ընթացակարգերով լիցենզիաներ ստացան: Դա բերեց կապի որակի եւ գնի դրական փոփոխությունների:
«Մեր երկրի համար կարեւորագույն հարցերից էր ինտերնետ հասանելիության ապահովումըՙ լուծելով դրա առաջնային միացման խնդիրը», նշեց հանձնաժողովի անդամը, տեղեկացնելով. «Արմենտելի» ենթակառուցվածքներն օգտագործելու հարցը կարգավորող փաստաթուղթ ընդունվեց, եւ այժմ բոլոր ընկերությունները հնարավորություններ ունեն, վարձակալելով «Արմենտելի» գծերը, մատուցել ինտերնետ ծառայություններ: Այնուհետեւ, «Արմենտելն» ինքը սկսեց ինտերնետ ծառայություններ մատուցել: Այլ ընկերություններ սկսեցին իրենց ենթակառուցվածքները ստեղծել ինտերնետ հասանելիության ապահովման համար: Օրինակՙ «Կոռնետ» ընկերությունը, որն ինտերնետ է մատակարարում «վայմաքս» (WiMAX) տեխնոլոգիայի միջոցով»: Սամվել Արաբաջյանի համոզմամբ, այդ տեխնոլոգիայով շատ արագ մրցակցություն կսկսվի նաեւ ֆիքսված հեռախոսակապի ոլորտում: «Եկող տարվա առաջին եռամսյակում առնվազն 2 «վայմաքս» տեխնոլոգիայով գործող ընկերությունների բացմանն ականատես կլինենք: Այդ անլար տեխնոլոգիայի միջոցով կարելի է մատակարարել ժամանակակից լավագույն ծառայություններ, որոնք չկան անգամ եվրոպական երկրներից շատերում», շեշտեց մեր զրուցակիցը:
Ինտերնետից օգտվողների համար ուրախալի լուր հաղորդեց հանրային ծառայությունները կարգավորող մարմնի ներկայացուցիչը: «Արմենտելը» էապեսՙ ավելի քան 3 անգամ նվազեցրել է ինտերնետի մատակարարման մեծածախ սակագները: Նախկին սակագներով, 1 Մբիթ/վրկ արագության համար պետք էր վճարել 4 հազար դոլարին համարժեք գումար: Հրապարակված նոր սակագնային սանդղակով, այդ գումարը 1350 դոլար էՙ 1 Մբիթ/վրկ համար եւ դրան գումարած ավելացված արժեքի հարկ: Մինչեւ 6 Մբիթ/վրկ յուրաքանչյուր վայրկյանի համար 50 դոլար նվազեցում է կատարվումՙ հասնելով մինչեւ 1050 դոլար գումարած ավելացված արժեքի հարկ սահմանին:
Նախատեսվում է ռեզերվային ունակությունների ավելացում: Երբ Վրաստանի տարածքով անցնող օպտիկամալուխային կաբելի հետ խնդիր լինի, կապը եկող տարվա կեսերից հնարավոր կլինի ապահովել Իրանի տարածքով կառուցվող կապուղիով, որն անցնում է Իրան-Հայաստան գազամուղին զուգահեռ: Դա հուսալիությունը կբարձրացնի, կդիվերսիֆիկացնի կապուղիները, ինչը հատկապես օգտակար կլինի ՏՏ ոլորտի ընկերությունների համար: Սամվել Արաբաջյանը հայտնեց, որ 2008-ին մեր երկրում ինտերնետի օգտագործումն ավելացել է 2,5-3 անգամ:
Բջջային կապի ոլորտում այս տարի սկսեցին մատուցվել MMS ծառայությունը, կանխավճարային քարտերի գրանցումն ավարտվեց, 3G ծառայություններն են արդեն հասանելիՙ փորձարկման փուլը երկու օպերատորներն էլ անցել են: Կարեւոր էր «Ֆրանս տելեկոմի» մուտքը Հայաստանի շուկա: «Հուսով եմ, որ հաջորդ տարվա երկրորդ կեսին երրորդ օպերատորի մուտքը որոշակի աշխուժություն կմտցնի շուկայում: Համոզված եմ, որ ընկերությունը կկատարի լիցենզիայով նրան ամրագրված ներդրումային պարտավորությունները», ասաց հանձնաժողովի անդամը: Նա հայտնեց, որ Հայաստանում բջջային կապի շուկան հագեցած է դեռ 55-60 տոկոսով:
«Գյուղական վայրերն են հանձնաժողովի ուշադրության կենտրոնում: Այս տարի առաջին անգամ կիրառվեց CDMA տեխնոլոգիան, որով անլար հեռախոսային ծառայություններ են մատուցվում դժվար անցանելի եւ քիչ բնակեցված գյուղերում, որտեղ օպտիկական լարեր անցկացնելը շատ ծախսատար է», նշեց Սամվել Արաբաջյանը, ավելացնելով, որ 2008-ին հաստատվեցին հեռախոսային ծառայությունների մատուցման կանոնները:
Դժգոհություններ կային, որ մարդիկ մեծ գումարներ էին վճարում ռոումինգ ծառայությունից օգտվելիսՙ չկայացած խոսակցությունների համար: Այդ ծառայությունը թափանցիկ եւ կանխատեսելի դարձնելու համար օպերատորների առջեւ պահանջ դրվեց SMS-ներով տեղեկացնել, թե ինչպես է հաշվարկվելու խոսակցության գումարը:
Մեր հարցին, թե միջազգային ֆինանսական ճգնաժամը ի՞նչ փոփոխություններ է մտցրել հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների ներդրումային ծրագրերում, Սամվել Արաբաջյանը պատասխանեց, որ կոնկրետ «Արմենտելը» եւ «Վիվասելը» ներդրումային ծրագրերը կիրականացնեն: «Մյուս ընկերությունների ներդրումային ծրագրերն էլ, ըստ նրանց խոստումների, կարծես չեն տուժելու: Սակայն ինչ կլինի իրական կյանքումՙ կերեւա, երբ մոնիտորինգ իրականացնենք, որի արդյունքները կլինեն թափանցիկ եւ հասանելի հասարակության համար», եզրափակեց մեր զրուցակիցը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ