Հույս է ներշնչում
Ռազմիկ Ամյանի անունն ու կատարումներն անցնող տարում հնչեցին հաճախակի ե՛ւ ի հավաստումն հաղթանակների, ե՛ւ միմյանցից չափազանց տարբեր երգեր ներկայացնելու: Տարեվերջն էլ նրա ստեղծագործական ընթացքում նշանավորվեց առաջինՙ «Երկար եմ սպասել» ձայնասկավառակով, որը երեկ ներկայացվեց «Ուրբաթ» ակումբում: Իսկ ձայնասկավառակին սպասում էին, այն էլ երկար, տեխնիկական ինչ-որ հարցերի եւ շարունակաբար առաջացող նոր մտքերի պատճառով: Ի վերջո, այսօրվանից այն վաճառքում է որպես Ռազմիկ Ամյանի կատարմամբ ներկայացվող ոճային բազմազանության եւ դասականի ու կոմերցիոնի համակցություն: Ձայնասկավառակում տեղ գտած 16 երգերից 7-ը հեղինակել է Ռիչարդ Մադլենյանը, որը լիովին վստահ է. «Ռազմիկի մեկնաբանությամբ յուրաքանչյուր երգ ավելին է թվում, քան գրված վիճակում: Ռազմիկն իր վոկալ հնարավորություններով հայկական շոու-բիզնեսում համարյա մրցակցություն չունի»:
Երգիչն էլ իր հերթին վստահեցրեց. «Այն, ինչ երգում եմ, ինձ դուր է գալիս: Ոչ մի երգ ստիպված չեմ կատարել, բայց ինձ առավել լավ եմ զգում, իհարկե, դասական ոճում»:
Թե ինչպիսին կլինի Ռազմիկ Ամյանի երգացանկը մոտ ապագայում, առանձնապես հստակեցված չէ ո՛չ իրՙ երգչի, ո՛չ էլ մասնագետների այն խմբի կողմից, որի հետ աշխատում է: Բայց ինչպես տեղեկացրեց երգչի պրոդյուսեր Դավիթ Հարությունյանը . «Երեխաների ու երիտասարդների համար նախատեսվածՙ «Ռազբոյ» երգաշարն այլեւս չի շարունակվելու: Ամեն հաջորդ ձայնասկավառակն էլ լինելու է նախորդից ավելի լավը»:
Երգչի 6 տեսահոլովակներից վերջինըՙ «Ո՞ւր են» երգի (հեղ.ՙ Մանե Հակոբյան) հիմքով նկարահանված, որ շուտով կհեռարձակվի, դիտող-ունկնդրողին բացահայտումների տեղիք է տալու. «Անհասկանալի մատուցումը, կարծում ենք, կստիպի տեսահոլովակը բազմիցս նայել ու ամեն անգամ նոր շտրիխ բացահայտել», բացատրեց Ռազմիկ Ամյանն ու տեղեկացրեց, որ շուտով կներկայանա կնոջՙ Լիլյա Գրիգորյանի հետ, որը նույնպես երաժշտական կրթություն ստացած երգչուհի է: Տարվա մեծ մասը երկրից ու տնից դուրս անցկացնող երգիչը փաստեց նաեւ, որ որդին հոր բացակայությամբ իր երգերը լսելիս լաց է լինում ու կարոտից հիվանդանում. «Բայց ուրիշ ընտրություն չկաՙ աշխատել է պետք ընտանիքի հետ լինելու համար նաեւ: Կոմերցիան կմնա իմ գործունեության մաս, բայց պիտի ձգտենք ավելի բարձրակարգ երաժշտություն ներկայացնելու: Շուկան թելադրող է, դրանից չես խուսափի»:
Չնայած ուժերին վստահ է եւ Սոչիում կայացած «Հինգ աստղ. Ինտերվիդենիե» միջազգային մրցույթի ժյուրիի հավաստմամբ էլ արդեն կա մեկ այլ մրցույթիՙ Եվրատեսիլի պահանջներին համապատասխան երգ, այնուամենայնիվ Ռազմիկ Ամյանը 2009-ին նախընտրել է հանգստանալ ու առավելագույնս պատրաստվել որեւէ մրցույթում ներկայանալու: Դավիթ Հարությունյանի, Ռիչարդ Մադլենյանի եւ հենց երգչի կարծիքով, միջազգային ասպարեզում հանդես գալու դեպքում հաղթանակից բացի այլ ակնկալիք չեն ուզում ունենալ:
Իսկ ապրիլին Երեւանում եւ Շուշիում իտալացի, իսպանացի, ֆրանսիացի, հրեա, արաբ երաժիշտների հետ մեկտեղ Ռազմիկ Ամյանը հանդես կգա «Ընդդեմ ցեղասպանության եւ ի շահ ցեղասպանության ճանաչման» խորագրով համերգով, որն արդեն ներկայացվել է տարբեր երկրներումՙ Եվրոխորհրդի նախաձեռնությամբ: Շուշիում այն կայանալու է Ղազանչեցոց եկեղեցում, Երեւանում տեղի ընտրությունը դեռ վերջնականապես կատարված չէ:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ