Պաշտպանն էլ ինքնաբացարկից հետո զգույշ «անհետացավ»
Օրենքներն ու օրինականությունը, էլ չասած արդարադատությունը, պարզվում է, կարող են նույնքան զավեշտալի դառնալ, որքան ուզածս հանգամանք, երբ այն մեկնաբանում է ցինիկը: Իսկ դատական ատյանը, որտեղ հայտնված մարդիկ բնավ էլ արդարադատության հասնելու նպատակի հետեւից չեն ընկել, այլ նախընտրում են հնարավոր միջոցներով ու տարբերակներով շրջանցել նույն այդ արդարադատությանը, ուրեմն զավեշտն ապահովված է ամեն ինչում:
Երեւանի վերաքննիչ քրեական դատարանը երեկ հերթական անգամ սկսեց ու գոնե սկզբում ոչ ավանդական տարբերակով անմիջապես էլ չհետաձգեց Գրիգոր Իգիթյանի վերաքննիչ բողոքի հիման վրա գործի քննությունը: Ի տարբերություն նախորդ իրավիճակների, երբ դատական նիստին տարբեր պատճառաբանություններով չէր ներկայանում Իգիթյանի պաշտպան Գրիգորյանը, այս անգամ դատարանում չհայտնվեց ինքըՙ ամբաստանյալ Իգիթյանը: Պաշտպանը ներկայացրեց, թե պաշտպանը դեկտեմբերի 22-ից գտնվում է ստացիոնար բուժման մեջՙ սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի ռեւմատոլոգիայի բաժանմունքում:
Մեղադրողի ու տուժողի ներկայացուցչի` ներկայացված թղթին ծանոթանալուց հետո ստացվեց, որ ցավում է Իգիթյանի ոտքի բութ մատն ու դրա համար նա հետազոտման կարիք ունի, եւ չի կարող ներկայանալ դատարան: Ու չնայած կողմերը նշեցին, թե ներկայացված թուղթը չունի անհրաժեշտ ռեկվիզիտներ, տեղեկանքն արժանահավատ չէ, բայց դատարանը կես ժամ ընդմիջումից հետո որոշում կայացրեց դատական նիստը շարունակել առանց ամբաստանյալի` վճռաբեկության կարգով, քանի որ վերաքննիչ ատյանին բողոք է ներկայացրել Իգիթյանը ու դատարանում էլ արդեն ներկայացրել է իր բողոքի բովանդակությունը:
Դատարանի հայտարարությունը լսելուն պես Իգիթյանի պաշտպանը ինքնաբացարկ հայտարարեց իբր դատարանի կողմից խախտման պատճառով, իսկ երբ անհրաժեշտություն ներկայացվեց ինքնաբացարկը հիմնավորելու եւ ներկայացնելու դատարանին, Իգիթյանի պաշտպանի «հին սովորությունները» նորից ի հայտ եկան այն հայտարարությամբ, թե ինքը չի հասցնի ձեւակերպել ինքնաբացարկի միջնորդությունը, ուստիեւ նիստը հետաձգելու կարիք կա: Տուժողի ներկայացուցիչն ու մեղադրողը գտան, որ ինքնաբացարկի միջնորդությունը չպետք է քննարկվի, քանի որ դատարանն արդեն կայացրել է որոշումՙ առանց ամբաստանյալի դատական նիստը շարունակելու մասին, հատկապես, որ ամբաստանյալը, այսպես թե այնպես, պաշտպանի միջոցով ներկայացված է դատարանում:
Դատարանը տեղում որոշեց կես ժամ տրամադրել պաշտպանին` ինքնաբացարկի միջնորդությունը ձեւակերպելու եւ ներկայացնելու համար: Ամեն դեպքում, ոչ կես ժամ, բայց դատարանի ուշանալու պատճառով շատ ավելի ժամանակ անց դատական նիստը շարունակվեց, միջնորդությունը ներկայացվեց ու դատարանը հեռացավ խորհրդակցության: Դատարանի որոշմամբ ինքնաբացարկը չբավարարվեց, բայց քանի որ նիստը շարունակելու համար անհրաժեշտ էր մեղադրող կողմի ներկայությունը, կրկին ընդմիջում հայտարարվեց: Իսկ մեղադրողը գնացել էր այլ գործով իր մասնակցությունը ապահովելու:
Ու մինչեւ դատարանը սպասում էր մեղադրյալի կողմի ներկայացուցչի ներկայանալուն, դատարանից հեռացել էր Իգիթյանի պաշտպանը, այնպես որ հերթական անգամ դատական նիստի շարունակման նոր օր նշանակվեց` դեկտեմբերի 26-ը, ժամը 11-ին:
«Ազգի» ընթերցողները ծանոթ են Նաջարյան-Իգիթյան գործի մանրամասներին: Հիշեցնենք միայն, որ այս տարվա սեպտեմբերի 13-ին Կենտրոն-Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանը որոշել էր, որ տուժողին պետք է վերադարձվի հանցավոր ճանապարհով Իգիթյանի անվամբ գրանցված եւ կալանքի տակ գտնվող Երեւանի «Ձորագյուղ» ազգ. թաղամասի թիվ 4, 11, 12 հասցեում կիսակառույց շինությունները եւ հողատարածքները, ինչպես նաեւ Աբովյան 32 հասցեում գտնվող լաբորատորիանՙ անվավեր ճանաչելով Գրիգոր Իգիթյանի անվամբ տրված բոլոր փաստաթղթերը: Իսկ Աբովյան 32 հասցեում կալանավորված գույքը (բացի ֆոտոլաբորատորիայից) որոշվել էր թողնել արգելանքի տակ մինչեւ դատական կարգով դրա մասին դատական ակտի կայացումը:
Գրիգոր Իգիթյանը մեղավոր էր ճանաչվել վերը նշված երկու հոդվածներով եւ դատապարտվել 4 տարի 6 ամիս ժամկետով կալանքի, առանց անձնական գույքի բռնագրավման: Ու դատական նիստերի ձգձգումները կալանքի տակ չգտնվող Իգիթյանի համար բավականին հարմար տարբերակ են, քանի որ այդկերպ լրանում է նաեւ պատժաժամկետը:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ