«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#239, 2008-12-24 | #240, 2008-12-25 | #241, 2008-12-26


ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ

Դեկտեմբերի 23-ին Արցախի հիմնահարցի կարգավորման ներկա փուլի վերաբերյալ հայտարարություն էր տարածել «Ի պաշտպանություն ԼՂՀ» կազմկոմիտեն, որի նախագահը Արամ Գ. Սարգսյանն է:

Կազմկոմիտեի անդամ կազմակերպություններին մտահոգել է, որ ԼՂՀ ղեկավարությունը բանակցությունների ընթացքում սկզբունքների մշակմանն անմիջական մասնակցություն ցուցաբերելու հնարավորություն չունի: Նրանք նկատել են, որ առաջարկվող փոխզիջումները անորոշ ժամանակով հետաձգում են հիմնահարցի գլխավոր խնդիրը հանդիսացող օրինական ճանապարհով ձեռք բերված ԼՂՀ-ի կարգավիճակի ճանաչման հարցը:

«ՀՀ իշխանությունները պարտավոր են բանակցությունների շարունակման պարտադիր եւ առաջնային պայման համարել միջազգային իրավունքի տեսակետից անթերի կայացած ԼՂՀ անկախության անվերապահ ճանաչումն Ադրբեջանի կողմից: Այս հարցում համաձայնության գալու դեպքում բանակցությունները կշարունակվեն մյուս հիմնարար սկզբունքների` տարածքների, փախստականների, տեղահանվածների, կոմունիկացիաների, անվտանգության միջազգային երաշխիքների ապահովման եւ այլնի վերաբերյալ», նշված է հայտարարության մեջ:

Վերոնշյալ պահանջի չիրագործման դեպքում, ԼՂՀ կազմկոմիտեի անդամ կազմակերպությունները նշում են, որ «կողմերի գործողությունները, հաշվի առնելով նաեւ այլ տերությունների շահերի հնարավոր բախումը, անուղղակիորեն կարող են սադրել նոր, անհամեմատ ավելի կործանարար պատերազմի վերսկսում»:

Դիմելով ՀՀ իշխանություններին, հայտարարության հեղինակները նկատում են, որ «հակամարտության հետեւանքները հաղթահարելու եւ հարեւան ժողովրդի հետ բնականոն հարաբերություններ հաստատելու նրանց ցանկությունը չպետք է գերակայի Արցախի հիմնահարցի, թող որ հետաձգվող, բայց միմիայն արդար, միջազգային իրավունքի նորմերից բխող կարգավորման գործընթացի նկատմամբ»:

Ա. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4