«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#239, 2008-12-24 | #240, 2008-12-25 | #241, 2008-12-26


ՏԱՐԲԵՐ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ, ԻՍԿ «ԲՌՆՎՈՂՆԵՐԻ» ՇԱՐՔՈՒՄ ԽՈՇՈՐ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐՆ ԱՆԱՆՈՒՆ ԵՆ ...

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ

2008-ի 2-րդ կիսամյակում նախագահի աշխատակազմի վերահսկողության ծառայությունը ուսումնասիրություններ է անցկացրել մի շարք նախարարություններում եւ գերատեսչություններում:

Բնապահպանության նախարարության մասով ուսումնասիրվել են Երեւանի եւ նրա մերձակա տարածքի օգտագործվող 19 ոչ մետաղական հանքեր: Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ 19 հանքերից 15-ում հայտնաբերվել են մոտ 242 միլիոն դրամի խախտումներ: Հանքերը, որոնք պետության սեփականությունն են, մասնավոր սուբյեկտների է տրվել առանց հանձնման-ընդունման:

Նախագահի հանձնարարականով միջգերատեսչական հանձնաժողովը 36 սուբյեկտ է ուսումնասիրել, որտեղ 626 միլիոն դրամի խախտումներ են հայտնաբերվել:

Իսկ Սեւան ազգային պարկում 983 քաղաքացիների եւ իրավաբանական անձերի հետ կնքած վարձակալության պայմանագրերից 472-ը պետական գրանցում չեն ստացել: Չվճարած վարձավճարները կազմել են մոտ 30 միլիոն դրամ:

Հովհաննես Հովսեփյանը Սեւան ազգային պարկի խախտումներից մատնանշեց «Մայամի», «Լավանդա Սիթի» կենտրոնների անունները:

Երեւանի քաղաքապետարանի ուսումնասիրություններից նախագահի վերահսկողական ծառայությունը պարզել է ապօրինի շինարարության կանխման դեպքեր, ինչպես նաեւ ուղեւորատարների գործունեության մեջ խախտումներ: Հովհաննես Հովսեփյանը բերեց մի օրինակ, որ վերաբերում էր երթուղայինների գծատերերին: Այսպես, հայտնաբերվել է, որ 20 երթուղային տաքսու փոխարեն երթուղի են դուրս եկել 30 մեքենա:

Հանրապետությունում գրանցված մոտ 65 մասնավոր բուհերից 30-ում ստուգումներ են իրականացվել ու հայտնաբերվել են խայտառակ խախտումներ: Պարզվել է, որ մասնավոր բուհերը հարկային դաշտում չեն աշխատում, խախտվում են տարրական նորմերըՙ սկսած կրթություն իրականացնելու համար անհրաժեշտ տարածք ունենալու հանգամանքից: Ըստ Հովսեփյանի, օրինակՙ մասնավոր բուհեր կան, որ ուսուցում են իրականացնում երկու սենյակներում:

Նախագահի վերահսկողության ծառայության պետը հայտարարեց, որ ստուգումների արդյունքում բազմաթիվ մասնավոր բուհեր կզրկվեն արտոնագրից, իսկ շատերին էլ դեղին քարտ ցույց կտրվի, որպեսզի շտկեն խախտումները:

Այսպիսով, նախագահի վերահսկողության ծառայությունը, ըստ ղեկավարի, խախտումներ է հայտնաբերել շահումով խաղերի ու խաղատների գործունեության մեջ:

Հովհաննես Հովսեփյանը տեղեկացրեց, որ վերահսկողական ծառայությունը 306 մլն. դրամի ակտ է գրել «Էտոս» խաղատան վրա:

«250 տոկոսով աճել են հանրապետության նախագահին ուղղված նամակները: Վերջին 7 ամսում նախագահին 10 հազար դիմում է ուղղվել», հայտարարեց հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի վերահսկողության ծառայության ղեկավարը: Քաղաքացիների բողոքների հիմնական մասն ուղղված է քաղաքապետարանին (դիմումների 24 տոկոսը) եւ դատաիրավական համակարգին (17 տոկոս):

Այն հարցին, թե լինո՞ւմ են դեպքեր, երբ փորձում են ճնշում գործադրել իրենց վրա, Հ. Հովսեփյանը հումորով պատասխանեց. «Ի՞նչ ճնշում կարող են գործադրել նախագահի վերահսկողական ծառայության վրա: Ցանկացած դիմողի փորձում ենք օգնել», ասաց նա ու հավելեց, որ շարքային քաղաքացուն ավելի հեշտ են օգնում, քան ծանոթներին` վստահեցնելով, որ իրենց ուղղված բոլոր դիմում-բողոքների հետեւից իրենք գնում են:

Խախտումների հետ կապված մեկ այլ հարցի, թե որեւէ գերատեսչության ղեկավար, վարչության պետ կամ ամենախոշոր պաշտոնյան ո՞վ է եղել, որ ուսումնասիրությունների արդյունքում հեռացվել է աշխատանքից, Հովսեփյանը փորձեց այսպես պատասխանել. «Կարող եմ ասել, որ կադաստրից են հեռացվել պետեր, քաղաքապետարանից առաջին դեմքեր` երթուղային տրանսպորտի վարչության պետը, կրթության գիտության համակարգից, դպրոցների տնօրեններ: Դրանց թիվը շատ է»:

Ի դեպ, Հովսեփյանը այդպես էլ չնշեց «շատերից» որեւէ մեկի անունը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4