Երեկ տեղի ունեցած կառավարության նիստի առաջին մասը վարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նա նշեց, որ Սահմանադրության 86-րդ հոդվածի համաձայն, ՀՀ նախագահը կարող է արտաքին քաղաքականության, պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերով կառավարության նիստ հրավիրել եւ վարել եւ, որ ինքն ընթացիկ տարում առաջին անգամ է օգտվում այդ իրավունքից:
Նիստում հաստատվեցին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ներկայացրած «ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի, ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի եւ ՀՀ ՊՆ քննչական ծառայության կանոնադրություններն ու կառուցվածքները, ինչպես նաեւ «ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ, ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտ եւ ՀՀ ՊՆ քննչական ծառայություն ստեղծելու մասին» որոշումները: Անդրադառնալով այդ որոշումներին, Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ այսպիսով, փաստորեն, բարեփոխումները պաշտպանության բնագավառում մոտենում են ավարտին եւ տարանջատվում են պաշտպանության նախարարության եւ գլխավոր շտաբի գործառնությունները: «Այս ճանապարհը մենք անցնում ենք արդեն երեք ու կես տարի: Այդ տարիների ընթացքում հաջողվել է որոշակի նախապատրաստական աշխատանք կատարել, եւ կարծում եմ, որ այս որոշումներով մեր պետության պաշտպանողականությունն ավելի կամրապնդվի», համոզմունք հայտնեց Սերժ Սարգսյանը:
Ա. Մ.