«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#239, 2008-12-24 | #240, 2008-12-25 | #241, 2008-12-26


ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸՙ ՀԱՎԱՆԱԲԱՐ 2011-Ի ՍԿԶԲԻՆ

Հայաստանում նոր ատոմակայանի կառուցմանն առնչվող երկու կարեւոր փաստաթղթեր երեկ ընդունվեցին կառավարությունում: Դրանց մանրամասները լրագրողներին ներկայացրեց էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը: Դրանցից առաջինը Հայաստանում նոր ատոմային բլոկի կառուցման մասին օրենքի նախագիծն էր, որն Ազգային Ժողովի կողմից ընդունվելուց հետո, հնարավորություն է տալիս օրենքով սկսել նոր ատոմակայանի կառուցումը: Ըստ փոխնախարարի, օրենքով սահմանվեց, որ կարող ենք սկսել կառուցման գործընթացը նույն հարթակում, որտեղ ունենք գործող ատոմային էներգաբլոկ: Արեգ Գալստյանը հիշեցրեց, որ նոր ատոմակայանի տեխնիկատնտեսական հիմնավորումն այս տարի մշակվել է, որին աջակցել են ՄԱԳԱՏԷ-ի եւ ամերիկյան հայտնի մասնագետներ: Այժմ էլ երկրաբանական եւ երկրաֆիզիկական լրացուցիչ ուսումնասիրություններ պետք է կատարվեն:

Երկրորդ փաստաթղթով կառավարությունը հավանություն տվեց նոր ատոմակայանի կառուցման ծրագրի իրականացման համար կառավարող ընկերության մրցութային փաթեթին: Դա այն ընկերությունն է, որը կօգնի Հայաստանին նախագիծը կազմելու, ներդրումների ներգրավման պայմանների սահմանման գործընթացներում, կպատվիրի սարքավորումները, կկառավարի շինարարության ընթացքը մինչ ատոմակայանի գործարկումը: Կառավարության որոշմամբ, 15-օրյա ժամկետում պաշտոնական հայտարարություն կարվի միջազգային մրցույթի անցկացման մասին:

Ե՞րբ կսկսվի նոր ԱԷԿ-ի կառուցումը հարցին Արեգ Գալստյանը պատասխանեց, որ, մոտավոր գնահատականներով, դա տեղի կունենա 2011-ի սկզբին: Մինչ այդ եկող տարվա ընթացքում կունենանք կառավարող ընկերությունը, իսկ 2010-ի կեսերին պայմանագրեր կկնքվեն ներդնողների հետ: Նոր ատոմակայանի կառուցման համար անհրաժեշտ կլինի մոտ 5 մլրդ դոլար, որի մեջ ներառված են նաեւ ներգրավվող միջոցների հետ վերադարձման տոկոսները:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4