Ընտանեկան ծառ ստեղծելու միտքը երկար ժամանակ հանգիստ չի տվել մասնագիտությամբ քիմիկոս, ինժեներ Գրիգորի Պետրոսյանին, պրպտումները նրան թվացել են անվերջանալի, սակայն միանգամայն անսպասելի մի գիշեր երեւակայության մեջ գծագրվել է ճիշտ այն պատկերը, որ փափագում էր ստանալ ամբողջ սրտով: Այնպես է ներշնչվում իր ստեղծած ընտանեկան ծառով, որ ամբողջ ժամանակ մտածում է միայն որեւէ բարեգործի օգնությամբ այն մասսայական դարձնելու եւ ամեն մի հայ ընտանիքի նվիրելու մասին: Պետրոսյանն ընտանեկան ծառը համարում է սիրո եւ հավատարմության խորհրդանիշ, համոզված է, որ այն երջանկաբեր է, ամուր է պահում օջախն ու նոր ճյուղեր պարգեւում: Ահա թե ինչու այժմ մտածում է միջոց գտնել ընտանեկան ծառը նորապսակ զույգերին հենց ամուսնության օրը նվիրելու: Փնտրում է իր պես ռոմանտիկ մի բարեգործի, որի համար երազն իրականություն դարձնելուց ավելի գրավիչ բան չկա այս աշխարհում:
«Երազանքս է, որ ամեն մի հայ ընտանեկան ծառը ցանկանա իր տանն ունենալ: Սկզբում ծառն ուներ 6 պնակ, այսինքնՙ կարելի էր տեղադրել միայն 6 լուսանկար, ինչը սահմանափակ թվաց ինձ: Պնակները դարձրեցի երկկողմ, որպեսզի բազմանդամ ընտանիքների բոլոր անդամները` տատ ու պապից մինչեւ թոռներ, ունենան իրենց լուսանկարները», ասում է Պետրոսյանը:
Ընտանեկան ծառի հեղինակային իրավունքն իրենն է, վկայականները ստացել է 2004 թվականին: Հենց այդ ժամանակ էլ մտածել է ստեղծել ընտանեկան այնպիսի ծառ, որն ընդհանուր լինի բոլոր ազգերի համար, չճանաչի պետություն եւ սահման: «Ծնվեց մտահղացում բոլոր ժողովուրդներին մի ընդհանուր արմատով ներկայացնելու եւ ցույց տալու, որ բոլորս նույն արմատից ենքՙ Արարատ, Նոյ, տապան, ընտանիք, երեխաներ, կենդանիներ: Դրանից զատ ստեղծել եմ տարբեր արմատներ` ռուսական եւ հայկական եկեղեցիների պատկերներով, մեկ այլ արմատի վրա պատկերել եմ Մայր աթոռ Սբ Էջմիածինը, Արարատը, Մատենադարանը, Խոր վիրապը, Վարդան Մամիկոնյանին: Պնակների թիվը նույնպես տարբեր է` 3, 5, 7, երկկողմ լուսանկարների համար»:
Ընտանեկան ծառի վրա գրություններ չկան, բայց հեղինակն ու նրա համախոհները չեն մոռացել ասույթներ ստեղծելու մասին: Տուփի վրա գրված է` «Հիշի՛ր քո արմատները, եւ սերունդները քեզ չեն մոռանա»: «Զարդարեք ձեր օջախն ընտանիքի ծառով եւ ձեր առջեւ կլինեն ձեզ հարազատ եւ հաճելի մարդկանց պատկերները»: «Ճանաչեք ձեր ծագումը եւ փոխանցեք ձեր սերունդներին»:
Գրիգորի Պետրոսյանը հիմա վհատված է, կորցրել է լավատեսությունը, որովհետեւ ընտանիքը սրբություն համարող հայաստանցիներն անտարբեր են իր ստեղծած ընտանեկան ծառի հանդեպ: «Հոգնել եմ դռներ ծեծելուց, ում ասես չեմ դիմել, սակայն ոչ մի արձագանք չեմ ստացել: Երեւի կզարմանաք, եթե ասեմ, որ ընտանեկան ծառը Ռուսաստանում ցուցադրելու ժամանակ ինչքան ջերմ վերաբերմունք եմ զգացել, չնայած մեզ համարում ենք ռուսներից ավելի ընտանեասեր», ասում է Պետրոսյանը, որի հուսահատության դռները դեռեւս ամուր չեն փակվել: Ո՞վ գիտի, գուցե հենց այսօր կգտնվի ընտանեկան ծառը թանկագին նվեր դարձնելու երազանքով ապրող մեկը:
Ռ. Պ.