«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#239, 2008-12-24 | #240, 2008-12-25 | #241, 2008-12-26


1,5 ՄԼՐԴ ԴՐԱՄՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԱԲԱՇԽՎԵՑ ՇՈՒԿԱՅՈՒՄ

«Արդշինինվեստբանկը» մտադիր է 2009-ին նույնպես պարտատոմսեր թողարկել

Այս տարվա նոյեմբերի 10-ին «Արդշինինվեստբանկը» թողարկեց արժեկտրոնային պարտատոմսեր, որոնք մի շարք առումներով աննախադեպ էին: Նախ այդ թողարկումն առաջինն էր իր ծավալովՙ ոչ մի կազմակերպություն 1,5 մլրդ դրամի պարտատոմսեր չի թողարկել: Այնուհետեւ, ի տարբերություն այլ թողարկողների, «Արդշինինվեստբանկի» պարտատոմսերում ֆիզիկական անձանց ներդրումները համարվում են բանկային ավանդ եւ երաշխավորվում են ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից, բնականաբարՙ օրենքով նախատեսված չափով:

Ի տարբերություն բանկային ավանդների, պարտատոմսերը բանկը կարող է հետգնել բանկի կողմից սահմանված գներով: «Այսինքն, դրանք կարող են դիտվել ինչպես եկամտի աղբյուր, այնպես էլ իրացվելիության աղբյուր: Մենք առաջինն ենք շուկայում, որ այս պայմաններն ենք առաջարկել», խոսելով պարտատոմսերի թողարկման եւ դրանց տեղաբաշխման մասին, նշեց «Արդշինինվեստբանկի» բանկային գործառնությունների եւ դրամական հոսքերի կառավարման դեպարտամենտի տնօրեն, վարչության անդամ Կարեն Ջանինյանը:

Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ «Արդշինինվեստբանկի» թողարկած 1,5 մլրդ դրամով արժեկտրոնային պարտատոմսերի շրջանառության ժամկետը 12 ամիս է, թողարկման ընդհանուր քանակըՙ 150 հազար հատ, տարեկան եկամտաբերությունըՙ 10 տոկոս, 1 պարտատոմսի անվանական արժեքըՙ 10 հազար դրամ: «Արդշինինվեստբանկի» բանկային գործառնությունների եւ դրամական հոսքերի կառավարման դեպարտամենտի տնօրենը տեղեկացրեց, որ թողարկված ողջ ծավալը հաջողությամբ տեղաբաշխվեց ընդամենը 25 օրումՙ բաժանորդագրությունը սկսվեց նոյեմբերի 10-ին եւ ավարտվեց դեկտեմբերի 5-ին: Պարտատոմսերը ձեռք բերեցին ե՛ւ ֆիզիկական, ե՛ւ իրավաբանական անձինք: Ձեռք բերողներն ընդհանուր առմամբ 152-ն էին: 121-ը ֆիզիկական անձինք էին, 31-ըՙ իրավաբանական: Պարտատոմսերը տեղաբաշխվեցին ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում:

Ինչպես հայտնեց Կարեն Ջանինյանը, «Արդշինինվեստբանկի» արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում ստացված 1,5 մլրդ դրամին բանկն ավելացնելու է եւս 1,5 մլրդ դրամ եւ այդ 3 մլրդ դրամն ուղղելու է փոքր եւ միջին բիզնեսի վարկավորմանը: «Պլանավորում ենք այդ վարկերը տրամադրել սկսած 13 տոկոսից, որը շուկայում բավականին ցածր տոկոս է», նշեց բանկի վարչության անդամը:

Մեր հարցին, թե ինչպիսի՞ փոփոխություններ է կրել «Արդշինինվեստբանկի» վարկավորման պայմանները, նկատի ունենալով միջազգային ֆինանսական ճգնաժամի հետեւանքով առաջացող ռիսկերը, Կարեն Ջանինյանը պատասխանեց, որ ինչպես եւ մյուս բոլոր հայկական բանկերը, «Արդշինինվեստբանկն» էլ է վերանայել վարկավորման պայմանները, որպեսզի վարկերն ավելի ապահովված եւ քիչ ռիսկային լինեն: Նրա հավաստմամբ, բանկի վարկային պորտֆելը տատանվում է 75-78 մլրդ դրամի սահմաններում: Շարունակվում են վարկավորել տնտեսության բոլոր հատվածները, տրամադրվում են սպառողական վարկերը:

Կարեն Ջանինյանը հայտնեց նաեւ, որ «Արդշինինվեստբանկը» դարձել է Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ եւ դեկտեմբերի 19-ից բանկի պարտատոմսերը կարող են ազատ շրջանառվել բորսայի համապատասխան հարթակում: Բորսայում բանկն իրականացնում է նաեւ այլ գործարքներՙ արժեթղթերի, արտարժույթի առուվաճառք, որոնց ծավալներով «Արդշինինվեստբանկն» առաջին եռյակում է:

«Մտադիր ենք 2009-ին, առաջին եռամսյակն ամփոփելուց հետո, նոր թողարկում անելՙ նոր պայմաններով: Ժամկետայնությունը, տոկոսադրույքը եւ ծավալը կախված կլինի շուկայի ուսումնասիրության արդյունքներից», ապագայի համար բանկի ծրագրերի մասին մանրամասնեց մեր զրուցակիցը: Հնարավոր է, որ 2009 թվականին բանկի կողմից թողարկվեն ավանդային սերտիֆիկատներ եւ ֆոնդային շուկայի այլ գործիքներ: Ջանինյանի խոսքերով, «Արդշինինվեստբանկն» իր մասնակցությամբ կաշխատի նպաստել Հայաստանում արժեթղթերի երկրորդային շուկայի զարգացմանը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4