Ստամբուլի Թրքահայ ուսուցչաց հիմնարկի հրատարակությամբ լույս է տեսել Եղիա Տեմիրճիպաշյանի ժողովածուն, 1899-ին «Մասիս» հանդեսում Տեմիրճիպաշյանի տպագրած բանաստեղծությունների «Տաղարան» երկրորդ շարքի համանունՙ «Հրայրք մութին» խորագրով: Գրքի կազմող-խմբագիրներն են Սիրանուշ Դվոյանը եւ Սեւան Տեյիրմենճյանը: Հատորի հրատարակության մեկենասը Մաքրուհի Հիսարլըն է: Գիրքը ձոնված է նրա հանգուցյալ ծնողների հիշատակին: Գրքի բարձրորակ տպագրությունը ապահովված է թղթի ընտիր որակով, կազմի սեւաթույրինՙ արծաթավուն տառերով, չնայած ծավալին (325 էջ), գրքի թեթեւությամբ. տպագրությունը «Մարմարա» օրաթերթինն է:
Առ այսօր Եղիա Տեմիրճիպաշյանըՙ չնայած իր գրական մեծաքանակ ժառանգությանը, ուներ ընդամենը երկու հրատարակություն. առաջինը տպագրված Փարիզումՙ 1955-ին («Արձակ էջեր, նամակներ, քերթուածներ», մյուսըՙ Երեւանում, 1986-ինՙ բանաստեղծությունների, արձակ էջերի, նամակների ընտրանին («Երկեր», «Սովետական գրող» հրատ.):
Այս հատորը արեւմտահայ գրող, հրապարակախոս, քննադատ, փիլիսոփա Տեմիրճիպաշյանի ստեղծագործությունների ամբողջական հրատարակությունն իրականացնելու պոլսահայ մտավորականների անդրանիկ քայլն է: Հատորն ընդգրկող Եղիա Տեմիրճիպաշյանի չափածո գործերի մի մասը հրապարակվել է գրողի կենդանության օրոք, մի որոշ մասՙ հետմահու:
ժամանակի մամուլում սփռված գրողի գործերի հավաքչությունը կատարվել է հնարավորությունների սահմաններում, իրենց հասանելի մամուլի ոչ ամբողջական հավաքածուներով, որոնք կազմում են հատորի առաջին մասը, երկրորդ բաժնում զետեղված է Տեմիրճիպաշյանի կազմած, այժմ Չարենցի անվ. գրականության եւ արվեստի թանգարանում պահվող բանաստեղծությունների տետրըՙ աննշան սրբագրումներով, եւ ինչպես կարծում են գրքի հրատարակիչները, հիմնականումՙ անտիպ: Ժողովածուն գաղափարական կամ գեղագիտական համակարգված կառույցի չի ենթարկվել, ինչպես խմբագիրներն են գրում, Եղիայի պարագայում դա «հարկադրական ջանք է եւ ոչ ավելին», որովհետեւ «Եղիայի տարուբերուող էութեան մէջ կայ շարժում մը, երբ ան տիեզերքը հասկնալու համար անվերջօրէն կը փորձէ ոչ այնքան մասերու բաժնելով տեսնել զայն, ինչպէս է գիտութեան պարագային, այլ այդ տիեզերքը է որպէս դէպի իրեն եկող ալիք մը, որ պահէ մը վերջ կը դառնայ այլեւս անընդգրկելի ու անսահմանելի իր ուժգնութեան մէջՙ ցրուելով, հեռանալով, խուսափելով հայեացքի մը տիրապետումէն»:
Իրապես անպարփակելի է Եղիա Տեմիրճիպաշյանի հոգեկան տարուբերումների, դեգերումների, ընդվզումների ստեղծագործական տարերքը: Տիեզերքի գաղտնարանների այս մեծ որոնողը երկրածին երեւույթներին օտար հոգի էր, մտքի այլընթաց սեւեռումներով: Իր ներքին աշխարհի անհամակերպ բնակչին խորթ էին արտաքին միջավայրը, երկրային իրողությունները: Զգայուն էություն էր Տեմիրճիպաշյանը, բանաստեղծական խառնվածքով, որոնողի փիլիսոփայական աշխարհայացքով, բարձրագույն իդեալների ձգտումներով:
Այդպես էլ ապրեց իր կյանքըՙ դժվարին ընթացքով ու եղերական վախճանով:
Ծնվել եւ ուսում է առել Պոլսին մոտ Խասգյուղի Ներսեսյան վարժարանում, Մինաս Չերազի, Ռեթեոս Պերպերյանի հետ սովորել է նույն դասարանում: Ավելի ուշ մեկնել է Մարսել ուսանելու, սակայն զբաղվել է հրատարակչական գործով, լույս է ընծայել «Le Moniteur Litteraire et Financier de Marseille» շաբաթաթերթը: Այդ շրջանում խորապես ուսումնասիրել է ֆրանսիական գրականություն, ժամանակի փիլիսոփայական ուղղությունները, կապեր է հաստատել ֆրանսիացի մտավորականների, Վիկտոր Հյուգոյի եւ ուրիշների հետ: Հայրենիք վերադառնալովՙ աշխատակցել է բազմաթիվ պարբերականների, քննադատական հրապարակումներով, բանաստեղծություններով հանդես է եկել մամուլում, հրատարակել է գրքույկներ: Իր խմբագրությամբ տարբեր տարիների լույս են տեսել «Գրական եւ իմաստասիրական շարժում», «Երկրագունտ», «Տնտես», «Դար» հանդեսները, որտեղ նա ե՛ւ հրատարակիչ էր, ե՛ւ խմբագիր ու սրբագրիչ, բեռնակիր, ցրիչ, մատակարար: Կազմել եւ հրատարակել է նաեւ ֆրանսերեն-հայերեն բառարան: Լուսավոր կերպար է եղել նաեւ մանկավարժության մեջ, դասավանդել է փիլիսոփայություն, հին ու նոր գրականություն, մանկավարժություն, էսթետիկա, հոգեբանություն: Ժամանակակիցները գրում են, որ հատկապես հին հնդկական գրականության դասախոսությունները անցել են փայլուն, ավարտվել ծափահարություններով:
Հետաքրքրական է նաեւ այն փաստը, որ անկախ իր կամքից, թաղի բնակիչները նրան ընտրել են թաղային եւ երեսփոխան: Այսպես բազմաշնորհ ու բազմազբաղ էր Եղիա Տեմիրճիպաշյանը, սակայն ապրեց զրկանքների ու հոգեւոր տվայտանքների մի ամբողջ կյանք: Երիտասարդ տարիքում սիրո հուսահատական մի պահի ինքնասպանության փորձ է արելՙ ծովը նետվելով: Հոր, եղբոր, ապա մոր կորուստը բանաստեղծական նրա զգայուն հոգեվիճակը առավել է սրել, մելամաղձոտ դարձրելՙ դատապարտելով մենակեցության: Նամակագրային ռոմանտիկ մի սիրավեպ է ունեցել Ներսեսյան վարժարանի տնօրենուհի Սրբուհի Սեղբոսյանի հետ: Այդ նամակները իր մահից երկու տարի անց հրատարակել է Հրանտ Նազարյանցը: Նրա կյանքի վերջին տարիներին միակ սփոփողը, նեցուկը, իր խոսքերովՙ «պահապան հրեշտակը», հունգարուհի մի կին էրՙ նրբազգաց ու հոգատար Էլեն Նիսընը, որին նա գտավ ձմռան մի օր, Բերա թաղամասում, երբ վարձու տուն էր փնտրում: Նրա բացակայությամբ, 1908 թվականի մի օր հիվանդությունից հյուծված բանաստեղծը ինքնասպան եղավ:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ