«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#239, 2008-12-24 | #240, 2008-12-25 | #241, 2008-12-26


ՊԱՏԿԵՐՆԵՐ ԱՌՕՐՅԱ ՄԵՐ ԿՅԱՆՔԻՑ

Ամեն Նոր տարվա շեմին մի նոր հույս ծնվում է մեջներս, կամ մեռնում, կամ ապրելու իր իրավունքն է պահանջում: Հեռո՜ւ, ինչ-որ համաստեղություններից աստղերը բաներ են հուշում` կես լուրջ, կես կատակ տրվում ենք աստղագուշակներին, մեկ հուսահատվում, մեկ մեզ խաբում, բայց «որոնածներս բնավ չենք գտնում», ու դառնում ենք զգուշավոր, ընկերոջը չենք հավատում, հարազատին չենք հավատում, օտարանում, պարփակվում ենք մեր մեջ: Բայց վստահելի հենարան գտնելու հույսը, մեկ է, շարունակում ենք փայփայել: «Վաղվա օրը քոնը չէ», ասում է բանաստեղծը, ու մենք հասկանում ենք, որ այդ վաղվա օրը, որ մերը չէ, այդ անորոշը մեր տագնապներն ավելի է տագնապալի դարձնում: Փիլիսոփայական ու բանաստեղծական մեր մտածումները շատ արագ կորցնում են իրենց արժեքը կամ հմայքը, երբ կյանքը մեր առաջ ցցում է իր դառը մերկությունը:

«Արհեստն էլ ոսկի չէ՞»

Ցուրտն ու տնտեսական ճգնաժամը ճանկերը սրած մարդ են որոնում. մութը թանձրացել է, փողոցներում մարդ-մարդասան չի երեւում: Երեկոյան իննից հետո ձմռանը Երեւանում կյանքն ասես կանգնած լինի: Փողոցի մեկ-երկու լապտեր թույլ առկայծում են. օրն ավարտվում է, կեսգիշերին մոտ է, որտեղից-որտեղ մի տղա ցցվում է դիմացս` 500 դրամ է, առեք էլի-ստվարաթղթին ջրաներկով կամ գուաշով արած ինչ-որ նկար է: Այս զբաղմունքի տղաներին սրճարանների շուրջը կամ մարդաշատ վայրերում, այգիներում տաք եղանակին հաճախ էինք հանդիպում, բայց ցուրտ-ձմեռ օրով, կեսգիշերին այս երեխան, մեն-մենակ ի՞նչ գործ ունի այստեղ:

«Բարեկամության» փողոցին մի կրպակ կար, այդ փոքրիկ կրպակի պատուհանը 5 րոպե անգամ դադար չէր ունենում. այս հատվածի լավագույն արհեստավորն էր կրպակում աշխատողը. արհեստագործական այդ կրպակի փոխարեն հիմա ավելի ընդարձակ մի բան է` սննդի սպասարկմանը ծառայող: Միջին տարիքի արհեստավոր էր կրպակի նախկին աշխատողը` երեք երեխայի հայր, կրպակը ստիպված է վաճառել, մեկնում է արտասահման, արտագնա աշխատանքի: Ժողովրդական ասացվածքն ասում է, թե լավ արհեստավորը մինչեւ կեսօր քաղցած կմնա, բայց փոխվել են կյանքի պայմանները` լավ ու վատ չեն հարցնում: Արհեստավորներից շատերը մտահոգ են. «Եթե հաշվիչ դրամարկղեր դնեն, մենք անելիք չենք ունենա»:

«Մեռելը կնանիք են վերցնում» ...

Կյանքի սոցիալական աստիճանները ճիշտ է, hարաբերական են, բայց միեւնույն է` տնտեսական որեւէ համակարգում միշտ էլ բնակչության ստվար զանգվածները գտնվում են սոցիալական, իսկ մեր տիպի երկրներում` ընդգծված անհավասար պայմաններում:

Այսօր մայրաքաղաքի բնակչության թերեւս մեծ մասի աշխատանքային զբաղմունքն առեւտուրն է, հատկապես, ինչպես ընդունված է ասել, մանր ու միջին բիզնեսը: Երեւանից դուրս ապրող մեկ միլիոնից ավելի հայեր մեր ընդհանուր տեսադաշտից հանիրավի դուրս մնացած են. որոշ ծրագրեր փորձում են կյանքի կոչվել գյուղական շրջաններում, բայց միեւնույն է` մեր անդրադարձները այնքան են հարեւանցի, ասես այդ մարդկանց կյանքը մեզ բոլորովին չի վերաբերում: Իրենք իրենց յուղի մեջ տապակված ապրում են` «օրեր են, կմթնեն, անց կկենան» ճարահատի հոգեբանությամբ:

Քաղաքային կյանքի ամենատխուր պատկերներից մեկը երեւանյան բացօթյա շուկաներն են: Առեւտուր անողների մեծ մասը կանայք են, ցրտից կապտած մատներով, մի մասը նախկին գյուղաբնակներ, մի մասը տուն-տեղ թողել, տեղափոխվել են Երեւան` վարձով են ապրում: Մասնագիտություն ու արհեստ չունեցող այս մարդկանց ապրուստի միջոցն առեւտուրն է ապահովում: Հացառատցի այս կնոջը ամեն օր տեսնում եմ: Ամուսինը մահացել է, ինքը տեղափոխվել է Երեւան, ամսական 30.000 դրամ տան վարձ է տալիս: Տղան արտագնա աշխատանքի է մեկնել, տանը մնացել են ինքը, աղջիկն ու ծեր սկեսուրը: Տան միակ կերակրողն ինքն է, «Առավոտվա 8-ից մինչեւ երեկոյան 8-ը ոտքի վրա եմ, վաստակածս օրվա հացի փող է ընդամենը»: Կողքի երիտասարդ կինը` Գեղարքունիքից Երեւան հարս է եկել, նույն մարզից են. «Հողը չի կերակրում գյուղացուն: Կարտոշկան ցանում ենք, կամ ջուր չի լինում, կամ կարկուտն է խփում, պարարտանյութը, սերմացուն էլ ստանում, իրար մեջ են բաժանում, ո՞վ է ժողովրդի մասին մտածողը» (բարեկամս կասեր` իրենց իրավունքները չգիտեն, դրա համար էլ այսպես խեղճ են): «Բոլորի դռները փակ են, տղամարդիկ թողել արտագնա աշխատանքի են գնացել, գյուղում մնացել են ծերերը, երեխաներն ու կանայք: Իսկ մի մարդ Գեղարքունիքից այնպիսի բան է ասում, որ երկար ժամանակ մտքիցս դուրս չէր գալիս. «Քույրիկ ջան, տղամարդ չի մնացել մեր գյուղում, մեռելը կնանիք են վերցնում»:

Շուկայի կանանց մի մասը օրվա ապրուստը հայթայթում է ապրանքի մի տեսակով` ասենք միայն կիտրոն, կանաչի, համեմունքներ, կամ մասուր վաճառելով: «Ամբողջ օրն էս բետոնի վրա ենք, առողջություն չի մնացել, մենք մեզանով ենք ապրում չէ՞, իրենցից աշխատանք ուզում ե՞նք, չէ՛: Օրվա էս գլխից տեղից լարում, էն գլխից լարում են: Մենք էլ մարդ ենք, ուզում ենք ապրել: Առածս ինչ է, առավոտից 1000 դրամի առեւտուր չեմ արել, ինչ տամ»,- (նկատի ունի հարկահավաքին), ձայնի ավելի համարձակ տոնով ասում է մանրավաճառ կինը:

Որոշ կրպակներում առեւտուրն ավելի աշխույժ է, հաճախորդին միշտ պատրաստակամորեն վերաբերվող երիտասարդը հարկային դաշտի անհավասար մոտեցումներից է դժգոհում: «Մանր առեւտուրը շատ են ճնշում, 8 քմ տարածքի վրա աշխատողը ի վիճակի չէ 3,5 % հարկ մուծելու: Տարբերություն չի դրվում վարձակալած կրպակի ու սեփականաշնորհածի միջեւ: Կրպակի տարածքի, կենսաթոշակի, դրսի հատվածի համար վճարումները շատ-շատ են», ասում է զրուցակիցս, եւ վստահաբար հավատացնում, որ մուծումները պետբյուջե չեն մտնում: Հարցնում եմ` ի՞նչ գիտես: «Գիտեմ, որ ասում եմ»: «Հիմա շատ լարված ենք աշխատում, առաջխաղացում չկա: Ճիշտ չի փոքր կրպակներում ՀԴՄ-ների տեղադրումը (պահանջում են իրենց տեղափոխել հաստատագրված հարկային դաշտ), դա մեծ խանութների, սուպերմարկետների համար արդարացված է, բայց մեր պարագայում` ոչ: Եթե ընդունված հարկային դաշտով աշխատես, պիտի գործդ թողնես, փախչես, մանր բիզնեսի մարդկանց ուրիշ դաշտ պիտի հրավիրել: Պետական հիմնարկներից, ասենք սննդի վերահսկողության ներկայացուցիչը գալիս է թե` «ախպեր, քեզ ընկերական պիտի տուգանեմ»: Ասում եմ` ինչո՞ւ, ի՞նչը դուրդ չի գալիս: Գեյզե՞ր չունեմ, դրա համար 100.000 տուգա՞նք ես գրում: Բայց կարելի՞ է չէ, կտրուկ միջոցների փոխարեն մի քանի օր ժամանակ տալ». պետական աջակցություն են ակնկալում այս մարդիկ, ավելի մեղմ հարկային քաղաքականություն ու սպասում հունվարից հետո օրենքում կատարվող փոփոխություններին. «Թող թույլ տան մեր փոքր բիզնեսն աշխատացնել: Առավոտվա 8-ից մինչեւ երեկոյան 9-ը աշխատում եմ, առանց հանգստի օրերի, ընտանիքի միակ աշխատողն եմ, հայր, մայր, կին, երկու փոքր երեխա, ուսանող քույր ունեմ: Վերջին շրջանում ավելի է դժվարացել, մտածում ենք` ի՞նչ ճանապարհով դուրս գանք երկրից, գնանք ուրիշ տեղ ապրենք»:

Ավտոբուսի դռնից կախվածները

Մեր այս նյութը մարդկանց հոգս ու ցավի, կյանքի դժվարությունների մասին է, իսկ այդ դժվարություններն ավելի է սրում քաղաքային տրանսպորտը: Արդեն 21 տարի Քանաքեռում ապրող կինը ասում է, որ տրանսպորտի նման վիճակ 92-93-ի ծանր տարիներին է եղել: Աշխատում է «Բարեկամություն» մետրոյի մերձակա խանութներից մեկում, գործից գոհ է, բայց ամեն օր աշխատանքից տունդարձը մեծ գլխացավանք է: Երեկոյան ուշ ժամերին Քանաքեռ բարձրացող երթուղային տաքսի չկա, կամ շատ հազվադեպ է պատահում, իսկ նույն ժամերին, Զեյթուն գնացողներ կան: Կարծում է` գծի տերերի անփութությունն է պատճառը, չվերահսկելը: Քանաքեռի մեկ այլ բնակիչ դժգոհում է «Երիտասարդական» մետրո գնացող երթուղային գծի սակավությունից: Ուշ ժամերին Քանաքեռի ուղեւորները ճարահատ «ավանդույթ» են ձեւավորել, կանգառում հավաքվածները միասին գումար են հավաքում, տաքսի վերցնում, վարորդներն էլ, օգտվելով այդ հանգամանքից, գներն ավելի են բարձրացնում: Բայց «ամեն օր տաքսիով աշխատանքից տուն գնա՞լ կլինի, ի՞նչ ենք ստանում որ»:

Թե ի՞նչ մոտեցումով են երթուղագծերը բաշխվում եւ ինչպե՞ս է քաղաքային կյանքի կարեւորագույն խնդիրներից մեկի` տրանսպորտային վիճակը համակարգվում, ամեն շարքային քաղաքացի լավ գիտի: Երթուղագծերը տերեր ունեն, բնակիչներն էլ կախված են նրանց քմահաճույքից: Բայց անխղճություն է ստվար բնակեցված մի շրջան սպասարկել ընդամենը մեկ երթուղագծով: Դրա տխուր հետեւանքների կրողներից են Խարբերդի բնակիչները: «Ռոսիա» կինոթատրոնից 105 համարի երթուղային տաքսին հասնում էր մինչեւ Խարբերդի խիտ բնակեցված ամառանոցները, օրվա բոլոր ժամերին խիստ ծանրաբեռնված: Հետդարձին Խարբերդ գյուղի բնակիչները ոչ նստելու, ոչ կանգնելու տեղ չէին ունենում: Թիվ 33 ավտոբուսի երթուղագիծ մտնելը խարբերդցիների համար ոնց որ անապատում` օազիս: Սակայն նրանց ուրախությունը երկար չտեւեց` թիվ 105-ը այս տարի սեպտեմբերին հանվեց ու երթուղագիծը մենաշնորհվեց 33-ին, որին մոտենալն արդեն բախտավոություն է, եւ մարդկանց մի մասը ավտոբուսի դռներից կախված գնալուց խուսափելով, տրանսպորտի երկու միջոց էր փոխում, նույնը` վերադարձին, փաստորեն կրկնապատիկ վճարելով: Երթուղագծի տիրոջ համար` շահաբեր, բնակիչների համար` հուսահատական: Նրանց օրը շարունակվելու է բացվել այդպես` ավտոբուսի դռներից կախվածի մռայլ հոգեբանությամբ:

Ու այդպես ամեն օր:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4